Դեպի ապահով Ռուսաստան
Որտեղ հաց` այնտեղ կաց։ Չգիտես ինչու՝ այս արտահայտությունը վերագրում են հայերին։ Սակայն այս վարքագիծը բնորոշ է երկրագնդի բոլոր ժողովուրդներին՝ անկախ ազգությունից, սեռից, մաշկի գույնից կամ դավանանքից։ Այդ երևույթը, եթե ավելի մասնագիտորեն արտահայտվենք, կոչվում է` աշխատանքային միգրացիա։
Այսինքն՝ մարդիկ տեղաշարժվում են և ձգտում են հաստատվել այնտեղ, որտեղ ավելի հեշտ է աշխատանք գտնել, կամ որտեղ աշխատանքի պայմաններն ավելի լավն են։ Այդ երևույթն առավել տարածված է մանավանդ հիմա, երբ զարգացել է տեխնիկան, հաղորդակցության և տրանսպորտային միջոցները, մեծացել են տեղաշարժի հնարավորությունները, ընթանում են ինտեգրացիոն պրոցեսներ։
Միգրացիայի ծավալը տնտեսության իրական վիճակի մասին վկայող շատ ավելի լուրջ ցուցանիշ է, քան տնտեսական աճի պաշտոնական տվյալները։ Մարդիկ գնում են այնտեղից, որտեղ աշխատանք չկա կամ աշխատանքի պայմանները լավը չեն։ Գնում են այնտեղ, որտեղ ավելի հեշտ է աշխատանք գտնել։ Իսկ աշխատանքային շուկան իր հերթին` խոսում է տնտեսության մասին։ Եթե տնտեսությունն աճում է, ավելանում են նաև աշխատատեղերը։ Բայց վերադառնանք մեզ՝ հայերիս։ Այս ընդհանուր օրինաչափությունը գործում է նաև մեզ մոտ։ Եվ դրա ապացույցը կարելի է գտնել անգամ պաշտոնական վիճակագրության մեջ։ Իհարկե, միգրացիոն վիճակագրության մեջ հնարավոր չէ տարբերակել, թե մեկնածների որ մասն են աշխատանքային միգրանտներ, սակայն ընդհանուր պատկերացում կարելի է կազմել։
Նկար 1-ը կազմել ենք Միգրացիոն պետական ծառայության և Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա։
Նկար 1. Աշխատանքային միգրացիան և ՀՆԱ աճը Հայաստանում 2000-2012թթ.
Գծապատկերում ներկայացված են Հայաստանի տնտեսական աճի (ՀՆԱ աճի) ցուցանիշը և արտագաղթի տեմպերը 2000-2012թթ. համար։
2000 և 2001 թվականներին միգրացիայի բացասական հաշվեկշիռը կազմել է 57.5 հազար և 60 հազար մարդ։ Այսինքն՝ մեկնողների թիվն այդքանով շատ է եղել արտագաղթողների թվից: Հետո սկսվեց երկնիշ աճի շրջանը, և ընթացավ հակառակ պրոցեսը՝ արտագաղթի ծավալը նվազեց (2002-ին՝-2719 մարդ, 2003-ին՝-10.061 մարդ)։ Իսկ հետո՝ 2004 թվականից սկսած, հաշվեկշիռը դարձավ դրական։ Սկսեցին ավելի շատ գալ, քան գնալ։ Օրինակ՝ 2006 թվականին միգրացիայի հաշվեկշիռը դրական է եղել 21.756-ով։
2007 թվականին նկատվեց թեթևակի արտահոսք։ Իսկ 2008 թվականից սկսած արտագաղթի ծավալները մեծացան և վերջին երեք տարիներին գերազանցում են տարեկան 40 հազարը։
2008-2012թթ. ընթացքում պաշտոնական տվյալներով` արտագաղթը կազմել է ավելի քան 180 հազար մարդ։ Դժվար է ասել՝ վերջին տարիների արտահոսքի պատճառների մեջ տնտեսական պատճառները որ տեղում են, սակայն այն, որ տնտեսական վիճակը մեծ դեր է խաղում այս հարցում՝ փաստ է։
Աշխատանքային միգրացիան՝ որպես այդպիսին, իհարկե, վատ բան չէ։ Սակայն մեր պարագայում դա արդեն վտանգավոր երևույթ է դառնում, քանի որ բացասական հաշվեկշիռը գնալով մեծանում է։ Իսկ աշխատանքային միգրանտները հնարավորության դեպքում իրենց մոտ են տանում իրենց ընտանիքներին և վերածվում են հիմնական միգրանտների։ Ժողովրդագրական տեսանկյունից սա լուրջ սպառնալիք է։
Այս վիճակագրությունը խոսում է այն մասին, որ սեփական քաղաքացուն երկրում պահելու համար անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ պայմաններ՝ նորմալ տնտեսություն, մրցակցություն, դինամիկ և արդարացի աշխատանքի շուկա և այլն։
Մեր իշխանությունները, սակայն, փորձում են խնդիրը լուծել հակառակ ծայրից՝ օրինակ, փորձում են համոզել Ռուսաստանին` դադարեցնել «Հայրենակիցներ» ծրագիրը, որով ՌԴ են ներգաղթում մեծ թվով հայեր, հիմնականում՝ երիտասարդներ։ Դա, ինչպես փորձը ցույց տվեց, որևէ արդյունք չի տալիս։
Իսկ ինչպիս՞ին է ընթացիկ իրավիճակը, և ի՞նչ միտումներ կարելի է նկատել՝ ուսումնասիրելով 2013թ. հունվար-փետրվարի միգրացիոն վիճակագրությունը։
Ցավոք, պատկերն առավել քան տխուր է։
Նույն պետական միգրացիոն ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից մեկնել է 272.918 մարդ, ժամանել՝ 250.796 մարդ։ Բացասական հաշվեկշիռը կազմել է 22.122 մարդ։
Սա ռեկորդային ցուցանիշ է՝ վատ իմաստով։
Նախորդ տարվա հունվար-փետրվարին արտագաղթի ցուցանիշը կազմել էր 14.394 մարդ, 2011-ին՝ 12.003։ Նշենք, որ 2000 թվականից մինչ օրս հունվար-փետրվար ժամանակահատվածում արտագաղթի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 2008 թվականին և կազմել 16.521 մարդ (տես նկար 2-ը)։
Նկար 2
Իսկ սա արդեն շատ տխուր եզրակացությունների տեղիք է տալիս։ Սա նշանակում է, որ մարդիկ գնալով ավելի քիչ են վստահում իշխանություններին, չնայած վիճակագրությունն արձանագրել է 7.2%-անոց տնտեսական աճ։ Մարդիկ ոչ միայն չեն հավատում այդ թվերին, այլև՝ չեն հավատում ապահով Հայաստանի տեսլականին։ Փոխարենը՝ նախընտրում են մեկնել այնտեղ, ուր այս պահին փաստացի իրենց կարող են թեկուզ մի փոքր ավելի ապահով զգալ, քան Հայաստանում։
Իսկ թե որքանով է այս պատկերն անհանգստացնում իշխանությանը՝ դժվար է ասել։ Չէ՞ որ նախընտրական շրջանում հնչած արտահայտություններից պարզ դարձավ, որ արտագաղթի համար մեղավոր են ոչ թե երկրի ղեկավարները, այլ հենց իրենք՝ արտագաղթողները։
Իսկ իշխանությանն անհանգստացնող միակ ցուցանիշը՝ ընտրողների թիվը, ինչպես հայտնի է, հակադարձ համեմատական է միգրացիայի ցուցանիշներին։ Որքան շատ են արտագաղթում, այնքան ընտրողների թիվը մեծանում է։ Եվ դատելով հունվար-փետրվարի՝ արտագաղթի ռեկորդային ցուցանիշից՝ կարելի է ենթադրել, որ մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների թիվն ավելացած կլինի մի քանի հազարով։