Ինչո՞ւ «Հայոց պատմությունը» փոխարինել «Հայաստանի պատմություն» անվամբ. պատմաբանների թեր և դեմ կարծիքներն ու նախազգուշացումները

Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախագիծ է տեղադրել՝  առաջարկելով «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ։

«33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ ՀՊՉ 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան։

«Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է ՀՊՉ-ի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա անհամապատասխանությունը։ Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները»,- նշված է նախագծի հակիրճ բնութագրի մեջ։

Ավելի վաղ Գավառում տեղի ունեցած ՔՊ նախաձեռնող նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մի խումբ մանկավարժներ, գիտնականներ դիմել են ԿԳՄՍ նախարարությանը՝ առաջարկելով «Հայոց պատմություն» առարկան դարձնել «Հայաստանի պատմություն»։ Թե ովքեր են այդ մանկավարժներն ու գիտնականները՝ հայտնի չէ։

Կարդացեք նաև

Պատմաբաններն այս նախագծի ու առաջարկի վերաբերյալ հակասական կարծիքներ ունեն: Կան պատմաբաններ, ըստ որոնց՝ եթե գաղափարն ու հայոց պատմությունը չխեղաթյուրեն, ապա կարող են «Հայոց պատմությունը» փոխարինել «Հայաստանի պատմությամբ»։

168.am հետ զրույցում պատմաբան, հնագետ Հակոբ Սիմոնյանն ասաց, որ իր իմանալով՝ նախկինում եղել է «Հայ ժողովրդի պատմություն», այլ ոչ թե «Հայոց պատմություն»։

«Ինքս միշտ դեմ եմ եղել «Հայ ժողովրդի պատմություն» անվանը, այո՛, այն կա՛մ պետք է կոչվի «Հայոց պատմություն», կա՛մ «Հայաստանի պատմություն»։ «Հայաստանի պատմությունն» ավելի նախընտրելի է, որովհետև ոչ մի տեղ չեք հանդիպի Ֆրանսիայի ժողովրդի պատմություն, կամ ռուս ժողովրդի պատմություն, կա Ֆրանսիայի և Ռուսաստանի պատմություն։ Սրա մասին ես խոսել եմ դեռևս 10 տարի առաջ, սա է ճիշտ մոտեցումը, որովհետև դրա ներքո իսկապես հասկացվում է պետության գաղափարը»,- նշեց պատմաբանը։

Նա դժվարացավ ասել՝ անունը փոխելով՝ պատմության բովանդակությունը կփոխե՞ն, թե՞ ոչ, սակայն անվանման սխալ իմաստը դրանից փոխվելու է։

Հարցին՝ եթե կողմ է այս փոփոխությանը, եղե՞լ է այն գիտնականների շարքում, ովքեր ԿԳՄՍՆ-ին առաջարկել են փոխել անվանումը, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Անվան փոփոխությանը ես կողմ եմ, սակայն ինքս նման առաջարկ ԿԳՄՍՆ-ին չեմ արել։ Ես դա առաջարկել եմ 10-20 տարի առաջ»,- եզրափակեց Հակոբ Սիմոնյանը։

168.am հետ զրույցում  Շուշիի պատմության թանգարանի վարիչ, պատմաբան Աշոտ Հարությունյանը մտավախություն հայտնեց, որ գաղափարը, որն առաջ են քաշել ՀՀ իշխանությունները, կարող են ամբողջովին խեղաթյուրել, ինչպես օրվա իշխանություններն արել են նախկինում։

«Այդ գաղափարն այս իշխանություններին չէ, նրանք դա ինչ-որ տեղ լսել են ու վերցրել, իրենց են վերագրել։ Նախկինում ադրբեջանցիները մշտապես ասում էին՝ «հայ ազգն ի՞նչ է որ, չունեն Հայաստանի պատմություն»։ Այդ ժամանակ մի քանի առաջադեմ պատամաբաններ առաջարկեցին «Հայոց պատմությունը» փոխարինել «Հայաստանի պատմություն» անվամբ։

Բայց եթե կարճ ասեմ՝ օրվա իշխանությունն այդ գաղափարը կվերցնի, հերը կանիծի, կդնի մի կողմ, չի կարող այն իրականացնել»,- նշեց Աշոտ Հարությունյանը։

Նրա բնորոշմամբ՝ ամբողջ խնդիրն այն է, որ իշխանությունն ինչպես ցանկանա, այնպես կաղավաղի գաղափարը, քանի որ Հայաստանի պատմություն նշանակում է  նաև հայկական բարձրավանդակի պատմություն։

«Նայեք այն դպրոցական դասագրքին, որն իրենք ֆինանսավորել և հրատարակել են, ու այնտեղ տեղ գտած սխալները, աղավաղումները, մտավախություններս շատ են։ Պետական մակարդակով այդ դասագիրքը ֆինանսավորվել է։ Կրկնում եմ՝ եթե այս գաղափարն առաջ քաշեր ազգային մտածելակերպով իշխանություն, ապա ես որևէ մտավախություն չէի ունենա։

Նույնը՝ սրանք Նժդեհի գաղափարները վերցրեցին, դարձրեցին ֆաշիստ, դրեցին մի կողմ, Ղարաբաղ տվեցին, հրաժարվեցին, այսինքն՝ իրենց վերաբերմունքը նախկինում տեսել ենք։ Կարծում եմ՝ սա շատ վտանգավոր ընթացք կարող է ստանալ»,- եզրափակեց Աշոտ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս