Կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիրը․ Վահագն Խաչատուրյանի ելույթը COP 28-ում
Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիրը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ նախագահն այս մասին ասաց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի ժամանակ ունեցած ելույթում։
«2015 թվականին մենք պատմական քայլ կատարեցինք՝ ընդունելով Փարիզյան համաձայնագիրը: Այնուամենայնիվ, ինչպես նշված է Կլիմայի փոփոխությամբ զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի վերջին զեկույցում, մենք բավականին հետ ենք մնացել Փարիզի նպատակների իրագործման ուղենշային գործընթացներից։ Դրա պատճառները բազմաթիվ են, այդ թվում՝ տնտեսությունների շարունակական կախվածությունը հանածո վառելիքից։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող շարունակել առաջ շարժվել էներգիայի արտադրության համար ածխաջրածինների ավելորդ և անկայուն շահագործման ճանապարհով: Հանածո վառելիքի պահանջարկի աստիճանաբար նվազեցումը հրամայական է»,- ասաց ՀՀ նախագահը:
Նրա խոսքով՝ կլիմայի փոփոխության մեղմացման ուղղված հավակնություններն իրագործելու համար պետք է կառուցել այնպիսի էներգետիկ համակարգեր, որոնք առավել չեզոք են ածխածնի արտանետման առումով և քիչ կախված՝ հանածո վառելիքից:
«Անհրաժեշտ լուծումներն առկա են։ Մենք պետք է արագացնենք գիտությունը և ամրապնդենք վերջին տասնամյակի դրական զարգացումները՝ կրկնապատկելով և եռապատկելով վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է բավարար կլիմայական ֆինանսավորում, ու այդ ֆինանսավորման անկյունաքարը պետք է լինի «Կորուստների և վնասների» հիմնադրամը»,- նշեց Խաչատուրյանը:
Նա հավելեց, որ Հայաստանն այս ոլորտում բախվում է բազմաթիվ մարտահրավերների։ Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ Հայաստանում կլիմայի տաքացման մակարդակը կարող է լինել գլոբալ տաքացման միջին մակարդակից զգալի բարձր՝ մինչև 2090-ական թթ. հասնելով մինչև 4,7 աստիճանի:
«Սա Հայաստանին դասում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ամենախոցելի երկրների շարքում: Չնայած մարդասիրական լուրջ մարտահրավերներին և արտաքին անվտանգության սպառնալիքներին` Հայաստանը նախաձեռնողական միջոցներ է ձեռնարկում Փարիզյան համաձայնագրի խոստումները կատարելու համար՝ կիրառելով ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական լուծումներ, որոնք ներառում են հասարակության բոլոր շերտերին։
2021 թվականին Հայաստանը հռչակեց 2020 թ.-ից հետո կլիմայական իր հանձնառություններն՝ Ազգային մակարդակով սահմանված գործողություններ, որոնք ենթադրում են մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումների կրճատում 40%-ով: Վերջերս մենք մշակեցինք ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարություններ (LT-LEDS), որոնք կառաջնորդեն մեզ դեպի ածխածնային չեզոքություն: Մեր կլիմայական հավակնությունները մեծամասամբ խարսխված են ածխածնային տեսանկյունից չեզոք էներգիայի անցման վրա: Մինչև 2030 թ. մենք նպատակ ունենք ապահովել արևային էներգիայի 15 տոկոս մասնաբաժին՝ մեր ընդհանուր էներգիայի արտադրության մեջ:
Հայաստանը հաստատապես կարծում է, որ կլիմայական մեր պարտավորությունների կատարումը կարող է իրականացվել միջուկային էներգիայի երկարաժամկետ և կայուն օգտագործման միջոցով, որպես ածխածնային տեսանկյունից չեզոք էներգիայի աղբյուր, և մենք բարձր ենք գնահատում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ջանքերն այս ուղղությամբ»,- հավելեց նախագահը։
Նա շեշտեց, որ Հայաստանը հաստատակամ է իր հավակնոտ նպատակներին հասնելու և հաջորդ սերնդի համար մաքուր ու կայուն ապագա ապահովելու հարցում:
«Մենք պատրաստ ենք հետագայում էլ նպաստել այդ նպատակով գլոբալ ջանքերին»,- եզրափակեց Վահագն Խաչատուրյանը:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովն անցկացվում է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։ Ավելի քան 70,000 պատվիրակներ են մասնակցում COP28-ին, ներառյալ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) անդամ երկրները: Մասնակիցների թվում են նաև բիզնեսի առաջնորդներ, կլիմայագետներ, լրագրողներ և տարբեր այլ փորձագետներ և շահագրգիռ կողմեր:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսները տեղի են ունենում ամեն տարի`հանդիսանալով կլիմայի փոփոխության վերաբերյալ որոշումների կայացման միակ բազմակողմ ֆորումն աշխարհում՝ աշխարհի բոլոր երկրների գրեթե ամբողջական անդամակցությամբ: Ֆորումների ժամանակ աշխարհը համախմբվում է՝ համաձայնեցնելու կլիմայական ճգնաժամը լուծելու ուղիները, ինչպիսիք են գլոբալ ջերմաստիճանի բարձրացման սահմանափակումը մինչև 1․5 աստիճան ցելսիուս, օգնել խոցելի խմբերին հարմարվել կլիմայի փոփոխության հետևանքներին և մինչև 2050 թվականը հասնել արտանետումների զրոյական մակարդակի։