Քաղաքացին՝ «տուգանքի մատերիալ». Երևանի քաղաքային իշխանության շտապողականությունն ու քաղաքային բյուջեն լցնելու ծրագրերը

Երևանի ավտոկայանատեղիների վերաբերյալ նոր նախագծում տեղ գտած հաշվարկները հիմնավորված չեն, նման հաշվարկի հստակ հիմնավորում ազգաբնակչությանը չի ներկայացվել։ Վերցրել թիվ են նկարել՝ նկարչությամբ են զբաղվել։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Երևանի ավագանու նախկին անդամ Միքայել Մանրիկյանը՝ գնահատելով Երևանի ավագանու մշակած և այս օրերին քննարկվող նոր նախագիծը, որով Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների տարեկան վճարն ավելանալու է մինչև 160 հազար դրամ։

Երևանի ավագանու նախկին անդամը ցավով արձանագրեց, որ նախագիծը ներկայացնելուց հետո, հանրությունը դժգոհություն չի հայտնել, մինչև այս պահը որևէ քննադատական մոտեցում չի եղել, ինչն էլ թույլ է տալիս գործող քաղաքային իշխանությանն ընդունել նախագիծը։ Եթե չլինի հանրության բողոքի ձայնը, ապա նախագիծը կդառնա որոշում, որն ի վնաս քաղաքացիների է։

«Հանրային դաշտում այս մասին պետք է բարձրաձայնվի, կարող են ընկեր-բարեկամներով տանը միմյանց հետ զրուցելիս դժգոհել, բայց հարցը դրանով լուծում չի ստանում։ Հիշում եք, տարիներ առաջ հանրային տրանսպորտի 150 դրամների համար ինչպիսի ցասում-բողոք էր առաջացել, բայց ներկա պահին տեսնում ենք, որ մշակութային ու հանրային գործիչները կարծես թե լռում են այս նախագծի հետ կապված, իրենց ձայնը չեն բարձրացնում։

Կարդացեք նաև

Սա ինչ-որ քաղաքական կուսակցության խնդիր չէ, սա սովորական հարց է, և պետք է որ երևանցին, առհասարակ ՀՀ քաղաքացին տեր լինի իր քաղաքին և ավագանու գալիք որոշումներին, նրա բողոքի ձայնը պետք է հասանելի լինի»,- շեշտեց Միքայել Մանրիկյանը։

Նա վստահ է, եթե Երևանի ավագանին ընդունի նախագիծը, ապա շատերը մեքենաներով չեն երթևեկի, փոխարենը՝ կերթևեկեն հանրային տրանսպորտով, ինչը նշանակում է, որ ավելի է վատանալու հանրային տրասպորտի վիճակը՝ գերծանրաբեռնվածության պատճառով։

«Առաջնայինը պետք է լուծեն հանրային տրանսպորտի խնդիրը, դրանից հետո միայն կայանատեղիի վճարի բարձրացման հարցը, բայց տեսնում ենք, որ միշտ հակառակն են անում։ Ներկա պահին տվյալ քանակի ավտոբուսներով մենք չենք կարողանալու հոգալ մեր քաղաքացիների՝ տրանսպորտից բարեկեցիկ օգտվելու կարիքները։ Մենք այսօր ունենք մեծ ու գլոբալ խնդիր՝ եթե ավտոկայանատեղիների տարեկան վճարը դարձավ 160.000 դրամ, մենք ունենալու ենք քաղաքացիների մեծ հոսք, որոնք կսկսեն օգտվել տրանսպորտից, իսկ հանրային տրանսպորտի շարժակազմերը դրա համար բավարար չեն։

Կարծում եմ՝ քաղաքային, և ոչ միայն, իշխանության այս շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ երևացող խնդիրներին լուծում տան՝ իրենց ապագա հերթական ու արտահերթ ընտրություններում ձայներ ապահովելու համար։ Նաև ատոկայանատեղիների վարձավճարների բարձրացմամբ փորձում են բյուջեի որոշակի բացեր լրացնել»,- շեշտեց Միքայել Մանրիկյանը։

Նրա դիտարկմամբ՝ առաջնայինն այս խնդրին բախվելու են այն մարդիկ, որոնք բնակվում են կենտրոնում, և այն մարդիկ, որոնք աշխատանքի բերումով աշխատում են կենտրոնում, հետևաբար՝ որոշումը պետք է բողոքարկվի։

«Եթե նույնիսկ ավագանին նախագիծն ընդունի, փաստաբանները կարող են կազմել փաստաբանական խումբ և որոշումը բողոքարկել համապատասխան դատական ատյաններում, գոնե մի պահ որոշումը կանգնեցնելու համար, հասկանալու համար, թե խնդիրն ինչպես ենք լուծելու»,- հավելեց Երևանի ավագանու նախկին անդամ Միքայել Մանրիկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս