Քաղաքի բյուջեն պետք է բյուջե լինի՝ Փաշինյանը չի թողնում, որ այն ձևավորվի. Կայանման գները բարձրացնելով` խնդիրը չեն լուծի. Հրանտ Բագրատյան

Երևանի քաղաքապետարանը քննարկում է «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:

Նախագծով առաջարկվում է՝ 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի Ա գոտում ավտոկայանատեղիում կայանելու համար 1 օրվա համար վճարը սահմանել 2000 դրամ, իսկ տարեկանի դեպքում՝ 160.000 դրամ, կենտրոնից դուրս՝ 1 օրվա համար՝ 1000 դրամ, իսկ տարեկան՝ 24.000 դրամ։

168.am հետ զրույցում, խոսելով այս նախագծի մասին, ՀՀ նախկին վարչապետ, հասարակական-քաղաքական գործիչ Հրանտ Բագրատյանն ասաց, որ դրա ընդունումը մեծ խնդիր է առաջացնելու քաղաքի բնակիչների, մասնավորապես՝ Կենտրոնի բնակիչների համար։

Վճարների չափը բարձրացնելու փոխարեն՝ նախկին վարչապետն առաջարկում է, օրինակ, ստորգետնյա կամ բազմահարկ գարաժներ կառուցել։

Կարդացեք նաև

«Քաղաքի բյուջեն պետք է բյուջե լինի, իսկ Փաշինյանը չի թողնում, որպեսզի այն ձևավորվի, որովհետև քաղաքին տալիս է միայն գույքահարկն ու տարբեր տեսակի տուգանքները՝ ինչն իրար հետ կազմում է  110-115 մլրդ։ Սահմանադրությամբ նախատեսված շահութահարկի կամ Երևան քաղաքի մասին նախատեսված շահութահարկի և եկամտահարկի մասհանումներ Երևանում չեն կատարվում։ Մարդիկ ապրում են Երևանում, բայց բյուջեին փող չեն տալիս եկամտահարկից։ Մասհանումներ պետք է արվեն, որն արդեն 22 տարի է՝ օրենքով արգելվում է։ Այսինքն՝ երբ բյուջեի մասին օրենքն ընդունվում է, այնտեղ ընդունվում է կետ, որ սա չի լինելու, այս տարի նախատեսվում է՝ մասհանումը զրո»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

Ըստ նրա, եթե իշխանությունը հետևի Սահմանադրությանը և Երևանք քաղաքի մասին օրենքին, ապա մայրաքաղաք Երևանը կունենա 350 մլրդ-ի բյուջե։

«Այսօր Երևանում կառուցվում են միայն շենքեր, ինչո՞ւ, որովհետև կոմերցիոն է, ապրանք է՝ կառուցեցին, վաճառում են։ Իսկ հանգույցը, թունելը կամ ստորգետնյա գարաժը չես կարող վաճառել, քանի որ համարվում են հանրային օգտագործման ենթակառուցվածքներ, որոնց վրա գումար չի ծախսվում։ Միակ բանը, որի մասին խոսում են, թե պետք է կառուցեն՝ մետրոյի նոր կայարան. հիշեցնեմ, որ «մութ ու ցուրտ» տարիներին մետրոյի երկու կայարան է կառուցվել։

Պետք է անմիջապես ձեռնամուխ լինեն ստորգետնյա գարաժների, վերգետնյա անցումների, էստակադաների կառուցման։ Վերջին էստակադաները կառուցվել են 2007 թվականին։ Ամեն 100 մետրը մեկ լուսամփոփ է դրված մարդկանց համար, ալարում են կառուցել վերգետնյա անցումներ»,- հավելեց Հրանտ Բագրատյանը։

Մեր զրուցակիցը նաև շեշտեց, որ քաղաքում հնարավոր չէ տեղաշարժվել, իսկ մեքենաների թիվը վերջին 20 տարում 4 անգամ ավելացել է, և ավտոկայանատեղիում վճարների բարձր գին սահմանելով՝ եղած խնդիրները չեն լուծելու։

«Թող Երևանին տան այն բյուջեն, որը հասնում է՝ 100-120 մլրդ-ից բյուջեն կդառնա 300-350 մլրդ։ Երևանում էլ կառուցեն էստակադա, թունել, մետրո։ Երևանի կենտրոնում են հետաքրքիր վայրերը, թատրոնները, համերգասրահները և այլն, հիմա մարդը, ով Նորքի 4-րդ զանգվածից ուզում է իր երեխային բերել Կենտրոն, սրանից հետո չի կարողանալու։ Իրեն կարծես ասեն՝ տեղդ նստած մնա, կամ հասարակական տրանսպորտով արի։ Խնդիր է նաև Երևանի կենտրոնում ապրող մարդկանց համար, մարդը, ով ստանում է 45 հազար դրամ թոշակ՝ իր ստացած 4 ամսվա թոշակը տա դրա՞ն»,- եզրափակեց Հրանտ Բագրատյանը։

Տեսանյութեր

Լրահոս