Ամենօրյա տեռոր՝ ռուսական ինքնաթիռների մասնակցությամբ
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի, երևանամերձ Այնթապ ու Նոր Խարբերդ համայնքների բնակիչները բողոքում են, որ ռուսական ինքնաթիռների իրականացրած թռիչքների առաջացրած աղմուկի պատճառով ոչ միայն խախտվում է իրենց ամենօրյա հանգիստը, այլև՝ վնասվում առողջությունը: Նրանց զայրացնում է հատկապես այն, որ որևէ պետական մարմին չի կարողանում կոնկրետ պատասխան տալ, թե ինչքան կտևի այդ ամենը:
168.am-ի խմբագրություն այցելած վերոնշյալ համայնքի բնակիչներից մեկը պատմեց, որ ինքնաթիռները «վարժություններ» անելու համար ուշադրություն չեն դարձնում, թե ժամը քանիսն է: «Ոչ գիշեր են հարցնում, ոչ ցերեկ. սկսում են առավոտյան, օրվա ընթացքում որոշ դադարներ են ունեում և դա կարող է տևել մինչև ուշ երեկոյան՝ հաճախ 23:30»,- դժգոհում էին բնակիչները:
«Հասկանալի է, որ եթե գոյություն ունի ռազմական ինքնաթիռ, պետք է տեղի ունենան նաև օդային վարժանքներ: Բայց մի՞թե հնարավոր չէ այդ մանևրները կատարել բնակավայրերից մի փոքր բարձր: Տպավորություն է, թե ինքնաթիռը տանիքիդ վերևում է: Մի՞թե պարտադիր պետք է մարդկանց առողջությանն անդառնալի կորուստներ հասցնել»,- ասաց Նոր Խարբերդ գյուղի բնակիչներից մեկը: Նա նշեց, որ խնդրի մասին մամուլում արդեն մի քանի անգամ գրվել է, բայց ոչ մի արձագանք: Ինքն էլ բազմիցս փորձել է պատկան մարմիններից որևէ խելամիտ բացատրություն լսել, սակայն չի հաջողվել: Նա պատմեց, որ զանգել է Պաշտպանության նախարարություն, գլխավոր շտաբ, նախագահի աշխատակազմ, բայց որևէ մեկը բացատրություն չունի:
«Ամիսներ առաջ զանգահարեցի Պաշտպանության նախարարություն, այնտեղից առաջարկեցին զանգել գլխավոր շտաբ: Գլխավոր շտաբում տվեցին ավիացիայի հեռախոսահամարը՝ 010 29 45 91: Զանգահարեցի, այնտեղից պատասխանեցին, թե՝ մենք մեղք չունենք, դա ռուսներն են: Թեպետ այդ զարհուրելի աղմուկը ազգություն չի ճանաչում, բայց ի՞նչ կապ ունի ովքեր են, չէ՞ որ այդ թռիչքներն իրականացվում են Հայաստանի օդային տարածքում: Ո՞վ է իրավունք տվել օտարերկրացիներին նման արհամարանքով վերաբերվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Ինչո՞ւ պետք է իմ՝ ՀՀ քաղաքացուս, խաղաղ ու հանգիստ ապրելու իրավունքները ոտնահարվեն ու նվաստանան ամեն օր, ու ես չիմանամ՝ սեփական երկրում ում դիմել այս հարցերի պատասխանը ստանալու համար»,- վրդովված պատմում էր Նոր խարբերդի բնակիչը: Եվս մեկ անհաջող փորձ նա արել էր երեկ և դարձյալ չէր ստացել որևէ պատասխան: «Զանգահարեցի նույն հեռախոսահամարով, որպեսի ճշտեմ, թե կոնկրետ ո՞ւմ կարող եմ դիմել և տեղի ունեցավ տառացիորեն հետևյալ խոսակցությունը:
– Բարև ձեզ: Ուզում եմ մի հարցով դիմել, Դուք, ամենայն հավանականությամբ, ինձանից լավ կիմանաք:
– Իսկ ի՞նչ իմացար, որ քեզանից լավ կիմանամ:
– Որովհետև հարցս թռիչքներն է վերաբերվում:
– Էդ ձեռդ հեռախոս ա ընգել, զանգե՞լ ես:
Ու անջատեց հեռախոսը:
Ահա նման գռեհիկ պատասխան: Ճարահատյալ զանգահարեցի ՀՀ նախագահի աշխատակազմի նամակների բաժին: Հեռախոսազանգիս պատասխանեց մի տղամարդ, լսեց-լսեց, հետո պատասխանեց՝ հասկանալի է, ու վայր դրեց խոսափողը: Դա շատ լավ է, որ հասկանալի է: Բայց եթե Ձեզ համար հասկանալի է, ինձ համար միանգամայն անհասկանալի մնաց, թե ի վերջո ո՞ւմ կարելի է այդ հարցով դիմել ու ռացիոնալ լուծում ակնկալել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Հ.Գ. Առաջիկայում մենք կփորձենք համապատասխան մարմինների կողմից ստանալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի, երևանամերձ Այնթապ ու Նոր Խարբերդ համայնքների բնակիչներին անհանգստացնող վերոնշյալ հարցի պատասխանը: