ԵՄ-ն պատրաստ է ավելի ամրապնդել ներկայությունը Հայաստանում. ստորագրվեց ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր
Եվրամիությունը պատրաստ է առաջ շարժվել և էլ ավելի ամրապնդել ԵՄ առաքելության ներկայությունը. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրվեց Հայաստանում Եվրոպական Միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին՝ փետրվարից այս առաքելությունն ընդունելու համար: Այս առաքելությունը Հայաստանում արդեն շատ բան է առաջարկել կայունության, անվտանգության առումով: Կարգավիճակի մասին համաձայնագիրը, որը մենք այսօր ստորագրեցինք, օգնելու է ավելի իրավական որոշակիություն մտցնել, երբ խոսքը վերաբերում է երկրում առաքելության ներկայության տարբեր իրավունքների, պարտավորությունների կարգավորմանը»,-ասաց ԵՄ դեսպանը:
Ինչ վերաբերում է առաքելության ընդլայնմանը, ապա այդ հարցը որոշվել է մի քանի օր առաջ Բրյուսելում: Եվրամիության արտգործնախարարները հավանություն են տվել Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ընդարձակելու առաջարկին։
«Մենք պատրաստ ենք առաջ շարժվել և էլ ավելի ամրապնդել առաքելության ներկայությունը երկրում՝ նպաստելու կայունությանը և դիտորդություն իրականացնելուն սահմանի հայկական կողմում և տեսնելու, թե ինչ է իրականացվում»,-ասաց Մարագոսը:
Կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը փաստաթուղթ է Եվրոպական միության և Հայաստանի կառավարության միջև: Այն հիմնականում իրավական հարցերն է կարգավորում: Ըստ դեսպանի՝ բովանդակությունը նույնն է մնալու, և դիտորդները շարունակելու են դիտորդություն իրականացնել: «Մենք հավատում եք, որ սա կամրապնդի մարդկանց անվտանգությունը, մենք նաև նպաստում ենք տարածաշրջանում վստահության ամրապնդմանը: ԵՄ-ն հանձնառու է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և սա մեր գործիքներից մեկն է, որ ունենք Հայաստանում»,-ասաց Մարագոսը:
Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն էլ հստակեցրեց՝ այս պահին մանդատի փոփոխության մասին դեռևս վաղ է խոսել, խոսքը քանակի ավելացման, կարողությունների ուժեղացման մասին է: «Երրորդ կողմերից Կանադան է միացել առաքելությանը, կա հետաքրքրություն այլ երկրներից ևս»,-ասաց փոխնախարարը:
Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը պետք է նպաստի դրա գործունեության ավելի արդյունավետ իրականացմանը: «Խոսքը դիտորդների համար դյուրին պայմաններ ստեղծելու մասին է՝ սկսած առողջապահությունից մինչև տեխնիկական խնդիրներ: Դա նման է այն լիազորություններին, որոնք ունեն դիվանագետները յուրաքանչյուր երկրում»,-հստակեցրեց փոխնախարարը:
Եվրամիության քաղաքացիական առաքելությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2023 թվականի փետրվարից․ դիտորդները պարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում: