«Կա մեկ նպատակ, որի համար իրենք ամեն ինչ անելու են՝ իշխանությունը պահպանել, չկա ո՛չ հանուն ազգի, և ո՛չ պետական շահ». Թևան Պողոսյան
Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հերթական մամուլի ասուլիսի ժամանակ 168.am–ի հարցադրմանը, թե ճանաչելով Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, այնտեղ ներառվա՞ծ են, այսպես կոչված, «անկլավները», պատասխանել էր՝ այո, ապա պարզաբանել.
«86.600-ն առանձին է, բայց փաթեթի մեջ է 29.800-ի մեջ: 29.800-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը, իսկ 86.600-ի մեջ մտնում են նաև անկլավները: Սա քաղաքական դիրքորոշում է, բայց հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել և նայել: Սահմանագծի հետ կապված հստակ ասում եմ՝ ինչ տարբերակ կա: Անկլավների թեմայի հետ կապված տարբերակները մի քանիսն են. դրանցից մեկը կարող է լինել, եթե այդպիսի համաձայնություն ձեռք բերվի, որ գծի երկու կողմում գտնվող անկլավային տարածքները մնում են այն կողմի վերահսկողության ներքո, որում գտնվում են, տարածքների համաչափության կամ նույնականացման ձևով, այսինքն՝ կիլոմետր քառակուսիների ճշգրտումով, օրինակ՝ չափել՝ Արծվաշենի տարածքն ինչքան է, մյուսների տարածքն ինչքան է, և ըստ այդմ՝ այնպես անել, որ ամեն ինչ լինի հավասարության սկզբունքի հիման վրա: Մյուս տարբերակն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո այդ տարածքները լինեն համապատասխան՝ Արծվաշենը վերադառնա ՀՀ ինքնիշխանության ներքո, այն մյուս տարածքները, որոնք դե յուրե կհիմնավորվեն, վերադառնան»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Այս ասուլիսից ամիսներ անց, նոյեմբերի 24-ին, Նիկոլ Փաշինյանը որոշել էր պատասխանել քաղաքացիների հարցերին, դրանցից մեկը կրկին վերաբերում էր «անկլավներին», ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ 29.800 քկմ տարածքի մեջ անկլավները ներառված չեն, ընդգծելով.
«Բայց դրա մեջ մտնում է Արծվաշեն էքսկլավը` շրջափակված խորհրդային Ադրբեջանի տարածքով։ Հայաստանն Արծվաշենի հետ անմիջական սահման չունի, Ադրբեջանն էլ ունի նույն խնդիրը։ Այս հարցերին հնարավոր է այլ լուծումներ գտնել, օրինակ` այն էքսկլավ/անկլավները, որոնք պարփակված են ՀՀ տարածքով, դե յուրե համարվում է ՀՀ տարածք, իսկ նրանք, որոնք Ադրբեջանի տարածքով են պարփակված, համարվում են այդ երկրի տարածք»։
Այսինքն՝ տարբեր ժամանակներում միմյանցից ակնհայտորեն տարբերվող մեկնաբանություններ են տրվել:
168.am–ի հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին երբ ինչ հարմար է, այն էլ ասում է։
«Դուք միայն անկլավի վերաբերյալ ասացիք, բայց ես ավելին ասեմ՝ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանն էր, չէ՞, ասել, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ հիմա ի՞նչ է ասում։ Կոնյունկտուրայի պահպանման խնդիր է, պետք է՝ այսօր այդպես կասի, վաղը պետք չեղավ՝ այլ բան կասի։ Վերջում էլ կասի, թե ոչ «ոչ» եմ ասում, ոչ «այո» եմ ասում, քանի որ «ոչ» եմ ասում, դա չի նշանակում, որ «այո» եմ ասում։ Մեզ ժամանակին ասում էին, որ բացի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից, որևէ փաստաթուղթ չկա, հետո պարզվեց, որ բանավոր համաձայնություններ կան։ Պարզվեց, որ կա բանավոր հրաման, հետո պարզվեց, որ կա նաև գրավոր հրաման»,- նշեց Թևան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի համար թշնամի երկրի՝ Թուրքիայի ղեկավարը, հասկանալի է, որ կարող է մանիպուլյացիաներ անել, ամեն օր բարձրաձայնում և հիշեցնում է Փաշինյանին, թե՝ «բան ես խոստացել, արա»։ Պարզվում է՝ ուրիշ երկրներ էլ են ասում՝ «բան ես խոստացել, արա»։ Հետևաբար, զարմանալի չի լինի, եթե վերջում պարզվի, որ բան է խոստացել։
«Հիմա որ ասում է՝ 29.800 քկմ տարածքը Հայաստանն է, այդքան կա՞, չկա։ Ինչ-որ հանրագիտարաններից է ճշտում, այլ ոչ թե համապատասխան ինստիտուտներից։ Մեզ ասում էին, որ ցանկացած բան պետք է ունենա իրավական հիմնավորում, իսկ դրանից հետո ասում է՝ հանրագիտարան, որտե՞ղ է ասել, որ դա է իրավական հիմնավորումը և ինչ որոշումներով։ Ես չեմ լսել, որ իրենք ասած լինեն, թե մենք մեծագույն ուսումնասիրություն ենք արել, արդեն ամեն ինչ պարզել ենք, բոլոր իրավական հիմնավորումները կան, և սա է իրականությունը։ Եթե այդ բոլոր հիմնավորումները փաստաթղթերով ցույց տան, որ, օրինակ, կերել-խմել են ու իմացել են, որ պետք է անկլավ տան, կամ անհասկանալի մի չինովնիկի որոշմամբ են այդպես անում։ Ինչպես, օրինակ, ժամանակին, 1921 թվականին հունիսի 4-ին ՌԴ Կոմունիստական կուսակցության Անդրկովկասյան երկրների ներկայացուցչությունը որոշում էր կայացրել, որ Նախիջևանը և Արցախը հայկական են և պետք է լինեն հայկական։ Իսկ հաջորդ օրը Ստալինի քմահաճույքով որոշվել է, որ պետք է պոկվեն ու ավտոնոմ կարգավիճակներով մտնեն Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետության մեջ։ Քաղաքական ներկայացուցչի որոշումը Նիկոլ Փաշինյանը հիմք է ընդունում, որ դա իրավական է, հետո էլ ասում են, թե աշխարհաքաղաքական հարց է, աշխարհը չէր ընդունում Արցախի անկախությունը, մենք ի՞նչ անենք»,- հավելեց Թևան Պողոսյանը։
Նրա կարծիքով՝ բավականին ժամանակ է անցել, որպեսզի հանրությունը հասկանա, որ անմեկնաբանելի հարցեր կան, որոնք հնարավոր չէ մեկնաբանել, օրինակ այն, որ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր «ոչ» չասելը, հստակ չի նշանակում «այո»։
«Կա մեկ նպատակ, որի համար իրենք ամեն ինչ անելու են՝ իշխանությունը պահպանել, այստեղ չկա ո՛չ ազգային հարց, ո՛չ հանուն ազգի, ո՛չ պետական շահ, ո՛չ էլ հանուն պետության։ Սա իրենց կհաջողվի այնքան ժամանակ, ինչքան հայ ազգն այդ ամենը հանդուրժի կամ չսթափվի։ Եթե իրենք ժողովրդավարական արժեքներ ունենային, ապա 2020 թվականի նոյեմբերի 11-ին կամ 12-ին կլիներ գիտակցված, ինքնակամ հրաժարական և հեռացում։ Բայց, քանի որ այդ արժեքների խնդիրը կա, ունենք այն, ինչ ունենք»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։