Փորձենք ազգովի ամեն օր ի սրտե ասել՝ «Ցավդ տանեմ, Հայաստան», և կտեսնեք, թե ինչ էներգիա և ուժ եք ստանում. Արմեն Աշոտյան
Քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:
Հարցերը և պատասխանները ներկայացնում ենք ստորև.
Գարեգին Մաթևոսյան.- Պարոն Աշոտյան, Ձեր կարծիքով՝ բողոքի ակցիաները ե՞րբ կվերսկսվեն, բայց խնդրում եմ մաքսիմալ հստակ պատասխանել:
Արմեն Աշոտյանի պատասխանը.- Հայցում եմ Ձեր ներողամտությունը, որ 8 ամիս կտրված լինելով ակտիվ քաղաքական կյանքից (թե՛ ներքին, թե՛ արտաքին)՝ շատ ճշգրիտ և հստակ ասել չեմ կարող, թե երբ կվերսկսվեն բողոքի լայնածավալ ակցիաները։ Ասում եմ՝ լայնածավալ, որովհետև մեր երկրում գրեթե ամեն շաբաթ տարբեր բողոքի ակցիաներ այնուհանդերձ տեղի են ունենում՝ ձկնաբույծներ, ավտոներկրողներ, պատմության դասագրքի դեմ բողոքողներ, ուսուցիչներ և այլք։ Ես պատահական չթվարկեցի Փաշինյանի իշխանության այս կամ այն որոշումից դժգոհող խմբերին։ Նրանց ներկայացուցիչների մի զգալի մասը բողոքի ակցիաների ժամանակ սիրում է ասել. «Մի քաղաքականացրեք մեր հարցը, մեր բողոքը քաղաքական չէ»։
Հիմա պատկերացրեք, որ մի մեծ ընտանիք թոքաբորբով է հիվանդանում, բժիշկ են կանչում տուն։ Ու այդ բժշկին, ով դնում է թոքաբորբի դիագնոզը, բոլորով միասին ասում են, որ անտիբիոտիկներ կտրականապես չեն խմելու։ Պապն ու տատը ասում են, որ, օրինակ, միայն ջերմիջեցնող կխմեն, հայրն ու մայրը, որ միայն խորխաբեր կընդունեն, իսկ թոռներն էլ` միայն հազի դեմ դեղեր։
Ըստ ձեզ, այդ ընտանիքից քանի՞ հոգի կբուժվի, կապաքինվի, կլավանա։ Ահա այսպիսին է «չքաղաքականացնելու» դառը գինը։ Նաև ցանկանում եմ ազնվորեն ընդգծել, որ գալիք լայնածավալ բողոքի ակցիաները (իսկ դրանք անխուսափելի են) պետք է ունենան հստակ ռազմավարություն, ազնիվ և հավատալի գաղափարներ և կոնսենսուսային առաջնորդություն։
Անաստասիա Թարվերդյան.- Իշխանափոխությունն այս տարի հնարավո՞ր է, և եթե լինի, և դուք գաք իշխանության, կպարզվի՞՝ այս ի՞նչ մեզ արեց Նիկոլը:
Արմեն Աշոտյանի պատասխանը.– Իշխանափոխությունը ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ։ Մի՛ նայեք լայնածավալ ռեպրեսիաներին. նրանք Նիկոլի թուլության հետևանքներն են։ Մի՛ նայեք իշխանավորների հանդգնությանը և լկտիություններին, դրանք Նիկոլի և նրա սպասարկուների անվստահության հետևանք են։ Մի՛ նայեք ձեզ շրջապատող հուսահատությանը. հուսահատությունը մեղք է, իսկ ցանկացած մեղք ապաշխարության և թողության կարիք ունի։
Ֆիզիկայից հայտնի է, որ էներգիան չի վերջանում և չի անհետանում, այլ փոխակերպվում է մի տեսակից մյուսին։
Հայ ժողովրդի ինքնասիրության, պատվախնդրության, արդարադատության էներգիան այսօր վխտում է տներում, խոհանոցներում, կոլեկտիվներում, ամենուրեք և պատեհ առիթով իր այսօրվա ցրված վիճակից կփոխակերպվի մի միասնական և վճռական բռունցքի։
Ինչ վերաբերում է այս 6 տարվա մղձավանջի և ողբերգությունների մեղավորին պատժելուն, ապա կարող եմ երաշխավորել ձեզ իմ անհատական խոստումով. Մեղադրյալներին՝ արդարադատություն, մեղավորներին՝ պատիժ, ժողովրդին՝ վերականգնված համերաշխություն։ Առօրյա խոսույթում մենք՝ հայերս, սիրում ենք օգտագործել «ցավդ տանեմ» արտահայտությունը, որը, եթե չեմ սխալվում, միայն հայերենում կա։ Հիմա մեր երկիրն է այդպիսի վիճակում, որ իր ցավը տանողների կարիք ունի։ Փորձենք ազգովի ամեն օր, աղոթքից առաջ կամ հետո, մտքում կամ բարձրաձայն, միայնակ կամ միասին, բայց մշտապես հավատալ և ի սրտե ասել՝ «Ցավդ տանեմ, Հայաստան», և կտեսնեք, թե ինչ էներգիա և ուժ եք ստանում սեփական ճակատագիրը տնօրինելու և Հայրենիքի գահավիժումը կասեցնելու համար։
Հարգանքով՝
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
02.02.2024թ
Մանրամասները՝ տեսանյութում: