Բաժիններ՝

Եվ ընդհանրապես, ես խոստովանությունից եմ ուշանում…

Մենաստաններից մեկը գնացի՝ գիշերային հսկմանն ու խոստովանությանը մասնակցելու: Հասա հենց սկզբին, սակայն ուտել էի ուզում: Իսկ այնտեղ, մուտքից քիչ հեռու, մենաստանի կրպակն է, որտեղ թխվածք, թեյ-սուրճ և այլ համեղ բաներ են վաճառում: Հերթ կանգնեցի և երբ հերթն ինձ հասավ, մի տղամարդ ինձնից առաջ խցկվեց: «Ես արդեն կանգնած էի, հենց նոր գնեցի, այնպես որ բարի եղեք և այլն»:

Զզվելի անտաշ: Սափրագլուխ, որ ուզում է աչքի ընկնել: Դրամապանակն իմ պայուսակից հաստ է, որտեղ բացարձակապես ամեն ինչ տեղավորվում է:

Օծանելիքի բույրը… «Երկու սուրճ»,- ասում է: «Լուծվո՞ղ»,- հարցնում է վաճառողուհին: «Սև սուրճ և ամենալավը»,- իրեն երևակայում է անտաշը: Նաև ինչ-որ փքաբլիթներ, կարկանդակներ և էլի ինչ-որ բան գնեց…

«Ինչ է, կինը չի՞ կարող թխել, կամ սիրուհին,- մտածում եմ ես:- Եվ ընդհանրապես, ես խոստովանությունից ուշանում եմ»: Եվ այնպիսի հայացքով եմ նրան նայում, որ պետք է ուղղակի մոխրացներ նրան: Սակայն նա ինձ վրա ընդհանրապես ուշադրություն չի դարձնում՝ իր դիրքի մարդ չեմ: Նա վերջապես վերցրեց այն ամենն, ինչ ուզում էր և դուրս եկավ: Թեյ եմ խմում ու պատուհանից դուրս նայում: Եվ տեսնում եմ, թե այդ անտաշն ինչպես է իր «ամենալավ սև սուրճը» անտուններին տալիս: Նրանք քիչ հեռվում են տեղավորվել: Իր փքաբլիթներն ու կարկանդակներն էլ է տալիս: Ես նույնիսկ սկսեցի շնչահեղձ հազալ:

Կարդացեք նաև

Չհամբերեցի ու դուրս գալով մոտեցա նրանց: «Այս ամենը նրանց համար գնեցի՞ք»: «Այո՛: Այսօր իմ ծննդյան օրն է: Հյուրասիրում եմ»:

Նայում եմ՝ կարծես սթափ է: «Շնորհավորում եմ,- ասում եմ:- Կարելի՞ է այստեղ ձեզ հետ կանգնել (հետաքրքիր է, չէ՞)»: «Իհա՛րկե, կանգնեք»: Ականջներս սրած կանգնել եմ, իսկ նա անտուններին է հարցաքննում՝ ինչ է նրանց պատահել և այլն:

Եկեղեցասեր երկու տատիկ միացան մեր «խմբին»: Նույնպես մենաստան էին գնում: Եվ սկսեցին անտուններին ասել, որ այդպես ապրել չի կարելի, պետք է աշխատել:

Դե, ես էլ համաձայնվում եմ նրանց հետ… Իսկ այն անտաշը, մինչ մենք քարոզում էինք, բարձրացրեց անտուններից մեկի տաբատի փողքը, իսկ նրա ոտքն ամբողջովին թարախակալած և գարշահոտ էր: Շոշափում է այն, զննում:

Առանց ձեռնոցների: Ես չդիմացա. «Չե՞ք վախենում»: «Ես բժիշկ եմ»,- ասում է: Զննեց, դեղատոմս գրեց և գումարի հետ տվեց այդ անտուն մարդուն: Նայում եմ այդ քեռուն՝ նորմալ մարդ է: Բարի աչքեր ունի: Իսկ ես ինչ ասես մտածեցի նրա մասին: Իսկ անտունները գոհ են: Սուրճի հետ փքաբլիթ են ուտում… Իսկ ես ոտքերս քարշ տվեցի իմ խոստովանությանը: Իսկ ի՞նչ օգուտ…

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս