Բաժիններ՝

«Ես էնքան խմած, անջատված եմ եղել, որ չեմ իմացել՝ Ալենն ինձ գրկած է քնում»

Ասում է հարբեցողությունից, անբարոյական կյանքից հրաժարված Նարինե Հարությունյանը:

«168 Ժամի» նախորդ համարներում անդրադարձել ենք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի 62ա տան բնակչուհի Նարինե Հարությունյանի պատմությանը և առաջիկայում նույնպես հետևողականորեն մեր ընթերցողներին տեղեկացնելու ենք այդ հրապարակմանը հաջորդող իրադարձությունների մասին: Հիշեցնենք, որ երեխային հայտնաբերել էինք հարբեցողների և անբարոյականների միջավայրում, որտեղ նրա կյանքին վտանգ էր սպառնում:

ՀՀ Ոստիկանություն ահազանգելուց հետո Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը նիստ էր հրավիրել, որտեղ Ն. Հարությունյանին ժամանակ էր տրվել մայրական պարտականությունները պատշաճ կատարելու, կյանքը վերանայելու համար: Մենք պարբերաբար նաև տեղեկացրել ենք այս կնոջ բոլոր քայլերի մասին՝ ընթերցողներին ներկայացնելով ինչպես Ալենի, այնպես էլ՝ նրա մոր կյանքում արձանագրվող փոփոխությունների մասին:

ՀՕՖ կենտրոնի ամենափոքրիկ տղան

2 տարեկան Ալենն, արդեն երեք շաբաթ է՝ հաճախում է «Հայ օգնության ֆոնդ» երեխաների ընդունման կենտրոն, որտեղ երեկ այցելելով՝ համոզվեցինք, որ փոքրիկն իրեն շատ լավ է զգում: Ավելին՝ նա արդեն սիրելի մանկավարժ և ընկերներ ունի, որոնց կարոտում է: ՀՕՖ կենտրոնի փոխտնօրեն Ռամոնա Կտակյանից փորձեցինք որոշակի տեղեկատվություն ստանալ երեխայի վարքագծի, հոգեբանական խնդիրների, ինչպես նաև մայր ու որդու շփման վերաբերյալ:
Ktakyan«Թերթում հոդվածը կարդալուց հետո ես մեր սոցիալական աշխատողին խնդրեցի կապվել թաղապետարանի հետ, որտեղ եղավ ընդլայնված քննարկում: Առաջին նիստին ես եմ մասնակցել, որի ընթացքում որոշումները կայացվեցին: Պայմանավորվածությունն այսպիսին էր. երեխային բերում են մեզ մոտ (թեև մենք աշխատում ենք 3 տարեկանից սկսած երեխաների հետ), որից հետո հանդիպեցինք մորը, մեր մասնագետը նաև մասնակցեց տնայցին: Երեխան կենտրոնում է գտնվում մինչև երեկո, քանի որ գիշերը մայրիկի հետ է անցկացնում, ընդ որում՝ շատ լավ է, որ երեխան չի կտրվում մորից»,- ասում է Ռ. Կտակյանը՝ վստահեցնելով, որ թե՛ ինքը, թե՛ կենտրոնի հոգեբանն ու սոցիալական աշխատողը հաճախակի Նարինեի հետ զրույցներ են ունենում, որի ընթացքում նրա մոտ զգալի փոփոխություն են նկատում: ՀՕՖ կենտրոնի փոխտնօրենի հավաստմամբ՝ Նարինեն հիմա շատ պատասխանատու մայր է, ով խիստ մտահոգվում է երեխայի առողջությամբ և մեծ հոգատարություն է ցուցաբերում որդու նկատմամբ:

«Ես նաև շատ կարևորում եմ բնակարանի վերանորոգումը, որովհետև մարդը ներսից փոխվելուց զատ` պետք է նաև միջավայրը փոխի: Փաստորեն, հիմա նա մաքրված կմտնի իր մաքուր բնակարան: Հիմա ինչ-որ բան տեղից շարժվեց, որովհետև շատերը միացան, և համախմբված գործ արվեց, իսկ համագործակցությունը շատ բան է փոխում, քանի որ շատ դեպքերում մեկը ոչինչ չի կարողանում անել: Շատ լավ է, որ ժամանակին հասել եք, և այն ամենն, ինչ կարող էր լինել՝ միանգամից կանխվեց և չեղավ»,- ասում է Ռ. Կտակյանը՝ հավելելով, որ թեև Ալենն իրենց կենտրոնի ամենափոքրն է, այդուհանդերձ՝ նա նույնիսկ իրենից մեծ երեխաների հետ է ակտիվ շփվում:

Նա արդեն բավականին ակտիվ է դրսևորվում, կարողանում է իրեն պաշտպանել և հասուն երեխա է՝ իր ես-ն ունի: Այնուամենայնիվ, մասնագետներն ամեն ինչ անում են երեխայի զարգացման առումով համապատասխան արդյունք ունենալու համար: Ռ. Կտակյանը նաև այսպես է բնորոշում երեխայի մոտ առկա փոփոխությունը. «Կենտրոն ընդունվելուց առաջ նայում էիր՝ մի տեսակ վախենում էիր, իսկ հիմա նայում ես և ուրախանում ես: Սկզբում նաև կաշկանդված էր, բայց հիմա հարմարվել է և կենտրոնն ընկալում է` որպես իր տուն: Այնպես որ՝ և՛ մայրիկի, և՛ երեխայի մոտ փոփոխությունն ակնհայտ է»:

TurabyanՀՕՖ կենտրոնի հոգեբան Լիանա Տուրաբյանն ասում է, որ երեխայի մոր հետ կապը շատ ուժեղ է: «Շատ կապված է մայրիկի հետ և նրան շատ սիրում է: Ի դեպ, Ալենը շատ դրական, ջերմ, մարդամոտ երեխա է, իսկ ֆիզիոլոգիական և հոգեբանական նկարագիրը նորմալ է: Կենտրոն հաճախելիս դժվարությամբ է կտրվում մայրիկից, բայց հետագայում, մյուս երեխաների հետ շփվելով, ընտելանում է, իհարկե, մայրիկին սպասելով: Պետք է նշեմ, որ շատ է սիրում մանկավարժներին և երեխաներին: Դեռ չի խոսում, բայց խաղի միջոցով փորձում ենք աշխատել երեխայի հետ»,- ասում է Լ. Տուրաբյանը՝ վստահեցնելով, որ Ալենը կենտրոնի մասնագետների համար խնդրահարույց երեխա չէ:

Կենտրոնի հոգեբանը նաև նշում է, որ երեխաներն Ալենին այնքան են սիրում, որ առավոտյան անհամբեր սպասում են նրա այցին:

HarutyunyanՍոցիալական աշխատող Ռիմա Հարությունյանը նշում է, որ Նարինեն հիմա բավականին լավ վիճակում է՝ խնամված և հոգատար: Եթե նախկինում նա կաշկանդված էր, ապա ներկայումս նրա մոտ նաև ինքնավստահություն է նկատվում. «Մայր է, որի հետ պետք է աշխատել և որոշ բաներ վերականգնել: Միանշանակ փոփոխություն ենք տեսնում»:

ՀՕՖ-ի փոխտնօրեն Ռ. Կտակյանն ավելացնում է, որ Նարինեն մի մարդ է, որին բոլորը դատապարտել, մեղադրել են և վատ հայացքով են նայել, մինչդեռ կենտրոնում իրեն որևէ մեկը հարց չի տալիս` «ինչո՞ւ ես դա արել», այլ ասում են` «մենք քեզ հետ ենք»: «Մենք ասում ենք՝ բալիկիդ թող, գնա դարձիր լավ մամա: Ինքը տեսնում է, որ իրեն չեն մեղադրում, և գալիս է ընդառաջ, ինչը նշանակում է, որ հասկանում, մեր օգնությունն ընդունում է: Նա հիմա նաև չունի վախ, որ երեխային կկորցնի: Շատ լավ ցուցանիշ է, որ մայրը չի ցանկանում երեխային թողնել, ընդդիմանում է: Նարինեի մոտ մոր ու ձագուկի մայրական զգացումը շատ լավն է: Երբ առաջին օրը թաղապետարանն այս հարցը քննարկում էր, այնտեղ երեխային մանկատուն տանելու մասին կարծիքներ եղան: Ես ասացի, որ մոր ու երեխայի բաժանումը երկուսի համար էլ շատ ցավոտ կլինի. մենք պատրաստ ենք տանել մեր կենտրոն, տարիքային բացառություն կանենք և ինչ պետք է` կանենք: Ավելի ուրախացա, երբ մայրն ասաց, որ գիշերը բալիկին կտանի տուն, չի կարող առանց երեխայի:

Սրանք շատ կարևոր բաներ են»,- ասում է կենտրոնի փոխտնօրենը՝ հավելելով, որ իրենց փորձը ցույց է տալիս, որ մայրերը բավականին հեշտությամբ են լքում իրենց երեխաներին, մինչդեռ Նարինեն ի սկզբանե չի ցանկացել երեխային մանկատուն հանձնել: Որքան էլ սոցիալական աշխատողը փորձել է բացատրել կենտրոնի մոտեցումը, այդուհանդերձ Նարինեի մոտ սկզբնական շրջանում երեխային կորցնելու անվստահություն, վախ է եղել: «Առաջին օրը նա բարձրացավ վերև՝ երեխայի մոտ, շատ երկար մնաց: Չէր կարողանում գնալ, մի երկու անգամ գնաց, նորից հետ եկավ: Սկզբում մեզ հարցնում էր, թե՝ որ էս ժամին գամ՝ կթողնե՞ք երեխային տեսնել:

Alen (1)

Հետագայում նա համոզվեց, որ կենտրոնը երեխային ժամանակավոր խնամելու է, մինչև ինքն իր հարցերը լուծի: Այնպես որ, հիմա շատ հանգիստ է»,- ասում է սոցիալական աշխատողը՝ Ռիմա Հարությունյանը: Ներկայումս ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոնում 27 երեխա կա, ընդ որում՝ կենտրոնի մասնագետները նշում են, որ այլևս կորցրել են զարմանալու հատկությունը, քանի որ աննկարագրելի ծանր դեպքերի են բախվում: Օրինակ՝ անչափահաս մարմնավաճառ աղջիկներ, թրաֆիկինգի (սեռական և աշխատանքային) ենթարկված երեխաներ, որոնք համապատասխան կառույցներից տեղափոխվում են կենտրոն: ՀՕՖ կենտրոն երեխաները տեղափոխվում են ժամանակավոր, մինչև 6 ամիս ժամկետով:

Ի դեպ, կենտրոնի փոխտնօրենի հավաստմամբ՝ վերջին տարիներին մայրերի կողմից լքվող երեխաների տենդենց է նկատվում: «Մենք ամեն օր դա ենք քննարկում, թե արդյոք ի՞նչ պատահեց այս երկրի հետ, որ մայրերն այսպես հեշտությամբ լքում են երեխաներին: Երեխան կա, բայց մորը չենք կարողանում գտնել: Շատ հեշտությամբ ասում են՝ դե չեմ կարողանում երեխայիս պահել, վարքային խնդիրներ ունի, անկարգ է:

Լքում է և ամիսներ շարունակ չի գալիս: Մենք տղա ունենք, որ յոթ ամիս է՝ կենտրոնում է, իսկ մայրն ասում է՝ անկարգ է, չեմ կարողանում պահել: Նույն մայրը, որը ծնել է այդ երեխային, նրա տասնամյակին չներկայացավ: Երեխայի 10 տարին մենք այստեղ նշեցինք առանց մոր, բայց ինչ ուզում ես արա՝ նվերներ, տորթ, փուչիկներ, միևնույն է՝ չի կարողանում ուրախանալ, որովհետև մաման կողքը չէ: Ուղղակի չի բարեհաճել գալ»,- պատմում է Ռ. Կտակյանն՝ ավելացնելով, որ նման մայրերի ֆոնին` Ալենի մայրը հրաշք է:

Ըստ կենտրոնի փոխտնօրենի՝ երեխաների լքման երևույթը գնալով խորանում է, ընդ որում՝ մայրերը չեն ցանկանում կորցնել մայրական իրավունքը, բայց չեն էլ ցանկանում երեխաներին տուն տանել: ՀՕՖ-ի փոխտնօրենը նաև նշում է, որ երեխաներին մեծամասամբ լքում են այն մայրերը, որոնք իրենք էլ լքված են եղել: Օրինակ՝ մանկատան նախկին սանը կարող է բավականին հեշտությամբ ասել՝ տարեք երեխայիս մանկատուն:

«Միշտ գնալու եմ լույսի հետևից»

Ինչևէ, երեկ մենք համոզվեցինք, որ փոքրիկ Ալենն իրեն շատ լավ է զգում ՀՕՖ կենտրոնում, իսկ մասնագետները երեխայի հանդեպ բավականին հոգատար էին: Մենք նաև այցելեցինք Դրոյի 62ա՝ Նարինեի բնակարան, որտեղ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և բնակարանը կահավորվում է: Հիշեցնենք, որ արձագանքելով Ալենի մասին հրապարակմանը` բազմաթիվ մարդիկ համախմբվեցին և նվիրատվությունների շնորհիվ նախաձեռնվեց բնակարանի հիմնովին վերանորոգումը, կահավորումը և կոմունալ մի շարք խնդիրների լուծումը: Ինչպես միշտ, Նարինեի կողքին էին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Փրկենք Ալենին» խմբի կամավորները, ովքեր այս պատմության առաջին օրից մինչ այսօր ջանք չեն խնայում Ալենին ու նրա մորն օգնելու հարցում: Կամավորները վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո մինչև անգամ մաքրման աշխատանքներն էին կատարում: Նարինեն ասում է՝ առայսօր չի կարողանում հավատալ, որ իր նախկին գորշ, խոնավ ու կիսափուլ խրճիթին հիմա փոխարինել է մի լուսավոր, կոկիկ և հարմարավետ տուն, որտեղ արդեն ոչնչի կարիք չի լինելու:

«Սա կարծես երազ լինի. հիմա ես իմ ձեռքով մաքրում եմ տան իրերը, բայց դեռ չեմ պատկերացնում, որ ես կարող եմ այստեղ ապրել: Երևի ինձ չհասկանաք: Էդ աղքատությունից, էդ հոգեկան ծանր ապրումներից հետո դժվար է հավատալ էս իրականությանը: Իմ կյանքում առաջին անգամ լույս է բացվել, ու պատրաստ եմ ամբողջ կյանքում գնալ էդ լույսի հետևից»,- ասում է նա ու ամեն րոպե կրկնում, որ անհամբեր սպասում է ժամը 18:00-ին՝ Ալենին տեսնելու ժամին: Ասում է՝ որքան ժամը մոտենում է՝ այնքան սիրտն ավելի ուժգին ու արագ է բաբախում:

«Գիտե՞ս, հիմա գիշերները Ալենը քնած ժամանակ գալիս, փաթաթվում ա ինձ, գլուխը դնում ա վրաս ու էդպես ինձ փաթաթված քնում ա: Ես երբեք չեմ իմացել, որ ինքը էդպես ա քնում: Հիմա գիշերները, որ էդպես ա անում, արթնանում ու հուզմունքից չեմ կարողանում քնել: Ալկոհոլը ինձ զրկել էր կյանքի ամենահրաշալի զգացողություններից»:

Նարինեն մեկ էլ շատ է տառապում, երբ ՀՕՖ հաճախելուց հետո Ալենն իր հետևից լաց է լինում. «Քիչ ա մնում հետ գնամ, չեմ դիմանում, ամբողջ ճանապարհին լացն ականջիս ա լինում: Բայց հասկանում եմ, որ էնտեղ Ալենը շատ ա փոխվում: Առաջ շատ ներվային էր, գլուխը խփում էր բազկաթոռին, ջղայնանում, ջարդում էր ձեռքն ընկածը: Հիմա շատ հանգիստ ա, խաղում ա, ուրախանում ա»: Նարինեն մեկ էլ վստահեցնում է, որ «Փրկենք Ալենին» խմբի կամավորների պես լավ ընկերներ ունենալուց հետո երբեք չի շփվել ու երբեք չի շփվելու իր նախկին ալկոհոլիկ, անբարոյական միջավայրի հետ. «Միշտ գնալու եմ լույսի հետևից, հավատա»:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս