Բլինքենը հանդես է եկել Գազայում հումանիտար դադարների քննարկման օգտին
Միացյալ Նահանգները կարծում է, որ անհրաժեշտ է դիտարկել հումանիտար դադարներ մտցնելու հարցը Գազայի հատվածում շարունակվող մարտերի ֆոնին։ Այդ մասին ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Սնունդը, ջուրը, դեղորայքը և այլ անհրաժեշտ մարդասիրական օգնությունը խաղաղ բնակիչներին պետք է անարգել հասնի Գազա: Քաղաքացիական անձինք պետք է հեռու մնան վտանգից: Այս խնդիրն էլ ավելի է բարդանում, քանի որ ՀԱՄԱՍ-ը խաղաղ բնակիչներին օգտագործում է որպես կենդանի վահան: Նաև պետք է դիտարկել հումանիտար դադարների հարցը»,- ասել է Բլինքենը Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ։
Նա հավելել է, որ Վաշինգտոնում իսրայելցի գործընկերների հետ շփումների ժամանակ պնդել է պատերազմի կանոնների և միջազգային իրավունքի պահպանման անհրաժեշտության մասին։ «Մենք նաև ընդգծում ենք Իսրայելի կողմից բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Բլինքենը նաև ասել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության ընթացքում Գազայի հատված մարդասիրական օգնության մշտական հոսքի բացակայության պայմաններում էսկալացիան ամենայն հավանականությամբ կմեծանա: