29.800-ի մեջ անկլավները չեն մտնում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը այսօր՝ պատասխանելով Տավուշի բնակիչներից մեկի հարցին՝ հայտարարեց, որ Տավուշի մարզում անկլավների հարցը կա։

«Ես բազմիցս խոսել եմ այս հարցի մասին, անկլավների հարց, այո՛, կա՛։ Երբ ասում ենք` Հայաստանի 29.800 ք/կմ տարածք, դրա մեջ չեն մտնում այն էքսկլավներ/անկլավները, որոնք Խորհրդային Միության ժամանակ պատկանել են Ադրբեջանին։ ՀՀ 29.800 ք/կմ–ի մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է` շրջափակված խորհրդային Ադրբեջանի տարածքով»,– ասաց Փաշինյանը։

Նա շեշտեց` Հայաստանն Արծվաշենի հետ անմիջական սահման չունի, Ադրբեջանն էլ ունի նույն խնդիրը։ Այս հարցերին հնարավոր է այլ լուծումներ գտնել, օրինակ` այն էքսկլավ/անկլավները, որոնք պարփակված են ՀՀ տարածքով, դե յուրե համարվում է ՀՀ տարածք, իսկ նրանք, որոնք Ադրբեջանի տարածքով են պարփակված, համարվում են այդ երկրի տարածք։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքներից մեկը, ՀՀ վարչապետի խոսքով, երկու երկրների տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելն է ԽՍՀՄ քարտեզներով։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ի ասուլիսում հայտարարել էր, որ Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։

Նաև նշել էր, որ Հայաստանի 29.800 քառակուսի կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։

Տեսանյութեր

Լրահոս