«Ցանկացած որոշում, եթե դա չի ապահովվում, վնաս է բերելու երկրին». Մովսես Հակոբյանը՝ «խաղաղության խաչմերուկի» մասին
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի մեծ մասն Ադրբեջանն օկուպացրել էր, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «խաղաղության դարաշրջանի» մասին։ Մինչ բազմաթիվ փորձագետներ հայտարարում էին, թե Նիկոլ Փաշինյանը չի կարող Հայաստանի համար բացել խաղաղության դարաշրջան, Փաշինյանը հակադարձում էր՝ չնայած Ադրբեջանի կողմից հրահրած լոկալ պատերազմական գործողություններին, Հայաստանը հավատարիմ է «խաղաղության դարաշրջանի» օրակարգին: Բացի այդ, Ադրբեջանը կամ չէր վստահում Հայաստանի հավատարմությանը կամ, որն ավելի հավանական է, շարունակում էր իրագործել վաղուց մշակված իր ծրագրերը: 2022 թվականի դեկտեմբերից 9 ամիս շրջափակման մեջ պահեց արցախահությանը, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հարձակվեց Արցախի Հանրապետության վրա: 24 ժամ մարտական գործողությունների ներքո պահելով Արցախի վերահսկողության տակ գնվող բնակավայրերը, ի վերջո, էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի ներքո բռնի տեղահանեց Արցախի բնիկ ժողովրդին:
Բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին, բրոշյուրներ տպագրեցին։ Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքներն ու քարտեզը: Մինչդեռ Ադրբեջանի ղեկավարը, սրան զուգահեռ, չէր դադարում հայտարարել, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց «պատմական հայրենիք՝ Արևմտյան Ադրբեջան»։
Ի՞նչ սպասել «խաղաղության խաչմերուկից», իսկապե՞ս Հայաստանը խաղաղության խաչմերուկում է։
168.am–ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նախ ասաց՝ հարցին միանշանակ պատասխանել չի կարող, քանի որ ամբողջական տեղեկատվությանը չի տիրապետում, այդուամենայնիվ որոշ նկատառումների մասին խոսեց.
«Միանշանակ է, որ մեկ բան պետք է արձանագրել՝ ցանկացած որոշում, եթե դա չի ապահովվում, ապա դա վնաս է բերելու։ Եվ հակառակը՝ ցանկացած որոշում, որն ապահովվելու է, օգուտ է բերելու։ Եթե այդ խաչմերուկը կարողանան ապահովել, որպեսզի մեր ինքնիշխան տարածքը լինի, և մենք վերահսկողություն իրականացնենք ամբողջական, սա մեզ օգուտ է բերելու։ Եթե հայտարարելու են խաղաղության խաչմերուկ ու այն հանձնելու են ուրիշին, ապա վնաս է բերելու երկրին։
Ես չգիտեմ, Հայաստանում ի վիճակի՞ են ապահովել այդ խաչմերուկի անվտանգությունը, թե՞ չէ»,- եզրափակեց Մովսես Հակոբյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ տեղյակ չէ այդ հայեցակարգի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունից։