«Չի երևում, թե Փաշինյանն իր այսօրվա ռեյտինգով և ռեսուրսներով ինչպե՞ս պետք է հասնի ցանկալիին՝ օրինական ճանապարհով»․ քաղտեխնոլոգ

«․․․Մեծ համոզմունք ունեմ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման` մեզ տված մանդատը երկարացնելու է․․․»,- Նիկոլ Փաշինյանի վերջին դիտարկումն է, որով նա փորձում էր համոզել, թե խաղաղության օրակարգը ժողովրդական առաջարկ է իրականում։

Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը 168am-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի համոզմունքներին՝ նշեց, որ դա քաղաքական նախընտրական բլեֆ է։

«Ընդհանրապես, Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ խաղաղությունը, առհասարակ, և խաղաղության ցանկացած փաստաթուղթ իրականում մնում է թղթի վրա, եթե գետնի վրա ուժային բալանսով ապահովված չէ։ Իսկ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժային հսկայական դիսբալանս կա, ակնհայտ է։

Հայաստանը նախկինում այս տարբերությունը կոմպենսացնում էր դիվանագիտական գործիքակազմով, հովանոցով, անվտանգային այլ համակարգերով, ինչն այժմ չունենք։ Եվ հիմա մենք չունենք ո՛չ, ըստ էության, ուժային հավասարակշռություն, և ո՛չ էլ այդ հովանոցը կա»,- մանրամասնեց Վիգեն Հակոբյանը։

Կարդացեք նաև

Քաղտեխնոլոգը քարոզարշավի էլեմենտ համարեց նաև «խաղաղության մասին» էմոցիոնալ համեմատությունները։

«Ասում է՝ փայփայենք, բանտիկ կապենք, լողացնենք այդ խաղաղությունը․․․, չէ՞, մոտավորապես այդ ոճի մեջ։ Սա ասում է ներքին լսարանի համար, էմոցիոնալ մատչելի լեզվով՝ իր ընտրազանգվածի համար։ Սա քարոզչական փաթեթավորում է։ Մենք հիմա ֆորմալ առումով նույնիսկ խաղաղության պայմանագիր չունենք, խոսքն իրականում նախաստորագրված ինչ-որ մի փաստաթղթի մասին է, որը Փաշինյանն ուզում է ժողովրդին վաճառել՝ որպես խաղաղության պայմանագիր։ Իրավական տեսակետից էլ խոսքը նախաստորագրված մի նախնական փաստաթղթի մասին է»,- հավելեց նա։

Փաշինյանի առաջարկի այլընտրանքը ո՞րն է, այս պահին կա՞ հստակ այլընտրանք՝ հետաքրքրվեցինք Վիգեն Հակոբյանից։

Ի պատասխան՝ վերլուծաբանը նկատեց․ «Սա հարց է, որի մասին մենք բազմիցս խոսել ենք․ ես միշտ համարել եմ և ասում եմ, որ Փաշինյանի՝ պաշտոնեական երկարակեցության հիմնական պատճառը հենց այն է նաև, որ ընդդիմությունը, կամա թե ակամա, խաղաղության օրակարգի մոնոպոլիան, «խաղաղություն» բառի օգտագործման մոնոպոլիան տվել է նրան»։

Ըստ նրա՝ եթե այլընտրանքային որևէ կոնցեպտ առաջարկվի այս համատեքստում, ապա Նիկոլ Փաշինյանը կմնա ձեռնունայն։ Իսկ առայժմ, նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրական կամպանիան խաղարկվելու է «խաղաղության», «խաղաղասերի» ակցենտներով։

«Ես կարծում եմ, որ ցանկացած ընդդիմադիր ուժ, որը մասնակցելու է ընտրություններին, կամ որը հույս ունի անգամ փողոցի միջոցով իշխանափոխության հարցը լուծել, պետք է ներկայացնի հանգամանալից, առանց պոպուլիզմի և ռեալ ռեալության վրա հիմնված իրական խաղաղության կոնցեպտ։ Հենց այդ կոնցեպտը կդառնա Նիկոլ Փաշինյանի, ըստ էության, կապիտուլյանտական խաղաղության կոնցեպտի այլընտրանքը։ Իսկ քանի դեռ չկա այդ այլընտրանքային խաղաղության կոնցեպտը, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որպեսզի իր խաղաղության կոնցեպտը ներկայացնի որպես միակը, աննմանը՝ ընդդիմադիրներին որակելով պատերազմ բերող ուժեր»,- շեշտեց Վիգեն Հակոբյանը՝ դիտարկմամբ, որ այլընտրանքային կոնցեպտները կարող են լինել մի քանիսը։

Առհասարակ, քաղտեխնոլոգի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ունի վարկանիշի էական խնդիրներ։

«Այսօրվա վարկանիշով «մանդատի երկարացման» մասին նրա կողմից խոսելը․․․ ես կուզեի նման ինքնավստահություն ունենալ։ Չեմ կարծում, որ կան լեգիտիմ հնարավորություններ այդ մանդատը երկարաձգելու համար, ինչը չի նշանակում նաև, որ ընդդիմադիր որևէ ուժ կարող է այդ մանդատը ստանալ միանգամից։ Չի երևում, թե Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ռեյտինգով և ռեսուրսներով ինչպե՞ս պետք է հասնի ցանկալիին՝ օրինական ճանապարհով»,- ամփոփեց նա։

Տեսանյութեր

Լրահոս