«Հայաստան» համահայկական հիմնադրամը հեռուստամարաթոն կանցկացնի արցախցիների համար
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հեռուստամարաթոն կանցկացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրները լուծելու համար։ Այս մասին հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
«Քեզ համար, Հայաստան» խորագրով հեռուստամարաթոնը կանցկացվի նոյեմբերի 23–ին` ժամը 22:00–ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով։
«Կենտրոնանալով սահմանամերձ համայնքների կենսունակության բարձրացման և տեղահանված ընտանիքների համար արժանապատիվ կյանքի ապահովման վրա՝ Հիմնադրամը առաջնահերթություն կտա կենսապայմանների բարելավմանն ուղղված նախաձեռնություններին: Հրատապ աջակցության հետ մեկտեղ, Հիմնադրամը նախատեսում է իրականացնել միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, ներառյալ փոքր և միջին բիզնեսի նախագծեր, որոնք նախատեսված են հատկապես գյուղական վայրերում բնակություն հաստատած տեղահանված ընտանիքների համար: Ձեր մասնակցությունն ու ներդրումը զգալի փոփոխություններ կբերեն մեր հայրենակիցների կյանքում։ Միացե՛ք և նվիրաբերե՛ք հիմա»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նվիրաբերություններ կարելի է կատարել հիմնադրամի առցանց հարթակում։