«Սա ունենալու է ուղիղ սոցիալական ազդեցություն». տնտեսագետ

Ֆինանսների նախարարության նոր նախաձեռնությունը մտահոգություններ է առաջ բերել փաստաբանական համայնքում. նախագիծը, որով առաջարկվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թվականի հոկտեմբերի 1-ից դարձնել 10 %` ներկայիս 5 %-ի փոխարեն, իսկ արդեն 2025 թվականի հունվարի 1-ից՝ բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում, խիստ քննադատության է արժանացել:

«Փաստորեն, Նախագծի համաձայն` փաստաբանական ծառայություն մատուցող սուբյեկտները 2025 թվականի հունվարի 01-ից հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 % ավելացված արժեքի հարկ: Դրանից զատ, հարկման ընդհանուր համակարգում գործելու դեպքում փաստաբանական ծառայություն մատուցողները վճարելու են նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 %:

Հատկանշական է, որ Նախագիծը մշակելիս հաշվի չի առնվել փաստաբանության իրավապաշտպան բնույթը, ինչպես նաև այն, որ փաստաբանական ծառայությունների մատուցումը շատ հաճախ տեղի է ունենում հենց իրավապաշտպան, ոչ թե ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում, ուստի փաստաբանական ծառայությունների հարկման հարցում պետության քաղաքականությունը չի կարող խստացվել և նույնացվել բացառապես տնտեսական նշանակություն ունեցող ոլորտների հետ, հատկապես՝ խաղատների, շահումով խաղերի, գրավատների և վիճակախաղերի»,- ասվում է Փաստաբանների պալատի հայտարարության մեջ:

Իշխանությունների հարկային վարչարարության, նոր հարկային բեռի մասին 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը այս իրողությունները պայմանավորեց Բյուջե 2024-ի կատարման մտահոգություններով:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ թեև իշխանությունները հրապարակային խոսքում նշում են, որ հնարավոր է բյուջեն կատարել, բայց փաստաթղթով արձանագրում է այն ռիսկերը, որոնք անհնար են դարձնում Ֆինանսական գլխավոր փաստաթղթի կատարումը:

«Մենք մասնագիտական գնահատական ենք տալիս, որ ուղղակի հնարավոր չէ այս բյուջեն կատարել՝ առանց հարկադրույքների բարձրացման, առանց գնաճի, առանց նոր հարկերի սահմանման:

Այս նախաձեռնությունն էլ այդ շարքին կարելի է դասել. իշխանությունը որևէ կերպ չի կարողանալու բյուջեի պլանը կատարել, և պետք են որոշակի ոլորտներ, որոնք կսկսի հարկել, իսկ դրանցից մեկը և ոչ միայն՝ փաստաբանական ոլորտն է, որ 5 տոկոս հարկից բերում-հասցնում են մինչև 38 տոկոս հարկ»,- մանրամասնեց Նաիրի Սարգսյանը:

Առհասարակ, պետության կողմից իրականացվող հարկային քաղաքականության մասին իր դիտարկումներում տնտեսագետը նկատեց՝ երկար տարիներ ՀՀ-ն գրանտներ է ստանում, այդ թվում՝ Հարկային օրենսգրքի շարադրման համար, որով էլ, իրականում, տապալվում է ՀՀ ներդրումային գրավչությունը:

«Այդ գրանտները ստանում են, փողերը ծախսում են, հետո գրանտների համար ստանձնում են որոշակի պարտավորություններ: Այդ դոնոր պետությունները, կազմակերպությունները ՀՀ-ում հարկադրույքների բարձրացման պահանջներ են ներկայացնում: Ասել է թե՝ պահանջում են ՀՀ ներդրումային գրավչությունն ուղղակի տապալել. այսինքն՝ բարձր հարկադրույքներով այնպիսի դաշտ ստեղծել, որ Հայաստանում ներդրումներն ու ձեռնարկատիրությունը, գործարարությունն այլևս գրավիչ չլինի:

Հենց Ֆինանսների նախարարությունն էլ՝ որպես նախաձեռնող մարմին, բաց տեքստով հայտարարում է, որ միջազգային կազմակերպություններից պահանջ կա՝ շրջանառության հարկը՝ իբրև արտոնյալ հարկատեսակ, վերանա. այն լինի այլընտրանքային հարկատեսակ, և, որ որոշ դեպքերում՝ նույնիսկ շրջանառության հարկի դրույքաչափերը շատ ավելի բարձր պետք է լինեն, քան ընդհանուր հարկման դաշտի դրույքաչափերն են»,- պարզաբանեց տնտեսագետը:

Անդրադառնալով ֆինանսների նախարարության կողմից հենց փաստաբաններին ուղղված նախաձեռնությանը՝ մասնագետն ուշադրություն հրավիրեց խնդրի սոցիալական բնույթի վրա:

«Այստեղ ոչ միայն ունենում ենք տնտեսության վրա ազդեցություն, այլ ուղիղ սոցիալական ազդեցություն, որովհետև մարդիկ շատ դեպքերում ունենում են մատչելի իրավաբանական ծառայություններից օգտվելու կարիք՝ նաև կապված պետական մարմինների, բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների շփումների հետ: Հետևաբար, սա միայն չպետք է դիտարկել փաստաբանների պայքար, այլ նաև ՀՀ քաղաքացիները պետք է պայքարեն»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս