«Իմ դռան դեմը կանգնելու համար քաղաքապետարանին տարեկան պետք է 160 հազար դրամ վճարե՞մ». ՀԱՐՑՈՒՄ

168.am-ն այսօր տեղեկացրել էր Երևանի քաղաքապետարանի քննարկման ներկայացրած «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի մասին:

Նախագծով մասնավորապես առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղիում կայանելու համար 1 օրվա համար վճարը սահմանել 2000 դրամ, իսկ տարեկանի դեպքում՝ 160.000 դրամ, կենտրոնից դուրս՝ 1 օրվա համար՝ 1000 դրամ, իսկ տարեկան՝ 24.000 դրամ։

Այս նախագծի առնչությամբ 168.am-ը լսել է համաքաղաքացիների տեսակետը. մեր հարցադրումներին պատասխանած բոլոր քաղաքացիներին զայրացրել էր որոշումը:

Ի դեպ, հարցվածների մեջ կային նաև վարորդներ, որոնք քաղաքապետարանի թիրախավորումից վախենալով՝ տեսախցիկի մոտ հրաժարվեցին իրենց կարծիքը հայտնել, բայց, ինչպես ասում են, կադրից դուրս՝ փոխանցեցին իրենց զայրույթը:

Կարդացեք նաև

«Դեռևս 2018 թվականին իրենք (իշխանությունները) հնչեցնում էին կարմիր գծերը, արագաչափերը հեռացնելու մասին կարգախոսներ, սակայն այսօր փաստացի ունենք այն, որ  ոչ միայն 2018 թվականի խոստումներն են սուտ, այլև քաղաքացիների կարգավիճակն է ավելի վատանում»,- նշեց մեր հայրենակիցներից մեկը՝ նկատելով, որ չի սպասում հօգուտ քաղաքացու որևէ լուծում:

«Նրանցից պրծանք, բայց սրանք ավելի ահավոր բաներ են անում»,- նշեց տաքսիստներից մեկը:

Մեկ ուրիշն էլ հավելեց. «Ի՞նչն են էժան թողնում, աղջիկ ջան, մնում է իրենք իրենց էլ թանկացնեն, ու ինձ նման թոշակառուների կյանքը ուտեն»:

Կենտրոնում ապրող մեր հայրենակիցն արձանագրեց. «Փաստորեն իմ դռան դեմը կանգնելու համար քաղաքապետարանին տարեկան պետք է 160 հազար դրամ վճարեմ, ինչի՞ համար»:

Նաև եղավ տեսակետ, որ ստիպված են հարմարվել օրենքներին, քանի որ ինչ էլ ասեն՝ մեկ է, չի լսվում:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծի հիմնավորման համաձայն՝ դրույքաչափերի բարձրացումն ուղղված է Երևանի կենտրոնի բեռնաթափմանը:

Դեկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենան նախագծի հանրային բաց լսումներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս