
Թուրքիայի և Իրանի միջև բացվելու է նոր սահմանային անցակետ

Թուրքիայի Վանի նահանգի Բաշքալե շրջանի և Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Սալմաստ քաղաքի միջև նախատեսվում է բացել 4-րդ սահմանային անցակետը։ Նոր անցակետը կգործի Քուզարեշ–Գելինջիք տարածքում՝ Բազերգան, Ռազի և Սերվից հետո դառնալով երկու երկրների միջև հերթական սահմանային անցակետը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Քայհան Թյուրքմենօղլուն հայտնել է, որ տեղում արդեն անցկացվել են տեխնիկական ուսումնասիրություններ երկու երկրների մասնագետների մասնակցությամբ։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը ոչ միայն կխթանի առևտուրը, այլև կնպաստի սահմանային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Թուրքիայում Իրանի դեսպան Մոհամմեդ Հասան Հաբիբօլլահզադեն նշել է, որ կողմերի միջև քննարկումներ են արդեն տեղի ունեցել նոր անցակետի տեղակայման ու մաքսային ենթակառուցվածքների վերաբերյալ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել առաջիկայում արագացնել այդ գործընթացը։