Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվում է Երևանում ավտոկայանատեղիների տարեկան վարձը բարձրացնելու վերաբերյալ նախագիծը, ընդդիմադիր խմբակցություններից «Ազգային առաջընթացը» և «Մայր Հայաստանը» բոյկոտել են նիստը, քանի որ անընդունելի են համարում նման նախագծի ընդունումը։
«Եթե նույնիսկ ավագանին նախագիծն ընդունի, փաստաբանները կարող են կազմել փաստաբանական խումբ և որոշումը բողոքարկել համապատասխան դատական ատյաններում, գոնե մի պահ որոշումը կանգնեցնելու համար, հասկանալու համար, թե խնդիրն ինչպես ենք լուծելու»,- հավելեց Երևանի ավագանու նախկին անդամ Միքայել Մանրիկյանը։
«Այս նախագիծը լինելու է հարուստների նախագիծը, այդպես էլ կոչվում է։ Ունևորները կվճարեն 160.000 դրամ ու մեքենան կկայանեն, իսկ այն մարդիկ, որոնք չունեն, ստիպված չեն վճարի։ Սա կրկնակի ու «օրինական ռեկետ» է, որովհետև շատ տնտեսվարողներ կան, որոնք դիմում են Երևանի ավագանուն, որպեսզի իրենց տնտեսվարող օբյեկտի համար՝ խանութի, հյուրանոցի և այլն, դիմացի հատվածը վարձակալեն։ Հիմա պատկերացրեք՝ քաղաքացին պետք է վճարի 160.000 դրամ, որպեսզի կարողանա իր մեքենան կայանել, հետո հանկարծ գա ու մի տեղում կայանի, խանութի տերը դուրս կգա ու կասի, թե՝ չես կարող այստեղ կայանել, քանի որ մի տարով այս տարածքը մենք վերցրել ենք։ Սա արդեն կլինի կրկնակի «օրինական ռեկետ», այսինքն՝ նոնսենս է։ Սա է խնդիրը, որի մասին բազմիցս բարձրաձայնել եմ»,- հավելեց Միքայել Մանրիկյանը։