Երևանի կենտրոնում մեքենան կայանելու 1 օրը կարժենա 2000 դրամ, տարեկան վճարը՝ 160.000 դրամ
Երևանի քաղաքապետարանը քննարկման է ներկայացրել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
Առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի Ա գոտում ավտոկայանատեղում կայանելու համար 1 օրվա համար վճարը սահմանել 2000 դրամ, իսկ տարեկանի դեպքում՝ 160.000 դրամ, կենտրոնից դուրս՝ 1 օրվա համար 1000 դրամ, իսկ տարեկան՝ 24.000 դրամ։
Մայրաքաղաքի Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցներով ներփակված փողոցներն ու տարածքները:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծի հիմնավորման համաձայն՝ դրույքաչափերի բարձրացումն ուղղված է Երևանի կենտրոնը բեռնաթափմանը:
Դեկտեմբերի 1-ին ժամը 15:00-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենան նախագծի հանրային բաց լսումներ: