«Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցն է». Մեթյու Միլլեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն չէ» հայտարարությունից հետո որոշ սենատորներ հանդես էին եկել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու կոչով։ Դրան ի պատասխան՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ չնայած այս հարցի վերաբերյալ կարծիքների տարբերությանը, Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Պետդեպի խոսնակի ընդգծմամբ, սա առաջին անհամաձայնությունը չէ Թուրքիայի ղեկավարության հետ և Թուրքիան դեռ դիտարկվում է որպես ՆԱՏՕ-ի արդյունավետ և կառուցողական դաշնակից։

Անդրադառնալով Էրդողանի հիշյալ հայտարարությանը, Միլլերը նշել է, որ իրենց գնահատականը հստակ է և ՀԱՄԱՍ-ն իսկական ահաբեկչական կազմակերպություն է։

Միլլերի խոսքով, ԱՄՆ-ը շարունակելու աշխատել Անկարայի հետ դաշինքի ամրապնդման ուղղությամբ։ Նա նաև հիշեցրել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունն ուղարկվել է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողով։

«Մենք ՆԱՏՕ-ի ուժեղացման համար անհամբերությամբ սպասում ենք նրանց (Թուրքիայի) հետ համագործակցությանը և այդ ամրապնդմանն ուղղված ջանքերը նաև ներառում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության արագ իրականացումը»,-հավելել է Միլլերը։

Տեսանյութեր

Լրահոս