Բաժիններ՝

Ուկրաինան հաղորդել է Կիևի վրա արձակված հրթիռների մասին․ բեկորներից կան տասնյակ տուժածներ

Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ գիշերը ռուսական կողմը Կիևի վրա է արձակել 10 հրթիռ։ Դրանք եղել են զենիթային կառավարվող հրթիռներ և թևավոր հրթիռներ։ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագրում նշվում է, որ հակաօդային պաշտպանության միջոցները ոչնչացրել են բոլոր հրթիռները, վնասի չափը ճշգրտվում է։

Միևնույն ժամանակ, ըստ BBC-ի ռուսական ծառայության, տեղի իշխանությունները հայտնել են, որ հրթիռների բեկորներից Կիևում վնասվածքներ է ստացել 53 մարդ, որոնցից 20-ին, այդ թվում՝ 2 երեխայի, հոսպիտալացրել են։

Հաղորդվում է նաև, որ հզոր պայթյուններ են որոտացել․ Ուկրաինայի մայրաքաղաքի որոշ հատվածներում հրդեհներ են բռնկվել, վնասվել է մեկ բնակելի շենք։

Ըստ Ուկրաինայի ԶՈւ ԳՇ տեղեկագրի՝ ավելի քան 130 բնակավայրեր հրետանային հարվածների տակ են հայտնվել։ Գերատեսչությունը միևնույն ժամանակ նշում է, որ ուկրաինական ուժերը հետ են մղել բոլոր հարձակումները։

Իր հերթին ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում 10 անգամ կրակ են բացել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքի վրա։ Նշվում է, որ կրակի տակ են հայտնվել Դոնեցկ և Գոռլովկա քաղաքները։ Դոնեցկում 2 մարդ է վիրավորվել։ Վնասվել են 7 բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքի 2 օբյեկտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս