«Այո, ժամանակ կանցնի, և չեմ բացառում, որ հայեր կգնան կապրեն Ադրբեջանում, և ադրբեջանցիներ կգան Հայաստանում կապրեն, առևտուր կանեն իրար հետ». Ալեն Սիմոնյան

«Կարծում եմ՝ Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել հարցեր, որոնք արհեստականորեն միգուցե կդժվարացնեն պայմանագրի կնքումը»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, որ եթե Հայաստանն օրակարգ է բերում արցախահայության հարցը, պետք է նաև անդրադարձ կատարի «Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների վերադարձի հարցին»։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքն անձամբ այդ ամենը շատ բացասական է գնահատում։

«Այն, ինչը մենք փոխանցում ենք, ու այն, ինչը բանակցում ենք, մենք էլ, իրենք էլ շատ լավ գիտենք։ Հիմա անընդհատ դրա մասին խոսելն արհեստական խնդիրներ է  առաջացնում։ Ակնհայտ է, որ եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, թուղթ ենք ստորագրում, այլ ոչ թե ձև ենք անում, ապա հիմա, որ վրացիները գալիս են Հայաստան ապրելու, որևէ խոչընդոտ կա՞, կամ հայերը, որ գնում են Վրաստան՝ խնդիր ունե՞ն։ Մենք Վրաստանի հետ պայմանագրի մեջ գրե՞լ ենք, իհարկե չենք գրել»,- նշեց Ա. Սիմոնյանը։

Լրագրողի դիտարկմանը՝ հայերն ու վրացիները հակամարտություն չեն ունեցել, Ալեն Սիմոնյանը նկատեց՝ դա նշանակում է, որ որոշ ժամանակ պետք է անցնի, ադրբեջանական կողմը պետք է նվազեցնի ատելության խոսքը, որ իրենք արդեն դարձրել են իրենց բրենդային ինչ-որ բանը։

Կարդացեք նաև

«Չի կարելի մեզ Հայաստանում մեղադրել նույնի մեջ, որովհետև մեզ Հայաստանում, հակառակը՝ ընդդիմադիր լրագրողներն ու քաղաքական գործիչները մեղադրում են, որ Ադրբեջանի ջրաղացին ենք ջուր լցնում։ Այո, պետք է հասկանալ, որ ժամանակ կանցնի, և չեմ բացառում, որ հայերը կգնան՝ Ադրբեջանում կապրեն, և ինչ-որ ադրբեջանցիներ կգան՝ Հայաստանում կապրեն, իրար հետ առևտուր կանեն։ Այո, խաղաղության ենք գնում, խաղաղությունն այլ կերպ չի լինում։ Այն պնդումը, որ մենք իրար հետ հակամարտել ենք, և դա անլուծելի խնդիր է, դա ինձ համար անընդունելի է, որովհետև պատմությանը հայտնի են տարբեր դեպքեր, Անգլիան ու Ֆրանսիան 116 տարի պատերազմել են, բայց այսօր նրանք ամենամեծ դաշնակիցներն են աշխարհում»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։

Միաժամանակ նա ընդգծեց՝ հայերն ու ադրբեջանցիները մի տարածաշրջանում են ապրում և բոլոր խնդիրները պետք է փորձեն լուծել։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Ալեն Սիմոնյանն ասաց՝ չգիտի՝ այն այս տարի կստորագրվի՞, թե՞ ոչ, սակայն ցանկության դեպքում կարելի կլինի 10-15 օրվա ընթացքում ստորագրել։

«Հիմա մենք մեր առաջարկներն ուղարկել ենք, սա արդեն 6-րդ փոխանակումն է, այսինքն՝ բավականին աշխատանք է տեղի ունեցել, եթե ադրբեջանական կողմը բան չփոփոխի, նոր առաջարկներ չներկայացնի, իհարկե, կարելի է մի քանի օրվա մեջ անել դա»,- ասաց ԱԺ նախագահը։

Մեկնաբանելով Ալիևի մեկ այլ հայտարարություն, որ «առանց խաղաղության պայմանագրի էլ հնարավոր կլինի Հայաստանի հետ խաղաղություն հաստատել՝ ինչպես, օրինակ, Ռուսաստանի ու Ճապոնիայի դեպքում է», Ալեն Սիմոնյանն ասաց, որ շատ վատ է, որ նա նման օրինակ է բերել, քանի որ չի կարծում՝ այն տարածքային խնդիրը, որը ներկայացնում է Ճապոնիան Ռուսաստանին, և այն խնդիրը, որը կա Հարավային Կովկասում՝ նույնական են։

«Չգիտեմ՝ ինչու է նման օրինակ բերել, անկեղծ ասած՝ զարմանում եմ։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, հիմա եկել այսքան գործ ենք արել, կարելի է հասնել, այո, կարող ենք հասնել, եթե Ադրբեջանի նախագահը փոխի իր հռետորաբանությունը, օրինակ, գա այն հանդիպումներին, որոնք տարբեր հարթակներում ասում են։

Ռևանշիզմի չգնալու երաշխիքն առաջինն Ալիևը պետք է փնտրի իր մեջ և իր քաղաքականության մեջ։ Իրենից, ադրբեջանական կողմից շատ բան է կախված։ Չգիտեմ, չի կարելի կրակել ու հայ զինվոր սպանել, ներխուժել Հայաստանի տարածք և ասել, թե՝ ես ռևանշիզմից վախենում եմ։

Չի կարելի տարբեր տեղերում աղմուկ բարձրացնել Հայաստանի կողմից զենք գնելու համար, որոնք պաշտպանողական են, և ասել՝ մենք ռևանշիզմից վախենում ենք, վախենում ես՝ նորմալ հարաբերություններ հաստատիր քո հարևանների հետ»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս