Ինքնաթիռների աղմուկը չի՞ խանգարի, եթե ըմբռնումով մոտենան
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի, Նոր Խարբերդ և Այնթապ գյուղերի բնակիչները, ովքեր դիմել էին 168.am-ի խմբագրություն՝ բողոքելով ռազմական ինքնաթիռների վարժություններից, նշել էին, որ պետական որևէ մարմին իրենց հստակ բացատրություն չի տալիս թռիչքների ժամերի և բարձրությունների վերաբերյալ:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ թույլատրելի՞ է արդյոք բնակավայրերի վերևում նման վարժություններ կատարելը: Նա պատասխանեց, թե Հայաստանն այդքան մեծ չէ, որ հնարավոր լինի բնակավայրերից հեռու կատարել այդ վարժությունները:
168.am-ի այն հարցին էլ, թե հնարավո՞ր չէ գոնե փոքր-ինչ բարձր կատարել այդ վարժությունները և բնակիչների հանգիստը չխանգարել, օրինակ, գիշերը ժամը 23:00-ին, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Տարբեր բարձրությունների վրա նախատեսված են տարբեր թռիչքներ, ժամային առումով էլ՝ կա գիշերային թռիչք, կա ցերեկային թռիչք»:
Նա ասաց, որ այդ ամենն արվում է նույն բնակիչների անվտանգությունն ապահովելու համար: «Եթե մենք պատերազմող երկիր ենք ու անվտանգության խնդիր ունենք լուծելու՝ նորմալ է»,- ասաց ՊՆ աշխատակիցը՝ հավելելով, թե ինքը շատ լավ հասկանում է, թե որ աղմուկն ինչպես կարող է խանգարել բնակիչներին, քանի որ ինքն էլ ապրում է օդանավակայանի հարևանությամբ:
Դիտարկմանն ի պատասխան, թե բնակիչներին զայրացանում է նաև այն հանգամանքը, որ ռուսական ինքնաթիռներն են խանգարում ՀՀ քաղաքացիների հանգիստը, Արծրուն Հովհաննիսյանը հակադարձեց. «Իսկ ո՞վ ասաց, թե ռուսական ինքնաթիռներն անվտանգության խնդիր չեն լուծում Հայաստանում»:
Նա պնդեց՝ եթե բնակիչներն ըմբռնումով մոտենան այդ հարցին, նման խնդիր ինքնին չի առաջանա:
Փաստորեն թռիչքները շարունակվելու են նույն օրակարգով, և Պաշտպանության նախարարության պատասխանը որևէ լավատեսության հիմք չի տալիս հիշյալ համայնքների բնակիչներին: