ՄՊՀ-ն «Իգիթ» ընկերությանը տուգանել է հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար
«Իգիթ» ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ ապրանքն իրացվել է որպես «Լոռի» տեսակի պանիր: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:
«Պանրի և պանրային արտադրանքի շրջանառության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով ՄՊՀ-ն հարուցել է վարույթ, որի շրջանակներում արձանագրվել է, որ
«Իգիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ ապրանքն իրացվել է որպես «Լոռի» տեսակի պանիր․
Ապրանքն իրացվել է առանց պիտակի․
Ապրանքն իրացվել է դրա մակնշվածքում անվանման, «Պարունակում է բուսական յուղեր» տեղեկատվության և արտադրող ընկերության մասին տվյալների բացակայությամբ։
«Իգիթ» ՍՊԸ-ն առևտրային ցանցերին ապրանքի իրացումը կազմակերպել է միջնորդավորված՝ անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանի միջոցով՝ արդյունքում թույլ տրված խախտումները վերագրելով այդ անհատ ձեռնարկատիրոջը»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Իգիթ» ընկերությունը տուգանվել է շուրջ 32 միլիոն դրամի չափով։
Բացի այդ, Հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար «Իգիթ» ՍՊԸ-ն տուգանվել է 2 միլիոն դրամի չափով, իսկ անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության, շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության և Հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար տուգանվել է ընդհանուր շուրջ 4 միլիոն դրամի չափով։