
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Լեհաստանի ԱԳՆ գլխավոր տնօրենը անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ արտաքին ծառայության ղեկավար և գլխավոր տնօրեն Ռաֆալ Վիշնևսկիին:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև համագործակցության խորացման հեռանկարները՝ ընդգծելով պարբերական խորհրդակցությունների և առանձին տարածքային ստորաբաժանումների միջև թեմատիկ համագործակցության զարգացման կարևորությունը:
Շեշտվել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Լեհաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև փոխգործակցության հարցում առկա մեծ ներուժը: ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Լեհաստանի ԱԳՆ գլխավոր տնօրենը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան համաձայնությւոնների արդյունքում տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումը:
Առանձնանշվել է Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և դրա կարևոր բաղադրիչ հանդիսացող TRIPP նախագծի կյանքի կոչմամբ տարածաշրջանում բացվող հնարավորությունները:
Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, կարևորվել է այս ուղղությամբ Լեհաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունը: