«Մենք չպետք է գոյացող միլիարդները բաժանենք ժողովրդին, որ նրանք աղքատությունը հաղթահարեն». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանում մարդկանց լավ կամ վատ ապրելու հարցի համատեքստում պետք է անդրադառնանք մեկ այլ խնդրի կամ հարցը փորձենք հասկանալ մեկ այլ տրամաբանության ներքո։ Իսկ Հայաստանում լավ ապրելու հնարավորությունները շատացե՞լ են, թե՞ քչացել, միանշանակ շատացել են»,- այս մասին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների այն քննադատություններին, որ Հայաստանում մարդիկ սկսել են վատ ապրել։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս տարվա ընթացքում, հոկտեմբեր ամսվա տվյալներով, առաջին անգամ պատմության մեջ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն անցել է 2 մլն-ը։

«Ուզում եմ արձանագրել, որ սա մեր քաղաքացիների համար հնարավորություն է, որովհետև այդ տուրիստներն իրենց հետ, բնականաբար, բերում են գումարներ և ծախսում են մեր շուկայում։ Սա հնարավորություն է փոքր, միջին, խոշոր բիզնեսի համար։ Այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել, որ 2018 թվականի համեմատ 2023 թվականին զբոսաշրջության ֆինանսավորումն ավելացել է 20 անգամ, իսկ 2024 թվականին աճը կլինի 35 անգամ։ Սա մենք զբոսաշրջիկներ համար չենք անում, նաև զբոսաշրջիկների համար ենք անում, բայց առաջին հերթին անում ենք մեր քաղաքացիների լավ ապրելու, հնարավորությունը մեծացնելու համար։

Այս համատեքստում ուզում եմ ուրիշ թիվ էլ ասել՝ այս տարի 2018 թվականի համեմատ մեր երկրում հուշարձանների ամրակայում և նորոգումով ֆինանսավորումը կրկնապատկվել է, իսկ 2024 թվականին 2018 թվականի նկատմամբ կաճի 5,5 անգամ»,- ասաց Փաշինյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ցանկանում են փոխել տասնամյակների քաղաքականությունը և հատուկ շեշտ դնել այն հուշարձանների վրա, որոնք խորհրդանշում են Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը, զարգացման կարողությունները։

«Հաշվի առնենք, որ սա բերելու է նաև զբոսաշրջության աճ, բայց ուզում եմ արձանագրել, որ մեր ընկալմամբ՝ լավ ապրել հնարավոր է միայն աշխատանքով։ Մեր քաղաքականությունն է նորանոր հնարավորություններ ստեղծել Հայաստանում մարդկանց աշխատանքի համար։ Բազմիցս եմ ասել, որ 2018 թվականից ի վեր 170 հազարից ավելի աշխատատեղ ենք ստեղծել Հայաստանում, և դա աշխատատեղերի աճ է ավելի քան 30 տոկոսով։

Ուզում եմ արձանագրել, որ 2021 թվականի համեմատ աղքատությունը կրճատվել է՝ 26,5 տոկոսից դառնալով 24,8 տոկոս, ծայրահեղ աղքատությունը 1,5 տոկոսից դարձել է 1,2 տոկոս։ Մենք չպետք է գոյացող միլիարդները բաժանենք ժողովրդին, որ նրանք աղքատությունը հաղթահարեն, մենք պետք է աշխատելու հնարավորություն ստեղծենք, և յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ աղքատությունը հաղթահարելու ճանապարհը միայն ու միայն աշխատանքն է»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս