Վանաձոր համայնքի բյուջեից 12 տարի հատկացվող 1 մլնը մշտապես 2 լրատվամիջոցի է բաշխվել` այն էլ ոչ ամբողջությամբ
Հատկացումն արվել է քաղաքապետի հայեցողությամբ
Hetq.am կայքի հաղորդմամբ՝ սկսած 2000 թվականից` ամեն տարի Վանաձորի համայնքային բյուջեում 1 մլն դրամ է նախատեսվել` որպես «աջակցություն քաղաքի ԶԼՄ-ներին»: Քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն` այդ գումարը լրատվամիջոցներին հատկացվել է «նրանց գրավոր խնդրանքի և կարիքների ներկայացման հիման վրա»:
«Քաղաքապետի անունով գրություն ենք ուղարկում, իրենք որոշակի ցույց են տալիս աջակցություն: Տարի է եղել` 200 հազար է եղել, տարի է եղել` 300 է եղել, տարի է եղել` 1 անգամ ենք դիմել, տարի` 2 անգամ կտոր-կտոր են փոխանցում արել: Անցած տարի համեմատաբար բարվոք էր թերթի վիճակը, ես չդիմեցի այն պայմանով, որ այս տարի պետք է դիմեմ: Չգիտեմ` անցած տարվա չդիմելը հաշվի կառնվի՞ աջակցություն տալուց, թե՞ չէ, բայց այդպես պայմանավորվեցինք քաղաքապետի հետ: Չի եղել որևէ անգամ, որ ես գրություն ուղարկեմ քաղաքապետին, մերժեն, ասեն` հիմա գումար չկա: Իսկ մեծ մասամբ, բանավոր պայմանավորվել ենք, նոր եմ ես գրությունը ուղարկել»,-ասում է «Լոռու մարզ» թերթի խմբագիր Մանվել Միկոյանը, ում թերթն, իր խոսքով, 10 տարի անընդմեջ աջակցություն է ստացել համայնքի բյուջեից:
Մինչդեռ Վանաձորի մյուս լրատվամիջոցներից «Միգ» հեռուստաընկերությունը 12 տարվա ընթացքում չի իմացել աջակցության հատկացման կարգի, իսկ «9-րդ ալիք» հեռուստաընկերությունն` ընդհանրապես աջակցության մասին: «Որտե՞ղ է գրված, որ անպայման պիտի դիմում գրենք,-ասում է «Միգի» տնօրեն Սամվել Հարությունյանը,-Եթե դիմում անհրաժեշտ էր, ուրեմն պիտի իրազեկեն մեզ օժանդակության ստացման կարգը: Ունեն լրատվության բաժին, որ մեզ հետ պարբերաբար աշխատում է. Դժվա՞ր էր իր միջոցով ծանուցել: Դա իրենց բարոյական պարտականությունն է` հավասարություն ու անաչառություն ապահովելու համար»:
«Միգը» 2 անգամ է համայնքային բյուջեից գումար ստացել, բայց, տնօրենի խոսքով, դա աջակցության իրենց հասանելիք գումարը չի եղել: «Նախանցած տարի ամանորյա շնորհավորանքի նկարահանման ժամանակ քաղաքապետը երեխեքին ասել էր, որ ես դիմում գրեմ, որ ֆինանսական աջակցություն ցույց տա: Գրեցի, ու 100 հազար փոխանցեց: Չգիտեմ` ինչի համար եմ ստացել, բայց բյուջեով նախատեսված այդ կետի պահով չի կարող լինել: Կարծեմ դա ու ևս 1 անգամ` 7-8 տարի առաջ 200 հազար: Խնդիրն այն է, որ եթե 1 միլիոնը ամեն տարի տրվել է, ապա անազնիվ բաշխում է եղել. դա միանշանակ է: Այլապես ինձ ամեն տարի ամենաշատն է հասնում, քանի որ ես 2 ԶԼՄ եմ ներկայացնում` թիվի և ռադիո` անկախ լիցենզիաներով: Իսկ եթե չի փոխանցվել, ուրեմն մենք այս քաղաքի խորթ զավակն ենք»,-ասում է Ս. Հարությունյանը: «Միգի» տնօրենը հիշում է, որ երբ 2004-ին ավագանու նիստում բարձրացվել է իրենց աջակցելու հարցը, քաղաքապետն ասել է, թե «Միգը» փողի կարիք չունի:
«9-րդ ալիքի» տնօրեն Լիլյա Աբրահամյանն էլ նշում է. «Երբևէ չենք ստացել, չենք էլ իմացել, որ ինչ-որ մեկը աջակցություն է ստանում: Միշտ հայտարարությունները` քաղաքապետի ստորագրությամբ ինձ ուղղված նամակով, բերել են ինձ տվել, մենք էլ անվճար հեռարձակել ենք: Դե միշտ մտածել եմ, որ բոլորն են այդպես անում, չեմ էլ կասկածել նույնիսկ, որ կարող է դրա համար գումար է հատկացվում: Էլի աջակցենք, էլի անվճար անենք ամեն ինչ, բայց վերջիվերջո պիտի հասկանան, որ անարդարությունն էլ վերջ ունի»:
Հատկացումն արվել է առանց հիմնավորումների
Վանաձորյան ԶԼՄ-ներին 12 տարի տրվող ֆինանսական աջակցությունից մշտապես օգտվել են միայն «Լոռու մարզ» թերթն ու «Լոռի» հեռուստաընկերությունը, որոնք ոչ մի անգամ չեն հիմնավորել իրենց պահանջը: Հատկացումն արվել է «աջակցություն լրատվամիջոցներին» բյուջեի տողով, բայց, «Լոռու մարզ» թերթի խմբագիր Մ. Միկոյանի խոսքով` այդ գումարն ստացել են քաղաքապետարանի հայտարարություններն անվճար տպագրելու համար: «Պահանջը արդեն իրենք գիտեն, որ հիմնավորված է, որովհետև այդ հայտարարությունների քանակը, բնականաբար, գումարային առումով շատ ավելի շատ է լինում, քան իրենց աջակցությունը, Էդտեղ հիմնավորելու կարիք չկա, իրենք արդեն գիտեն»,-ասում է թերթի խմբագիրը:
«Լոռի» հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը, սակայն, հակադարձում է այս կարծիքին. «Եթե նույնիսկ աջակցություն. ո՞ւմ, ի՞նչ չափով և ինչո՞ւ: Մեկն էլ ես եմ, գուցե ինձ չի հասնում այդ գումարը: Ավագանին մի օր թող գա, դուռը ծեծի, ասի` ինչ ես արել այդ գումարը, չէ՞ որ քեզ ենք տվել: Գումարը հատկացնում են, բայց հետո չեն պահանջում ոչ մի հաշվետվություն, և դա մեր քաղաքի հարկատուների գումարներից առաջացած գումար է: Ինչպես որ մեկը դիմում է գրում, խնդրում է վիրահատության կամ դողորայքի փող կամ չգիտեմ ինչ, նույնն էլ սա է ստացվում»: Ըստ նրա` ոչ թե քաղաքապետարանն է աջակցել` իր հայտարարությունների ու գովազդների համար որպես փոխհատուցում գումար հատկացնելով հեռուստաընկերությանը, այլ փոխադարձ աջակցություն է եղել. ամսվա ընթացքում «Լոռին» քաղաքապետարանից առնվազն 10 հայտարարություն է հեռարձակում, ինչը հարկային մարմիններին ներկայացվող փաստաթղթերում ձևակերպվում է որպես քաղաքապետարանին ցուցաբերվող աջակցություն:
Ն. Ավետիսյանը բազմիցս առաջարկել է քաղաքապետարանին` պայմանագիր կնքել, կոնկրետ պատվեր ձևակերպել և վճարել մատուցվող ծառայությունների շրջանակում, բայց պատասխանել են, որ բյուջեում համապատասխան գումար չունեն նման պատվերների համար: Այնինչ քաղաքապետարանի հայտարարությունների մեջ երբեմն նաև երրորդ անձին վերաբերող հայտարարություններ են լինում: «Այսինքն` այս կամ այն քաղաքացու ցուցահանդես և այլն. դա արդեն երրորդ անձի հայտարարություն է»,-նշում է Ն. Ավետիսյանը: «Այնպես չէ, որ քաղաքապետարանը միշտ մեզ աջակցել է, մենք էլ անշնորհակալ ենք, մենք էլ քաղաքապետարանին ենք աջակցել: Հարց է` ո՞վ, ո՞ւմ, ինչքա՞ն է աջակցել»,-ասում է Ն. Ավետիսյանը` ավելացնելով, որ 2012 թվականին քաղաքապետարանի հայտարարությունների գինը, ըստ «Լոռի» հեռուստաընկերության գնացուցակի, գերազանցել է 500 հազար դրամը:
Հատկացվող 1 մլնն ամբողջությամբ չի բաշխվել ԶԼՄ-ներին
Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական տեղեկատվությամբ` 2011 թվականին համայնքի բյուջեից «Լոռու մարզ» թերթին հատկացվել է 150 հազար դրամ, «Լոռի» հեռուստաընկերությանը` 850 հազար դրամ, իսկ 2012-ին` «Միգ» հեռուստաընկերությանը՝ 100 հազար դրամ, «Լոռի» հեռուստաընկերությանը՝ 500 հազար դրամ: Նախորդ 10 տարիների վերաբերյալ քաղաքապետարանը տեղեկություններ չի տրամադրել` պատճառաբանելով, թե լրացուցիչ աշխատանք է պահանջվում արխիվային փաստաթղթերում: «Տարի է եղել, որ 1 մլն-ը չի լրացել, այսինքն` այդ 1 մլն-ից մի 200-300 հազար մեզ են հատկացրել, կես միլիոն էլ` «Լոռիին», ու մնացած գումարը մնացել է, չի հատկացվել: Չէ, չի փոխանցվել հաջորդ տարվա, եթե չհատկացվեց, մնում է, այլ նպատակներով է ծախսվում, հա դե բյուջե է»,-ասում է «Լոռու մարզ» թերթի խմբագիրը: «Լոռի» հեռուստաընկերության տնօրենն էլ ավելացնում է. «2011-ին 350 հազար դրամ ենք ստացել, ոչ թե 500 հազար: Մնացորդը մեզ խոստացան` 2012-ին կփոխանցեն, համապատասխան գրությունը գրեցի, բայց 2012-ին 500 հազար գումար փոխանցեցին, այսինքն` այդ 150-ը մնաց»: Ուստի` ոչ պատահականորեն, երբ Վանաձորի ավագանու վերջին նիստերից մեկում նախագիծ էր ներկայացվել, որ բյուջեից ԶԼՄ-ներին հատկացվող 1 մլն դրամ աջակցությունն ավելացվի ևս 2,5 մլն-ով, Վանաձորի քաղաքապետը պնդում էր, որ նախ ԶԼՄ-ներին հատկացվելիք գումարի չափը հաստատվի:
«Հանձնաժողով ստեղծեք, առաջարկներ ներկայացրեք համայնքի ղեկավարին: Եվ եթե դուք գումարը հաստատեք, արդեն այդ գումարը տնօրինողը օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարն է: Դուք էլ ձեր հանձնաժողովը ստեղծեք, առաջարկ ներկայացրեք, ինքն էլ ձեր առաջարկով այդ գումարը կտնօրինի»,-ավագանու անդամներին հորդորում էր աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը: Բայց ավագանու անդամները, հակառակ քաղաքապետի, առաջարկում էին յուրաքանչյուր լրատվամիջոցին տրամադրելիք գումարի չափը հստակեցնելուց հետո միայն հարցը դնել քվեարկության, որպեսզի բյուջեով նախատեսվող գումարը չտրվի մեկ հեռուստաընկերության կամ թերթի, այլ բոլոր լրատվամիջոցներն օգտվեն այդ հատկացումից, ավագանու անդամներն էլ իմանան, թե գումարն ինչպես է բաշխվելու ԶԼՄ-ների միջև: Այդպես էլ քվեարկությամբ հարցը հանվեց օրակարգից:
«Հետքը» հարցեր է ուղղել նաև Վանաձորի քաղաքապետի օգնական Էդիկ Հովսեփյանին` տեղական ԶԼՄ-ներին հատկացվող ֆինանսական աջակցության վերաբերյալ:
-Ի՞նչ նպատակով են ֆինանսական միջոցներ հատկացվում ԶԼՄ-ներին:
-Աջակցություն քաղաքային այն ԶԼՄ-ներին, որոնց գրանցումը Վանաձորինն է, Վանաձորի գրանցում ունեն: Դրանք հեռուստաընկերություններ են, տպագիր մամուլ են: Քաղաքապետարանը նպատակ ունի գումարը ավելացնել ԶԼՄ-ների համար, որովհետև մեր հեռուստաընկերությունները, տպագիր մամուլը էս գնագոյացման և գների աճման պայմաններում խնդիրներ ունեն: Իսկ մեր համայնքը կարևորում է ԶԼՄ-ների աշխատանքը: Դրա համար էլ քաղաքապետարանը որոշել է, որ ԶԼՄ-ներին հատկացվող գումարը ավելացնի:
-Աջակցություն ասելով` ի՞նչ նկատի ունեք. աջակցություն լրատվամիջոցին համայնքի բյուջեից. 10 տարի աջակցություն է ցուցաբերվել, ինչի՞ համար:
-Իսկ իրենց չե՞ք հարցրել` ինչի՞ համար: Ուրեմն` հաղորդումներ են վարում, հայտարարություններ են տալիս: Գրավոր մենք իրենց հայտարարություններ ենք տալիս, այդ հայտարարությունների դիմաց:
-Իսկ գումարը որ հատկացվել է, համաչա՞փ է եղել հաղորդումների ու հայտարարությունների քանակին:
-Դուք հարկային տեսչությունի՞ց եք, դա հարկայինը գնում է, ստուգում է:
-Հետաքրիքր է ուղղակի` քաղաքապետարանն իր տված հայտարարությունների քանակո՞վ է գումար հատկացրել, թե՞ ավել կամ պակաս:
-Չէ, միայն հայտարարություն չէ: Դա և՛ հայտարարության համար է, և՛ որպես աջակցություն: Ամեն մի հեռուստաընկերություն առանձին իր ֆունկցիան ունի, առանձին իրավիճակ ունի, առանձին խնդիրներ ունի, և միանման չեն խնդիրները: Իրենք տալիս են նաև մեր հայտարարությունները, նաև լուսաբանում են քաղաքապետարանի աշխատանքները: Եվ դրա համար մենք նրանց օգնություն ենք հատկացնում:
-Քաղաքապետարանի աշխատանքները լուսաբանելու համա՞ր եք գումար հատկացնում, պարո՛ն Հովսեփյան:
-Հիմա մենք գումար հատկացնում ե՞նք, չենք հատկացնում:
-Նախկինում:
-Նախկինում` այո:
-Այսինքն` ստացվում է լրատվության համար:
-Ոչ, լրատվության համար երբե’ք, լուրերի համար երբե’ք: Օրինակ` մարդիկ քաղաքապետարանի վերաբերյալ առանձին հաղորդում են պատրաստում կամ հաղորդաշարեր են եղել ժամանակին, այդ հաղորդաշարերը ծախսեր են պահանջում, դրա դիմաց:
-Մի հաղորդաշար կնշե՞ք:
-Արխիվը նայեմ, կնշեմ:
-Դե ուրեմն «Միգ» հեռուստաընկերությունն էլ է նույն ձևով հաղորդումներ պատրաստել, լուսաբանել քաղաքապետարանի աշխատանքները, հայտարարություններ հեռարձակել, բայց գումար չի ստացել: Կամ «9-րդ ալիք» հեռուստաընկերությունը:
-Ինքը չի դիմել, եթե գրավոր դիմած լիներ, մերժած լինեին, դա ուրիշ բան, բայց այդպիսի բան ես չեմ հիշում, որ իրեն մերժած լինեն գրավոր:
-Պետք է դիմե՞ր, ի՞նչ կարգով, դիմումի ձևո՞վ:
-Դիմումի ձևով, այո՛:
-Լրատվամիջոցները գիտեի՞ն այդ մասին:
-Այո, այո, բոլորն էլ տեղյակ էին:
-Ավագանու նիստում նախագիծ էր ներկայացվել, որ ԶԼՄ-ներին հատկացվող գումարն ավելացվի` այն հիմնավորումով, որ տեղական լրատվամիջոցներ են ավելացել, որոնց թվում նշվում էր նաև Ձեր կայքի անունը` armweeklynews. com: Դուք այն համարում եք քաղաքային լրատվամիջո՞ց, պարո’ն Հովսեփյան:
-Այո, ես ինձ համարում եմ որոշակի իմաստով տեղական լրատվամիջոց:
-Որը երբեք չի անդրադարձել որևէ համայնքային խնդրի:
-Որտեղի՞ց գիտեք, որ չի անդրադարձել:
-Հետևում եմ կայքի աշխատանքին:
-Ուրեմն ձեր թերի եզրակցությունը ձեզ պահեք: Եթե լավ հետևեիք, կտեսնեիք, որ անդրադարձել եմ:
-Իսկ ի՞նչ խնդիրներ եք բարձրացրել մինչ օրս:
-Հիմա իմ կայքի հա՞րցն ենք քննարկում, ես չեմ պատրաստվում Ձեզ հետ իմ կայքի հարցը քննարկեմ:
-Դո՞ւք դիմում չեք ներկայացրել ԶԼՄ-ներին տրվող աջակցությունն ավելացնելու համար: (Առաջարկն արվել էր «Ֆորտունա» հեռուստաընկերության կողմից):
-Ոչ ես չեմ ներկայացրել, սխալ ինֆորմացիա ունեք, ոչ մի դիմում ոչ մեկին ես չեմ ներկայացրել: Դուք տվյալ ունե՞ք, որ դիմում եմ ներկայացրել:
-Հարցնում եմ:
-Դիմում չեմ ներկայացրել, չեմ էլ ներկայացնելու: Իմ կայքը, որի սեփականատերը առայժմ ինձ հետ ուրիշ մարդ է, իրավական կարգավիճակը միայն նվիրատվությունների հիման վրա է ֆինանսավորում: Իմ կայքը ոչ մի կապ չունի Վանաձորի քաղաքապետարանի հետ: Չի էլ ունենալու, ես ձեզ պաշտնապես ասում եմ:
-Այդ դեպքում ո՞ր լրատվամիջոցն է ներկայացրել, «Ֆորտունա՞ն»:
-Ոչ, «Ֆորտունան» չի ներկայացրել, ոչ մի լրատվամիջոց: Զեկուցագիրը ներկայացվել է, որ աճել են, զեկուցագիրը ներկայացրել եմ ես, ձեզ ի՞նչն է անհանգստացնում:
-Կտրամադրե՞ք զեկուցագրի պատճենը:
-Ոչ:
-Ինչո՞ւ:
-Իսկ ինչո՞ւ պիտի տրամադրենք, ավագանու նիստի ժամանակ բաժանվել է, կարող էիք այն ժամանակ վերցնել: Ձեզ չի՞ բավարարում, որ ես ասում եմ` ես դեմ եմ, որ ինձ հատկացվի:
-Ընդամենը նայենք հիմքը` ինչի հիման վրա է պահանջը:
-Չէ, ես այդքան ժամանակ չունեմ, որ ձեզ տրամադրեմ: Ես պաշտոնապես ասում եմ` իմ կայքը երբեք օգնություն չի ստանա, ես դեմ եմ, իրավական տեսակետից էլ հնարավորություն չունի ստանալու: Զեկուցագորւմ նշված է, որ լրատվամիջոցները աճել են, հա իմ լրատվամիջոցի անունն էլ է, բայց դա չի նշանակում, որ պետք է սնվեն: Քաղաքապետարանի տեսակետը այսպես է` ավելացնել ԶԼՄ-ներին հատկացվող ֆինանսական միջոցերը, որպեսզի բոլոր ԶԼՄ-ներին հասանելի լինի որոշակի ծառայություն մատուցելու դիմաց ֆինանսներ կամ օգնություն ստանալը:
-Մի խոսքով` քաղաքապետարանի պատվերների դիմաց վճարելիք գումար է լինելու:
-Դե ես չգիտեմ ինչ կլինի, դեռ չի որոշել ավագանին, նախ չի հաստատել, երկրորդն էլ բաշխման կարգը չի որոշել: