Անդրեասյանական արդարադատության իրական դեմքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունվարի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը ֆանտաստիկ արագությամբ (նիստը տևեց 40 րոպե, որից 15 րոպեն ԲԴԽ-ն եղել է խորհրդակցական սենյակում) քննեց Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Քրիստինե Մկոյանին, Ռուզաննա Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործը: Վերջիններս «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն («Հայկական ժամանակ» օրաթերթ) ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռով ճանաչվել էին որպես դատավորներ, որոնց մեղքով արձանագրվել էր ՄԻԵԿ 6-րդ հոդվածի խախտում: Խախտում թույլ տված դատավորները ո՛չ անձամբ, ոչ էլ ներկայացուցիչների միջոցով չէին մասնակցում նիստին: Իր որոշումը ԲԴԽ-ն կհրապարակի փետրվարի 5-ին՝ ժամը 10:00-ին:
Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ դատավորները չէին ներկայացել իրենց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությանը կամ գոնե ներկայացուցիչների չէին ուղարկել: Չէ՞ որ մեկ տարի առաջ նույնանման գործով դադարեցվեցին Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի, իսկ մոտ վեց ամիս անց՝ նույն դատարանի դատավորներ Արտակ Բարսեղյանի, Տիգրան Պետրոսյանի և վերաքննիչ դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի լիազորությունները:
Բանն այն է, որ լիազորությունները դադարեցված դատավորների կարգապահական պատասխանատվության գործերի քննության ժամանակ և դրանից հետո քանիցս բարձրացվել է այն հարցը, թե ինչպես է ստացվում, որ ՄԻԵԴ վճիռներով «մեղավոր ճանաչված» մի քանի տասնյակ դատավորների մի մասը ենթարկվում է պատասխանատվության, մյուս մասը՝ ոչ: Որպեսզի այս հարցում հետագայում իրեն և իր ընկեր Գրիգոր Մինասյանին չմեղադրեն, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը որոշել է, որ ԲԴԽ-ում քննվի նաև Ղազարյանին, Բեդևյանին, Մկոյանին և Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, սակայն այն տարբերությամբ, որ վերջիններիս նկատմամբ կիրառվի լիազորությունների դադարեցման հետ չկապված կարգապահական պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում, նկատողություն կամ խիստ նկատողություն: Անդրեասյանի և քաղաքական իշխանությունների համար յուրային դատավորներն էլ ճարահատյալ համաձայնել են ստանալ այդ կարգապահական տույժերը և հանգիստ շարունակել պաշտոնավարել, այդ պատճառով էլ ԲԴԽ նիստին որևէ ներկայություն չապահովեցին: Ասել է թե՝ ամեն ինչ կանխորոշված է:
Իրականում իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ցանկացած ուսանողի համար էլ պարզ է, որ սա Անդրեասյանի և նրա ընկերոջ համար փրկօղակ չի կարող հանդիսանալ, քանի որ տարբերակված մոտեցումը, այսպես թե այնպես, առկա է. նմանաբնույթ խախտման համար ոչ յուրային դատավորները հեռացվեցին, իսկ յուրայինները կշարունակեն պաշտոնավարել: Այսպիսով, զբաղվելով արդարադատության իմիտացիայով՝ Անդրեասյանն իրականում ավելի բացահայտ է դարձնում իր անկարողությունը՝ լինելու անկողմնակալ և անաչառ դատավոր, և իր իսկ հավաստմամբ՝ անցկացնելու դատավորների վեթինգ:
Ուշագրավ է նաև, որ նախօրեի գործով Անդրեասյանն ինքնաբացարկ հայտնեց, նրան ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել նաև Քրիստինե Մկոյանը: Երկուսն էլ իրենց միջնորդություններում շեշտել էին երկար տարիների իրենց մտերմության փաստը: Հետաքրքիր է, իսկ այդ մտերմությունը նրանց չի՞ խանգարում ԲԴԽ կազմում իրենց լիազորություններն իրականացնելիս, մասնավորապես՝ Մկոյանն ունա՞կ է, արդյոք, Անդրեասյանի դիրքորոշումն անտեսելով՝ որևէ կարգապահական գործով ինքնուրույն դիրքորոշում ձևավորել»: