
Վեհափառի նախկին գավազանակիրը պաշտոն է ստացել Կառավարությունում. MediaHub

Հայաստանում ստեղծված հակաեկեղեցական ֆոնին ասպարեզ դուրս եկան նաև որոշ նախկին եկեղեցականներ, որոնք ինչ-ինչ պատճառներով հեռացվել էին եկեղեցու ծառայությունից: Այդ մարդկանց շարքում էր նաև Գարեգին Բ կաթողիկոսի նախկին գավազանակիր Խորեն Վարդապետ Հովհաննիսյանը (ավազանի անունը` Նշան):
Նա Հանրայինի եթերում հայտարարել էր, որ Գարեգին Բ-ն զավակ ունի, ինչ-որ գումարներ է յուրացրել, եկեղեցին էլ դարձրել է իր համար բիզնես: Այլ կերպ ասած՝ միացել գործող իշխանության հակաեկեղեցական պայքարին:
Եվ այս ամենի հատուցումը չուշացավ:
MediaHub-ի տեղեկություններով՝ Նշան Հովհաննիսյանը Կառավարությունում պաշտոն է ստացել: Ավելի կոնկրետ, աղբյուրին հայտնել են, որ նա նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող: Հրամանը ստորագրել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Այդ բաժնի պետ Վարդան Ասցատրյանը MediaHub-ի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը:
«Մոտ մեկ ամիս է` նա այստեղ աշխատանքի է անցել: Դեռևս փորձում է հարմարվել աշխատանքին: Իր համար աշխատասենյակն արդեն պատրաստ է, անհրաժեշտ ամեն բան արվել է»,- նշել է Ասցատրյանը:
Հարցին, թե ո՞ր արժանիքի համար է Հովհաննիսյանն անցել աշխատանքի, արդյո՞ք Վեհափառին զրպարտելու գինը սա էր, զրուցակիցը պատասխանել է` այդ ամենով Կադրերի վարչությունն է զբաղվել:
«Թե ինչպես է նա դիմել աշխատանքի համար, մրցույթ եղել է, չի եղել, այդ ամենը Կադրերի վարչությունից պիտի ճշտեք: Ես գիտեմ, որ մոտ մեկ ամիս է` այստեղ է աշխատում»,- ասել է Ասցատրյանը:
Հարցին՝ հիմա՞ էլ Հովհաննիսյանը կարող է գնալ Հանրայինի տաղավար ու տարբեր հայտարարություններ անել, Վարդան Ասցատրյանը պատասխանել է` ոչ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում