Բաժիններ՝

COP28-ի մասնակից երկրները հանածո վառելիքից «հեռանալու» մասին «պատմական» փաստաթուղթ են ստորագրել

Գրեթե 200 երկրների ներկայացուցիչներ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP28) համաձայնության են եկել սկսել հանածո վառելիքի համաշխարհային սպառման նվազեցումը՝ կլիմայի փոփոխությունը կանխելու համար։ Reuters-ը հաղորդում է, որ սա նման առաջին համաձայնագիրն է, որը պետք է վերջ դնի «նավթի դարաշրջանին»։

Երկրները համաձայնագիրը կնքել են Դուբայում՝ երկու շաբաթ տևող դժվարին բանակցություններից հետո։ COP28-ի նախագահ Սուլթան Ահմեդ ալ Ջաբերը համաձայնագիրն անվանել է «պատմական»՝ հավելելով, սակայն, որ իրական հաջողությունը կլինի դրա իրագործումը։

Սա կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի առաջին փաստաթուղթն է, որը կոչ է անում «հեռանալ» հանածո վառելիքից, չնայած փաստաթղթում չի օգտագործվում «փուլ առ փուլ հրաժարվել» արտահայտությունը։ Ըստ հրապարակման՝ ավելի քան 100 երկրներ կոչ էին անում համաձայնագրում ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել նավթի, գազի և ածխի օգտագործումից հրաժարվելու առումով, սակայն Սաուդյան Արաբիայի գլխավորած «ՕՊԵԿ» նավթ արտահանող երկրների կազմակերպությունը դեմ է արտահայտվել դրան։

Համաձայնագիրը կոչ է անում «հեռանալ էներգետիկ համակարգերում հանածո վառելիքի օգտագործումից արդար, կանոնավոր և արդարացի ձևով… որպեսզի մինչև 2050 թվականը հնարավոր լինի հասնել զրոյի՝ գիտության հետ համաքայլ»։ Բացի այդ, կոչ է արվում մինչև 2030 թվականը եռապատկել վերականգնվող էներգիայի կարողությունները։

Համաձայնագրի ստորագրումից հետո երկրները պատասխանատու են այն իրականացնել իրենց ազգային քաղաքականության և ներդրումների միջոցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս