Հայաստանը տարածաշրջանում դարձել է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների բախման օբյեկտ. Աբրահամյան
Այսօր դիզվառելիքի գործով դատական նիստից հետո ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանին ֆրանսիական ռազմատեխնիկական աջակցության մասին և պատասխանեց 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է այդ ամենը նման աղմուկով արվում։
«Գլխավոր խնդիրը հասկանալն է, թե ինչ ծավալի մասին է խոսքը, և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության ընդհանուր փաթեթն ինչ է ենթադրում։ Այսինքն՝ եթե ավելի կոպիտ ասեմ՝ եթե դա սահմանափակվում է միայն զրահապատ մեքենաների, մի քանի տեղորոշիչ ռադարների և մի քանի միավոր սպառազինությամբ, ապա բնական է, որ դա չի կարող որևէ լուրջ խնդիր ապահովել։ Այլ բան է, որ ռազմատեխնիկական համագործակցության դետալները, որպես կանոն, մանրամասնություններով չեն ներկայացվում՝ ո՛չ քանակի, ո՛չ ծավալի առումով, և դժվար է ասել, թե այս պահին ինչով, ինչին կարելի է փոխարինել։
Մի կողմից՝ Ադրբեջանը շարունակում է իր հռետորաբանությունը բավականին սուր պահել, և այս պայմաններում անվտանգության համակարգում արագ վերականգնողական աշխատանքների և հագեցվածության մեծ խնդիր կա, որը պետք է ապահովել»,- նշեց պատգամավորը։
Այդ համատեքստում Տիգրան Աբրահամյանն առանձնացրեց մեկ կարևոր հանգամանք՝ շեշտելով, որ այս ամենի հիմքում ամենակարևորը մարդկային գործոնն է, ինչը վերաբերում է համապատասխան անձնակազմերի վերապատրաստումներին՝ վերջացրած ԶՈւ-ի հաստիքացուցակով նախատեսված զինծառայողների ապահովմամբ։ Սպառազինությունների ձեռքբերմանը զուգահեռ՝ շատ կարևոր է հասկանալ ուսուցման գործընթացները և առհասարակ ԶՈւ-ում նոր մարդկանց, ավելի ինտելեկտուալ, բարձր մակարդակի մարդկանց ներգրավվածության թեման։
168.am-ի հաջորդ հարցին, թե ՀԱՊԿ-ից դուրս ո՞րն է Հայաստանի հեռանկարը, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց, որ դժվար է ասել, թե ինչ հեռանկարով է Հայաստանը գնալու։ Հարցը ոչ այնքան վերաբերում է նրան, թե ինչ կլինի, եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, այլ առհասարակ, թե ինչպիսի ճանապարհ է ուրվագծված։
«Այն, ինչը մենք տեսնում ենք այս 5,5 տարվա ընթացքում, դա ամբողջական առումով ոչ մի հստակ ուղղություն չի մատնանշում։ Այս համատեքստում շատ է խոսվում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին, բայց նույնիսկ, եթե արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն իրականացվում էլ է կամ կոնկրետ ուղղությամբ, կոնկրետ քայլեր իրականացվում էլ են, ապա այդ պարագայում պետք է հաշվի առնեն, թե կոնկրետ ուր են գնում, ինչ հաշվարկով և ինչ կա դրա տրամաբանության ներքո։ Այս պարագայում Հայաստանը 5,5 տարվա ընթացքում գնում է միայն անդունդ, անորոշություն ու անկանխատեսելիության դաշտ»,- հավելեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։
Ինչ վերաբերում է Տարասովի հայտարարությանը, որ Սերժ Սարգսանի ժամանակ Ալիևը չէր համարձակվի հարձակվել Հայաստանի վրա, Տիգրան Աբրահամյանն ասաց.
«Մեզ համար իրավիճակը ելնում է այն իրողություններից, որ կա հողի, հայրենիքի, երկրի և հայ ժողովրդի պաշտպանության խնդիր։ Իսկ այս իշխանության համար իրողությունը ելնում է իշխանություն ունենալու, իշխանությունների արտոնություններից և ֆինանսական գրավչությունից օգտվելու հենման դիրքից։ Մինչև 2018 թվականը Հայաստանը մշտապես փորձել է մի կողմից՝ բալանսն ապահովել միջազգային տարբեր դերակատարների ու կառույցների միջև, մյուս կողմից՝ նաև կարևոր է եղել, որպեսզի անվտանգային համակարգն իրավիճակին համահունչ, ըստ սպառնալիքների՝ այնպիսի մակարդակ ապահովի, որը կա՛մ կկանխի ու կզսպի թշնամիների հնարավոր հարձակումները, կա՛մ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում դրանք արագ կկանգնեցնի, հակառակորդին կճնշի։ Այսօրվա իրավիճակով Հայաստանը շարունակում է առաջնորդվել հախուռն քաղաքականության տրամաբանությամբ, որևէ բան հստակ չէ։
Սա բերում է նրան, որ այսօր Հայաստանը Հարավային Կովկասում վերածվել է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների բախումների սուբյեկտի, այդ դեպքում արդեն՝ օբյեկտի, և այս պարագայում մենք ունենում ենք միայն խնդիրներ, տարածքային ու մարդկային հսկայական կորուստներ»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում