«Թող ամոթից գետինը մտնեն, բերանները մի բանով փակեն. եթե չեն կարողանում աշխատել՝ դիմում գրեն, «ռադները» քաշեն՝ գնան». Մեսրոպ Մանուկյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստում նախ իր գոհունակությունը հայտնեց հանրային տրանսպորտի վարորդներին, որոնք համբերատար են չվճարող քաղաքացիների հանդեպ, այնուհետև հորդորեց, որպեսզի չքշեն ավտոբուսը, երբ քաղաքացին տրանսպորտի համար չի վճարել։
«Մենք ունեցել ենք տարբեր միջադեպեր, մեկ շատ կոնկրետ տհաճ միջադեպ, որը վերածվել է կռվի, երբ հարձակում է եղել վարորդի վրա։ Գիտեմ, որ 3 անձինք ձերբակալվել են, կարծես 4-րդն էլ անցնում է համապատասխան գործով։ Ես ուզում եմ վստահ լինել, որ այդ անձինք պատժվելու են խստագույնս։
Մեր վարորդները պետք է իմանան, որ մենք նրանց հետ ենք, նրանց կողքին կանգնած ենք։ Չվճարող մարդը, աչքերը ամոթից կախ գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ է ունենում։
Մենք չպետք է հանդուժենք, որ չվճարող քաղաքացին հորդուբորդ գա, մի հատ էլ խոսի իր իրավունքներից, ի՞նչ իրավունք ունի մարդը, պարզ, պրիմիտիվ, տրանսպորտը չի վճարում, մի հատ էլ ինքն իրեն հերոսացնում է։ Աչքերը գոնե գետնին պահի, ամոթից գետինը մտնի, բայց չէ՝ հլը մի հատ էլ ելույթ է ունենում։ Երբ մարդը չի վճարում, վարորդը կա՛մ պետք է երթևեկությունը դադարեցնի, կա՛մ պահանջի, որպեսզի տրանսպորտից իջնեն։ Հերիք եղավ, բոլ եղավ, իրոք չափը լավ բան է։ Օրինակ, վիդեոները նայում ես, երիտասարդ աղջիկներ են՝ վերջին այֆոններով, ամոթ է ժողովուրդ ջան»,- իր խոսքում նշեց Տիգրան Ավինյանը։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ավինյանի այս ելույթին և չվճարող քաղաքացիներին նրա կողմից ամոթանք տալուն, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ասաց.
«Նախ՝ ամոթ իրենց, որ ժողովրդին ստել են, խաբել են ու արժանապատիվ տրանսպորտ չեն ապահովել։ Ամոթն իրենցն է, որ երկու տարվա ընթացքում գոնե մեկ ավտոբուսի ձեռքբերման պլանավորում իրենց մոտ չկա, թող ամոթից գետինը մտնեն, բերանները մի բանով փակեն ու չխոսեն։
Երկրորդը՝ ամոթն իրենցն է, Դատախազությանը, Քննչականին ու մյուս կառույցներին, որ չեն հասկանում կամ հասկանում են, որ Ավինյան Տիգրանը մարդկանց դրդում է հանցագործության, այսինքն՝ ինքն իր պարտականություններից դուրս դրդում է, որպեսզի վարորդը դուրս գա ու ինչ-որ գործողություններով զբաղվի»։
Մեսրոպ Մանուկյանը շեշտում է՝ ամոթ է Տիգրան Ավինյանին, քանի որ նա մարդկանց անվտանգությունը երկրորդային տեղում է դնում, քանի որ վարորդն ամբողջ օրը պետք է նյարդայնանա, քաղաքացիներին հորդորի գումարը տալ, հետո նյարդային վիճակով ավտոբուսը վարի։
«Ամոթն իրենցն է, որ վարորդներին ստրուկի տեղ դնելով՝ բանեցնում են։ Շուտով նկարներ կհրապարակեմ, որ վարորդը զուգարան չունի գնալու, նրանց հարկադիր պարապուրդները չեն վճարում, քաղաքապետը սրա մասին պետք է մտածի»,- ասաց նա։
Նա նշեց, որ, խոսել է այն քաղաքացիների հետ, որոնք բոյկոտել են ու չեն վճարել հանրային տրանսպորտի համար։ Քաղաքացիներն ասել են, եթե քաղաքապետարանն իրենց արժանապատիվ տրանսպորտ չի հրամցնում, փոխարենը՝ բարձրացնում է արժեքը, կանգառներ չեն սարքում, «ռաժոկով» են մտնում տրանսպորտ ու դուրս գալիս, այսինքն՝ ուղիղ մտել են քաղաքացու գրպանն ու նրան թալանում են։
«Եթե իրենք «ԹելՍելլին» հովանավորչությամբ տվեցին մենաշնորհ, հիմա էլ ուզում են խրախուսել, թե՝ մենաշնորհը չի աշխատում, սրա համար թող քաղաքապետն ամոթ ունենա ու ասի՝ ներողություն, ամոթ եմ կրում, մեր բերած փորձանքը՝ «ԹելՍելլը» նորմալ չի աշխատում, նաև ասի՝ եթե չի աշխատում, քաղաքացին ուրիշ ի՞նչ պետք է անի։
Ամոթն իրենց է, որ բերեցին տուգանիչների խումբ ընդունեցին, որոնց արդյունավետությունը զրո է, որովհետև այս մարդկանց գործառույթը տվյալ պարագայում մարդկանց ուղղակի տուգանելն է։ Արձանագրում ենք՝ ՔՊ-ն չի սիրում Երևանը, երևանցիներին ու ամեն գնով «մուռ» է հանում։ Եթե չեն կարողանում աշխատել, թող դիմում գրեն, «ռադները» քաշեն՝ գնան։ Հետո էլ այս ավտոբուսներն Ավինյանը չի առնում, դրանք առնում են մեր քաղաքացիները, վարկ են վերցնում, գույքահարկն են թանկացնում, ավտոբուս առնողն ուղիղ մեր քաղաքացին է»,- հավելեց Մեսրոպ Մանուկյանը։
Նա վստահ է՝ քաղաքային իշխանության փոփոխության դեպքում հանրային տրանսպորտի այս համակարգը պետք է փոխվի, դառնալով մունիցիպալ՝ քաղաքային իշխանության տակ գործող համակարգ, չպետք է լինի մասնավորին, որ չհասկանան՝ փողը գողանում են, տանում են։
«Այս ամենի համար պետք է խելք, կամք, ցանկություն, այս մարդիկ ասում են՝ մենք խելքի «տակառ» ենք, կամ իրենք թալանչի են, որն ավելի իրատեսական է»,- ընդգծեց Մեսրոպ Մանուկյանը։



