Ընտրյալը. դատավոր Մնացական Մարտիրոսյանին պատասխանատվության չեն ենթարկել՝ նրա առաջխաղացումն ապահովելու նպատակով. Factor.am
Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների անկախությունը երաշխավորո՞ղ, թե՞ նրանց պատժող մարմին է։ Ինչպե՞ս է ստացվում, որ մի դեպքում խորհուրդն անընդմեջ նիստեր է նշանակում ու դատավորներին կարգապահական տույժերի ենթարկում, իսկ մյուս դեպքում նրանց ազատում է հնարավոր տույժերից՝ պատճառաբանելով, թե օրենքով սահմանված ժամկետում չի հասցնում ավարտել գործի քննությունը։ Չի՞ հասցնում, թե՞ չի ցանկանում։ Այս մասին գրում է factor.am-ը:
Factor TV-ի հետաքննությունը պարզել է մեկ դատավորի՝ Մնացական Մարտիրոսյանի կարգապահական գործի օրինակով։ 2022 թվականի մայիսի 30-ին արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ։
Վարույթի առիթը ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ «Վարդան Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021 թվականի մայիսի 18-ի վճիռն էր: Վարդան Ջհանգիրյանը դիմել էր դատարան՝ հայտնելով, որ 2008 թվականին, չնայած վատառողջ լինելուն և իրեն ցուցված անկողնային ռեժիմին, դատարանն իրեն հարկադրել է մասնակցել իր գործով դատական լսումներին։ ՄԻԵԴ-ն արձանագրել էր գործը քննող դատավոր Մարտիրոսյանի անտարբեր վերաբերմունքը Ջհանգիրյանի առողջության նկատմամբ և նշել, որ «Հայաստանը խախտել է նրա՝ խոշտանգումներից կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու իրավունքը»։ «Դիմումատուին պատճառել են ոչ միայն ֆիզիկական ցավ, ինչպես նա պնդում է, այլև հուզական տառապանք, ինչպես նաև առաջ են բերել հոգեկան ցավի և անզորության սաստիկ զգացումներ, որը կարող էր նվաստացուցիչ լինել նրա համար։ Դատարանը համարում է, որ այս զգացումների սաստկությունը գերազանցում է 3-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ ծանրության մակարդակը։ Հետևաբար, դատարանը գտնում է, որ դիմումատուն ենթարկվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի»,– արձանագրել է դատարանը։ Հուլիսի 29-ին արդարադատության նախարարը միջնորդություն է ուղարկել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որը Խորհրդում ստացվել է հուլիսի 30-ին: Բարձրագույն դատական խորհուրդը 3 ամսում 5 նիստ է նշանակել, 1-ը՝ ժամկետանց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ստանալու պահից՝ եռամսյա ժամկետում: Օրենսգրքի 148-րդ հոդվածով սահմանվում է նաև, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը և կարգապահական վարույթի նյութերը ստանալու պահից երկու շաբաթվա ընթացքում դատավորն իրավունք ունի Բարձրագույն դատական խորհուրդ և վարույթ հարուցող մարմին պատասխան ուղարկել։ Այսինքն՝ Խորհուրդը, մինչև գործի քննությունը սկսելը, առնվազն երկու շաբաթ պետք է սպասի դատավորի պատասխանին, որից հետո կարող է նիստ նշանակել։ Օրենքով, սակայն, սահմանվում է նաև, որ դատավորի կողմից պատասխան չուղարկելը չի խոչընդոտում Խորհրդում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությանը։ Այժմ անդրադառնանք հարցին, թե ինչ է տեղի ունեցել Մնացական Մարտիրոսյանի կարգապահական գործի դեպքում։ 2022 թվականի օգոստոսի 15-ին ԲԴԽ-ն ստացել է դատավորի գրությունն այն մասին, որ նիստը նշանակվի հոկտեմբերից ոչ շուտ, քանի որ ինքը գտնվում է արձակուրդում, իսկ հետո ծանրաբեռնված է: Թեև դատավորի խնդրանքը մերժվել է՝ առաջին նիստը ոչ թե անհապաղ, այլ 10 օր անց է նշանակվել, այն էլ՝ չի կայացել։
Ընդհանուր առմամբ՝ այս գործով 5 նիստ է նշանակվել, որոնցից միայն 1-ն է կայացել։ Մյուս նիստերը հետաձգվել են կա՛մ Մարտիրոսյանի, կա՛մ ԲԴԽ անդամների բացակայության պատճառով: Factor TV-ն ուսումնասիրել է կարգապահական գործով նիստերի հետաձգման հանգամանքները։ Մեր հետաքննությունը ցույց է տալիս, որ նիստերն ամենևին էլ պատահական չեն հետաձգվել։ Մնացական Մարտիրոսյանը փոխել է արձակուրդի ժամանակահատվածը Առաջին՝ օգոստոսի 25-ի նիստը հետաձգվել է՝ Մարտիրոսյանի՝ արձակուրդում գտնվելու պատճառով։ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 58-րդ հոդվածի համաձայն՝ դատարանի նախագահը մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը հաստատում է դատավորների ամենամյա հերթական արձակուրդի ժամանակացույցը և հրապարակում դատական իշխանության պաշտոնական կայքում։ Դատավորին կարող է տրամադրվել հաստատված ժամանակացույցին չհամապատասխանող ժամանակահատվածում արձակուրդ, որը նույնպես ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում: Այս կայքում, սակայն, դատավորների 2022 թվականի արձակուրդների վերաբերյալ տվյալներ առկա չեն։ Պատճառը, ըստ ԲԴԽ-ից ստացված գրավոր պատասխանի, տեխնիկական խնդիրներն են։ Նկատի ունենալով տվյալների բացակայությունը՝ ԲԴԽ-ի աշխատակազմը համարվող Դատական դեպարտամենտին գրավոր հարցում ենք ուղարկել՝ խնդրելով տրամադրել դատավորների՝ նախապես հաստատված և փոփոխված ժամանակացույցով արձակուրդների ժամանակահատվածը: Խորհրդի աշխատակազմ համարվող Դատական դեպարտամենտից ստացված տվյալների համաձայն՝ 2022-ի օգոստոսին Մարտիրոսյանն ամենամյա հերթական արձակուրդի ժամանակացույցով հաստատված արձակուրդ չի ունեցել։ Նրան ժամանակացույցին չհամապաասխանող ժամանակահատվածում արձակուրդ է տրամադրվել Երևանի դատարանի նախագահի՝ հուլիսի 12-ի հրամանով։
Հիշեցնենք, որ Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ վարույթը հարուցվել էր մայիսի 30-ին։ Այսինքն՝ այն ժամանակ, երբ արդեն իսկ դատավորին հայտնի է եղել վարույթի մասին, նա դիմել է Երևանի դատարանի նախագահին՝ իրեն արձակուրդ տրամադրելու վերաբերյալ, և դիմումը բավարարվել է։ Գործի քննության համար սահմանված եռամսյա ժամկետի 1 ամիսը սպառած ԲԴԽ-ն չի շտապել հաջորդ նիստի հարցում, և այն նշանակել է ևս մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 22-ին։ Սա միակ նիստն է, որը կայացել է։ Այս օրը դատավորի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել Խորհրդին կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ, որի կապակցությամբ Խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, սակայն մի ամբողջ ամիս որոշումը չի հրապարակել։ ԲԴԽ-ի խորհրդակցական սենյակի լռությունը հասկանալու համար ուսումնասիրել ենք այդ օրերին Խորհրդի շուրջ ծավալված իրադարձությունները, ինչն էլ հետագայում իր ազդեցությունն է ունեցել Մարտիրոսյանի գործի վրա: Մինչ որոշումը կհրապարակվեր՝ ԲԴԽ-ում առանցքային փոփոխություններ են տեղի ունեցել։ Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Անդրեասյանն ու վերջինիս տեղակալ Երանուհի Թումանյանցը հոկտեմբերի 6-ին ընտրվել են ԲԴԽ անդամներ։ Մեկ օր անց՝ հոկտեմբերի 7-ին, Անդրեասյանն ընտրվել է նախագահ։ Դրանից 4 օր անց՝ հոկտեմբերի 11-ին, Մարտիրոսյանի գործով դատական կազմի դատավոր, ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, հոկտեմբերի 13-ին նրա լիազորությունները դադարել են։ Ըստ ԲԴԽ կայքում առկա տեղեկության՝ հենց այդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, պետք է հրապարակվեր վարույթը կարճելու միջնորդության վերաբերյալ որոշումը: Այն, սակայն, չի հրապարակվել։ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Գրիգոր Բեքմեզյանը հայտնել է, որ սեպտեմբերի 22-ին խորհրդակցական սենյակ հեռացած ԲԴԽ-ն մինչև իր լիազորությունների դադարման պահը՝ հոկտեմբերի 13-ը, Մարտիրոսյանի միջնորդության վերաբերյալ որոշում կայացրած չի եղել։ Հոկտեմբերի 13-ի ԲԴԽ նիստը հետաձգվել է՝ քվորում չլինելու պատճառով Հոկտեմբերի 13-ին կայացած հերթական նիստը հետաձգվել է՝ քվորում չլինելու պատճառով։ ԲԴԽ նորընտիր անդամներ Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը որպես դատավոր հանդես գալ չէին կարող արդեն սկսված վարույթով, Բեքմեզյանը, փաստորեն, այլևս ԲԴԽ անդամ չէր, իսկ մեկ այլ անդամ՝ Վիգեն Քոչարյանը, հոկտեմբերի 9-ից մեկնել էր գործուղման։ ԲԴԽ ուղարկված գրավոր հարցմանն ի պատասխան՝ Վիգեն Քոչարյանը հայտնել է, որ հոկտեմբերի 9-ից 14-ը ներառյալ գործուղվել էր՝ մասնակցելու Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպայի խորհրդի եվրոպական հանձնաժողովի նիստերին: Սեպտեմբերի 22-ին խորհրդակցական սենյակ հեռացած ու մինչև հոկտեմբերի 13-ը որոշում չկայացրած Խորհրդին, սակայն, հայտնի է եղել, որ Քոչարյանը մեկնելու է գործուղման։ Քոչարյանը, մասնավորապես, հայտնել է, որ միջոցառումից 1-1,5 ամիս առաջ արդեն հայտնի է եղել, որ ինքը մեկնելու է գործուղման։ Այսպիսով՝ Վիգեն Քոչարյանի գործուղման մասին նախապես տեղյակ Խորհուրդը չի շտապել մինչև նրա մեկնելը որոշում կայացնել Մարտիրոսյանի միջնորդության վերաբերյալ։ Ավելին՝ հոկտեմբերի 14-ին Քոչարյանի գործուղումն ավարտվել է, բայց նիստեր չեն նշանակվել մինչև հոկտեմբերի 27-ը։ Հիշեցնենք, որ Խորհուրդը հուլիսի 30-ին էր ստացել միջնորդությունը, այսինքն՝ հոկտեմբերի 31-ին լրանում էր միջնորդության քննության համար օրենքով սահմանված եռամսյա ժամկետը։ Ստացվում է՝ նիստը նշանակվել է եռամսյա ժամկետի ավարտից ընդամենը չորս օր առաջ։ Բայց, որ ավելի հետաքրքիր է, այս նիստը ևս չի կայացել։ Վատառողջ լինելու պատճառաբանությամբ ԲԴԽ չներկայացած դատավորը դատարանում նիստեր է անցկացրել Հոկտեմբերի 27-ին Մնացական Մարտիրոսյանը նիստին չի ներկայացել։ Նրա փաստաբան Գնել Մուղնեցյանը դիմում է մուտքագրել Դատական դեպարտամենտ՝ հայտնելով, որ դատավորն առողջական խնդիրներ ունի և հետազոտություն է անցնում։ Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը նիստը կարող էր անցկացնել նաև Մնացական Մարտիրոսյանի բացակայությամբ, հատկապես, որ նա ուներ փաստաբան և, ամենակարևորը, միջնորդության քննության ժամկետի ավարտին չորս օր էր մնացել։ Սակայն Խորհուրդն այս նիստը ևս հետաձգել է։ Մինչդեռ Մնացական Մարտիրոսյանը, որը չի մասնակցել ԲԴԽ-ում իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությանը՝ պատճառաբանելով, որ առողջական խնդիրներ ունի և հետազոտություն է անցնում, անցկացրել է իր վարույթում հոկտեմբերի 27-ին նշանակված բոլոր նիստերը։ Այսպես՝ առաջին նիստը դատավորի վարույթում նշանակված է եղել հոկտեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ին, երկրորդը՝ 12։00-ին, իսկ երրորդը՝ 16։00-ին։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում դրանց բոլորի դիմաց առկա է «կայացել է» նշումը։ Իսկ Բարձրագույն դատական խորհրդում Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ նիստը նշանակված էր ժամը 15։00-ին։
Ի՞նչ է ստացվում, դատավոր Մարտիրոսյանը հոկտեմբերի 27-ին բավարար առողջական վիճակ է ունեցել այլ անձանց դատելու համար, բայց ԲԴԽ-ում, այսպես ասած, իր դատին մասնակցել չի կարողացել: Կա՛մ նրա առողջական վիճակը, հետաքրքիր զուգադիպությամբ, կտրուկ վատացել է հենց ԲԴԽ-ում իր գործի քննության ժամին, կա՛մ հենց այդ ժամին է դատավորը որոշել բժշկական հետազոտություն անցնել, որից մեկ ժամ անց վերադարձել է աշխատանքի։ Դատական դեպարտամենտ ուղարկված հարցմամբ փորձել ենք պարզել, թե ըստ բժշկական փաստաթղթերի՝ Մարտիրոսյանը որ ժամին է անցել հետազոտությունը, բայց այս հարցին կառույցից հրաժարվել են պատասխանել։ Ինքը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը ևս հրաժարվեց տեսախցիկի առջև մեկնաբանություն տալ, նրան գրավոր հարցում ենք ուղարկել՝ խնդրելով հայտնել, թե օրվա որ ժամին է անցել բժշկական հետազոտությունը և ինչու է հենց Խորհրդում իր վերաբերյալ նիստի օրը որոշել անցնել այդ հետազոտությունը։ Դատավորը, սակայն, պատասխանել է, թե չի հիշում։ «Օրն ու ժամը չեմ հիշում։ Բժշկական հետազոտություններն անցել և անցնում եմ՝ ըստ առողջական վիճակով պայմանավորված անհրաժեշտության, անկախ աշխատանքային և այլ ծանրաբեռնվածությունից»,- գրել է Մնացական Մարտիրոսյանը։ ԲԴԽ-ից չեն պարզաբանում՝ ինչու հնարավոր չի եղել օրենքով սահմանված ժամկետում քվորում ապահովել Ինչևէ, կարգապահական հաջորդ նիստը նշանակվել է նոյեմբերի 3-ին, երբ գործի քննության եռամսյա ժամկետն արդեն ավարտվել էր։ Իսկ ինչո՞ւ է ժամկետանց նիստ նշանակվել։ Բարձրագույն դատական խորհուրդն ասում է, թե ավելի վաղ հնարավոր չի եղել քվորում ապահովել, ԲԴԽ նախագահին և Դատական դեպարտամենտի ղեկավարին գրավոր հարցումներ ենք ուղարկել՝ պարզելու համար, թե ինչու հնարավոր չի եղել քվորում ապահովել, սակայն նրանք հրաժարվել են պատասխանել մեր հարցումներին։ Իսկ արդեն նոյեմբերի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է առանց քննության թողնել Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ կարգապահական գործի քննության համար նախատեսված եռամսյա ժամկետն անցել է։ Իսկ արդյո՞ք սպառվել էին կարգապահական գործի քննությունը շարունակելու բոլոր հնարավորությունները։ Պարզվում է՝ ոչ։ Դատական օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացառիկ դեպքերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը, Բարձրագույն դատական խորհրդի հիմնավորված որոշմամբ, կարող է ոչ ավելի, քան երեք ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով: Բայց Բարձրագույն դատական խորհուրդը համարել է, որ առկա չեն եղել բացառիկ հանգամանքներ։ «Որպես բացառիկ դեպք՝ հարցի քննության համար օրենքով սահմանված եռամսյա ժամկետը ևս երեք ամսով երկարաձգելու հնարավորությունը կարող է գնահատվել և գործադրվել միայն հարցի քննությունը սկսված լինելու պայմաններում»,- Մնացական Մարտիրոսյանի գործն առանց քննության թողնելու որոշման մեջ նշել է Խորհուրդը։ Այսինքն՝ Բարձրագույն դատական խորհուրդը համարել է, որ Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը նոյեմբերի 3-ի դրությամբ սկսված չի եղել։ Սա այն դեպքում, երբ Խորհուրդը սեպտեմբերի 22-ին արդեն իսկ քննել ու հոկտեմբերի 27-ի որոշմամբ մերժել էր Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ գործը կարճելու մասին նրա ներկայացուցչի միջնորդությունը։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հարցի քննությունը սկսված չլինելու վերաբերյալ Խորհրդի մեկնաբանությունն իրավական աճպարարաություն է որակում։ «Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական վարույթ քննելիս հանդես է գալիս որպես դատարան, իսկ դատարանը նիստերից դուրս չի կարող միջնորդություն քննել, ուստի այս հիմնավորումներն իրավական աճպարարության շարքից են և որևէ կերպ չեն արտացոլում օրենսդրի նպատակը, օրենքում տրված ձևակերպումները և չեն բխում նաև ԲԴԽ-ի՝ որպես դատարանի իրավասություններից»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։ Տարբերակված մոտեցում՝ դատավորների նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը 2023-ի հունիսին ամենօրյա ռեժիմով քննվում էին դատավոր Դավիթ Հարությունյանի, ՄԻԵԴ վճռի հիմքով դատավորներ Աստղիկ Խառատյանի, Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթները։ Դատավորները խնդրում էին իրենց նիստին պատրաստվելու համար ժամանակ տրամադրել, բայց ապարդյուն։ Դավիթ Հարությունյանի գործի քննությունը շարունակվեց նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինիս փաստաբանները գործադուլ էին անում, իսկ ինքը՝ Հարությունյանը, հեռացված էր նիստերի դահլիճից։
Հարությունյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ Խորհուրդը նույն շտապողականությունը չի դրսևորել նաև Մնացական Մարտիրոսյանի կարգապահական գործը քննելիս: «Դավիթ Հարությունյանի գործով բոլորը մոռացել էին, որ իրենք որևէ գործ ունեն, դատավորները նիստեր չունեին և նիստերն անում էին անդադար, միայն թե շուտ ավարտեին: Հիմա, եթե համեմատում ենք ՄՆացական Մարտիրոսյանի հետ, ակնհայտ է, որ Մնացական Մարտիրոսյանի պարագայում նա համարվում է յուրային դատավոր: Պատահական չէ, որ ուզում էին հակակոռուպցիոն դատարանի նախագահ նշանակել, հետո հասկացան, որ չէ, դա հնարավոր չէ, շատ է աչք ծակում, բերեցին Երևանի դատարանի նախագահ»,- դիտարկեց Երեմ Սարգսյանը։ Անդրադառնալով Մնացական Մարտիրոսյանի առողջական խնդիրների պատճառով ԲԴԽ նիստը հետաձգելու հանգամանքին՝ Երեմ Սարգսյանը մեկ այլ օրինակ է հիշեցնում, երբ Խորհուրդը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի առողջական խնդիրներ ունեցող դատավորի ներկայությունն ապահովի նիստին։ «Վճռաբեկի դատավորներից էր, բժշկական փաստաթուղթ էր ներկայացրել, որ հիվանդանոցում է գտնվում, իրեն տանում, ծանուցագիր են հասցնում հիվանդանոց և նրա չգալն անհարգելի համարում»,- հիշեցրեց Սարգսյանը։ Դատավորը, որին հիվանդանոց ծանուցագիր են ուղարկել, Սիրանուշ Սահակյանի վստահորդ Արտակ Բարսեղյանն է։ Նրա և Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ ԲԴԽ-ի վերաբերմունքի համեմատական անցկացնելով՝ Սահակյանը պնդում է, որ նրանց նկատմամբ տարբերակված վերաբերմունք է դրսևորվել։ «Մեր վստահորդի պարագայում մենք ունենք հոսպիտալացված դատավորի, որի մոտ արդեն իսկ ախտորոշվել են խնդիրներն ու նշանակված է հիվանդանոցային խնամք, մյուս պարագայում ունենք հետազոտության ընթացքի մեջ գտնվող դատավոր, որի պարագայում նաև պարզված չէ բժշկական խնդրի լրջությունը և բուժման անհետաձգելի անհրաժեշտությունը։ Տարբերակում ենք տեսնում և այն հիմնավոր բացատրություն չունի, ուստի որոշումը հիմնված է նախասիրությունների և թիմային մոտեցումների վրա»,- ասաց Սահակյանը: Ինչո՞ւ էր կարևոր, որ Մնացական Մարտիրոսյանը կարգապահական տույժ չունենար Իսկ ինչո՞ւ էր կարևոր, որ Մնացական Մարտիրոսյանը կարգապահական տույժ չունենար: Նախքան այս հարցին անդրադառնալը՝ հիշեցնենք, թե ինչ իրադարձություններ հաջորդեցին նրա վերաբերյալ կարգապահական վարույթն առանց քննության թողնելու որոշմանը: Այսպես՝ Մնացական Մարտիրոսյանի կարգապահական վարույթն առանց քննության թողնելուց կարճ ժամանակ անց Բարձրագույն դատական խորհուրդը նրան ընտրեց որպես Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու, ինչը բուռն դժգոհություն առաջացրեց իրավապաշտպանների շրջանում։ Պատճառը Մարտիրոսյանի՝ քաղաքականացված դատավորի համբավն էր: Նա, հիշեցնենք, քննել է Մարտի 1-ի արդյունալի իրադարձությունների հետ կապված «Յոթի գործը», «Բարև՛, Ռոբ» արտահայության համար Պողոս Պողոսյանի սպանության, Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Շանթ Հարությունյանի և այլ աղմկահարույց քաղաքական գործեր: Իրավապաշտպան տասնյակ հասարակական կազմակերպություններ հայտարարություն տարածեցին՝ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին կոչ անելով չստորագրել Մարտիրոսյանին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակելու հրամանագիրը։ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով հաստատվել են հիմնարար իրավունքների խախտումները և քաղաքական հետապնդման փաստը: Այս համատեքստում Մնացական Մարտիրոսյանի՝ բացառապես քաղաքական կլանային շահերին սպասարկող գործունեությունը խաթարել է ոչ միայն արդարադատության ընկալումը և վնասել Հայաստանի դատական իշխանության հեղինակությունն ու հանրային վստահությունը, այլև նյութական վնաս է պատճառել Հայաստանի Հանրապետությանը: Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից նման վարկանիշ ունեցող դատավորին հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում ընտրելը խեղաթյուրում է պետության հակակոռուպցիոն քաղաքականությունը և խորացնում է դատական համակարգի նկատմամբ տիրող անվստահությունը»,– ասված էր հայտարարության մեջ։ Մարտիրոսյանը ստիպված եղավ հրաժարվել Հակակոռուպցիոն դատարան գնալուց, փոխարենը մեկ ամիս անց՝ 2023 թվականի հունվարին, Բարձրագույն դատական խորհուրդը նրան ընտրեց Երևանի քրեական դատարանի նախագահ: Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 112-րդ հոդվածի համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր չի կարող նշանակվել այն անձը, որը լինելով ներկա կամ նախկին դատավոր՝ վերջին երեք տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից: Նույն օրենսգրքի 121-րդ հոդվածի համաձայն՝ դատարանի նախագահի ընտրության համար Դատական դեպարտամենտը կազմում և Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում տվյալ առաջին ատյանի դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, ովքեր ունեն դատավորի ոչ պակաս, քան երեք տարվա փորձառություն, չունեն կարգապահական տույժ։ Այսինքն՝ եթե Մնացական Մարտիրոսյանը կարգապահական տույժի ենթարկվեր, չէր կարող դառնալ դատարանի նախագահ, իսկ եթե խիստ նկատողություն ստանար, չէր կարող ընտրվել Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու։