Մետապոպուլիզմ՝ կոլեկտիվ այլասերման տեսարաններով
Հանրային գիտակցության մեջ քաղաքականությունն ու բարոյականությունը ընկալվում են՝ որպես փոխբացառող հասկացություններ։
Դա պայմանավորված չէ միայն քաղաքականության՝ անբարոյականության արվեստ լինելու մասին պարզունակ թեզով։
Քաղաքականությամբ զբաղվողներն են, որ իրենց գործողություններով հանրությանը ստիպում են մտածել, որ քաղաքականությունը հակադիր է բարոյականությանը, որ քաղաքականությունը որևէ դեպքում չի կարող լինել բարոյական։ Դա առավել քան ակնհայտ է ներկայիս Հայաստանում, որի իշխանության ողջ գործունեությունը կառուցված է ստի, կեղծիքի, մանիպուլյացիաների, մանր խորամանկության վրա։ Հասարակությունը տեսնում և լսում է, թե ինչպես է իրեն խաբում, իսկ աշխարհին փորձում խաբել իշխանությունը, և հերթական անգամ եզրակացնում է, որ՝ այո՛, քաղաքականությունն անբարոյականություն է։ Որովհետև իշխանության գործունեության հիմքում դրված վերոնշյալ հասկացություններն աղերս չունեն ազնվության, արդարության, շիտակության հետ, և հակառակը՝ ուղղակիորեն անբարոյականության արտահայտություններ են։
Դրանցով առաջնորդվող Հայաստանի իշխանությունը՝ ինքը, անբարոյականության հավաքական մոնումենտ է՝ կազմված անբարոյականության անհատական ու տեղային դրսևորումներից։ Օրինակներն անհաշվելիորեն շատ են ու սարսափելիորեն հակաբարոյական։
Ամենավերջինն ու ինտեգրալը՝ Նիկոլ Փաշինյանի ինքնագոհ հայտարարությունն է այն մասին, թե ինչպես է Հայաստանի իշխանությունը հերոսաբար, առանց վրանային քաղաք կառուցելու կարողացել ընդունել 100 հազարից ավելի արցախահայերի։ Կարո՞ղ է արդյոք բարոյականության հետ որևէ աղերս ունենալ պարագան, երբ մեկը, ում մեղքով 100 հազարից ավելի մարդ զրկվել է հայրենիքից ու ենթարկվել էթնիկ զտման, հպարտանում է, որ այդ նույն մարդկանց ընդունել է առանց վրանների։ Եվ նա դա ասում է այդ մարդկանցից շնորհակալություն սպասողի ու անգամ նեղացածի տոնով։
Տրամաբանությունը, որի մասին չի բարձրաձայնվում, բայց հասկացվում է, շատ ավելի ապաբարոյական է։ Փաշինյանն ակնարկում է, որ կարող էր ավելի վատ լինել, ինքը կարող էր այնպես անել, որ այդ մարդիկ ենթարկվեին ոչ թե էթնիկ զտման, այլ ֆիզիկական ցեղասպանության։ Հետևաբար, նրանք պարտավոր են շնորհակալ լինել թեկուզև փախստականի կարգավիճակում, այդուհանդերձ կենդանի մնալու համար։
Երբ քաղաքականությունը զրկվում է բարոյականությունից այնքան ու այնպես, որ դառնում է ոչ թե բարոյականության հետ խնդիրներ ունեցող, այլ ամբողջովին անբարոյական, այդպիսին է դառնում նաև պետությունը։ Ու պատահական չէ, որ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի հասարակության հնարավորին շատ շերտեր ու խավեր Արցախի կորստից ընդամենը երեք ամիս անց մասնակցեն «աննախադեպ տոնական միջոցառումներին»։
Դրա նպատակն է հանրությանը մասնակից դարձնել իշխանության անբարոյականությանը։
Կոլեկտիվ անբարոյականությունն այսպիսով փորձ է արվում ներկայացնել՝ որպես պարկեշտության նոր մոդել։
Իշխանությանը դա հաջողվում է ու հաջողվելու է այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունը ոչ միայն չի դիմադրում, այլև հաճույքով մասնակցում է անբարոյականության շքահանդեսին՝ սեփական չգիտակցված այլասերմամբ նպաստելով իշխանության բացարձակ ու միանգամայն գիտակցված այլասերմանը։ Դա է պոպուլիզմի հաղթանակի կամ մետապոպուլիզմի հաջորդ փուլը։
Հարություն Ավետիսյան