Փաստն այն է, որ Ալիևն այլևս իր տրյապկա արժանապատվությունից ցածր է համարում հանդիպել Փաշինյանի հետ. Նաիրա Զոհրաբյան

Արցախում 10 ամիս շարունակ արցախահայերին սովահար շրջափակման մեջ պահելուց ու ցեղասպանելուց հետո, Ադրբեջանի ղեկավարը քայլում է Արցախի դրոշի վրայով, հանդես է գալիս Հայաստանին ուղղված սպառնալիքներով: Եվ եթե մինչև Արցախի ամբողջական օկուպացումն Ադրբեջանի նախագահը հայտարարում էր, թե   «Զանգեզուրի միջանցքը» դիվանագիտական ճանապարհով չբացելու դեպքում դա կանի ուժով, ապա հիմա նրա խոսույթը կտրուկ փոխվել է: Ընդամենը 10 օր առաջ նա հայտարարել էր.  «Մենք կվերադառնանք Զանգեզուր, բայց խաղաղ ճանապարհով, ոչ թե տանկերով, այլ քաղաքացիական մեքենաներով»: Սա ևս խորամանկ քայլ է, պաշտոնական Բաքվի վերջին շրջանում հնչեցրած հայտարարությունները պլան Բ-ի մասին՝ մեր դեմ ուղղված հերթական թակարդն են:  Ադրբեջանի ղեկավարն ու նրա դիվանագետներն ու պաշտոնյաները  չեն դադարում պետական քարոզչական հայտարարություններ անել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ նկատի ունենալով Սյունիքն ու Հայաստանի այլ տարածքներ:

Այս բոլորին զուգահեռ՝ Ալիևն արդեն մեկ անգամ չէ, որ հրաժարվում է ներկա գտնվել Փաշինյանի հետ արևմտյան հարթակում նախատեսվող հանդիպումներին՝ փորձելով ՀՀ իշխանություններին թելադրել իրենց համար առավել ընդունելի ձևաչափերը:

Այդպիսի մի «նախաձեռնությամբ» Ալիևը հանդես եկավ Վրաստան կատարած վերջին  պաշտոնական այցի ժամանակ՝ հայտարարելով, որ Վրաստանը կարող է հարթակ դառնալ երկկողմ ու եռակողմ հանդիպումների համար:

Դրան ի պատասխան՝ այդ երկրի վարչապետը պատրաստակամություն հայտնեց ստանձնելու միջնորդի դերը երկու երկրների միջև:

Կարդացեք նաև

Հատկանշական է, որ ՀՀ գործող իշխանությունները որևէ ձևով չեն ընդդիմանում թշնամական երկրի ղեկավարի քմահաճույքներին՝ հույս հայտնելով, որ, ի վերջո, Ալիևը կբարեհաճի հանդիպել ու խոսել Փաշինյանի հետ:

Այս ամենի ֆոնին՝ Փաշինյանն ու իր թիմակիցները շարունակում են բարձրացնել «խաղաղության օրակարգին» հավատարիմ մնալու իրենց հանձնառությունը՝ խոսելով «Խաղաղության խաչմերուկի» մասին, որին ամիսներ առաջ «Հայկական խաչմերուկ» անունն էին տալիս:

Իսկ ՀՀ ՏԿԵ փոխնախարարն էլ հույս է հայտնում, որ ՀՀ և Ադրբեջանի միջև քաղաքական տարաձայնությունները կհարթվեն, ու Հայաստանը հնարավորություն կստանա գազ ներմուծել Ադրբեջանից:

168.amը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ-ի հիմնադիր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե առկա իրավիճակում Ադրբեջանի կողմից բոլոր գործընթացները «Զանգեզուրի միջանցքի» հետ կապելու քաղաքականության ֆոնին՝ ինչ վտանգներ է կանխատեսում Փաշինյանի ասպարեզ բերած նոր՝ «Խաղաղության խաչմերուկ» տերմինի ներքո:

Հիշեցնենք, որ օրերս, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ, Փաշինյանը նոր տերմին մտցրեց շրջանառության մեջ՝ «Խաղաղության խաչմերուկ» անվամբ: Ավելի ուշ տարածվեց նաև համանուն նախագիծը, որը, ի դեպ, դեռևս հասանելի չէ հանրությանը:

Փաշինյանի գաղափարին արձագանքել էր նաև Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորներից մեկը` հայտարարելով, թե հենց Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» հարցում հետաքրքրություն չցուցաբերելուց և այլընտրանքային ճանապարհ բացելուց հետո միայն Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ պատրաստ է բացել «միջանցքը»:

Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում խոսքը ոչ թե վտանգների, այլ հենց հայկական պետականության կորստի մասին է:

«Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկում» թաղվելու է Հայաստանի պետականությունը: Մեզ համար պարզապես ծայրահեղ անարգանք է, երբ Ալիևը հրաժարվում է ԵՄ կամ որևէ այլ  հարթակում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: Հիմա նիկոլական էլեկտորատը սիրում է, չէ՞, ասել՝ «Սերժի վախտ»: Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ Ալիևն էր ռուսական միջնորդությամբ անընդհատ փորձում հանդիպել Հայաստանի ղեկավարության հետ: Հիմա՝ հասել ենք այն աստիճանի, որ Արարատ Միրզոյանը հրապարակավ հայտարարում է, որ «հույս ունենք, որ ԵՄ միջնորդությամբ Ալիևը կհամաձայնի հանդիպման»»,- մեջբերեց նախկին պատգամավորը՝ վստահեցնելով, որ Ալիևը Նիկոլ Փաշինյանից այլևս որևէ բան չունի ստանալու:

Նրա խոսքով՝ թշնամական երկրի ղեկավարն արդեն իսկ ստացել է իր համար ցանկալին, երբ Պրահայում Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»՝ ներառյալ Արցախը:

«Նիկոլ Փաշինյանն ինքն է առաջինը ոտնահարել, առաջինը ճղել ու շպրտել մի կողմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որտեղ Արցախի հանձնման մասին որևէ խոսք չկա: Իսկ մնացածն արդեն տեխնիկայի հարց է, և Ադրբեջանն այն կվերցնի այնպես, ինչպես սովոր է վերցնել: Խոսքը վերաբերում է թե՛ «Զանգեզուրի միջանցքին», թե՛ «անկլավներին»»,- ասաց Զոհրաբյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը համակարգող փոխվարչապետների հարթակի ձախողումից հետո որևէ նախագիծ կարող է նպաստել տարածաշրջանային խնդիրների կարգավորման գործընթացին՝ Զոհրաբյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ ներկա իշխանությունների վարած քաղաքականության պարագայում բոլոր գործընթացները ծառայեցվում են միայն թուրքական շահին:

«Պարզ է, որ պետք է ձախողվեր, որովհետև երբ Նիկոլ Փաշինյանն ամեն ժամը մեկ, բոլոր հնարավոր ամբիոններից հայտարարում է, որ «մենք ճանաչում ենք Ադրբեջանի 86.600 քկմ-ն, ներառյալ՝ Արցախը: Նույնն ակնկալում ենք Ադրբեջանից, որ ճանաչվի Հայաստանի 29.800 քկմ-ն: Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ «ծիծաղելի են ՀՀ իշխանությունների պնդումները՝ մեզնից կորզել հայտարարություն, թե՝ մենք ճանաչում ենք ՀՀ 29.800 քկմ-ն, քանի որ այն, ինչ մերն է, մենք վերցնելու ենք», բնականաբար, նկատի ունենալով Սյունիքն ու Տավուշի և այլ հատվածներ»,- ասաց Զոհրաբյանը:

Հասարակական-քաղաքական գործիչը ԵՄ հարթակներում նախաձեռնվող Փաշինյանի հետ հանդիպումներից Ալիևի հրաժարվելուն  անդրադառնալուց զատ՝ խոսեց նաև երեկ Փաշինյանի ու Ադրբեջանի վարչապետի միջև կայացած հանդիպման մասին.

«Նիկոլը հանդիպեց Ադրբեջանի վարչապետի հետ, վաղն Ալիևը կարող է ևս մի պլանկա իջեցնել, ու Փաշինյանը հանդիպի արդեն Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հետ: Դրանից հետո, հաջորդ հանդիպումը կարող է լինել, ասենք, մաքսիմում, Ադրբեջանի լողի ֆեդերացիայի կամ խոհարարների ասոցիացիայի նախագահների հետ: Փաստն այն է, որ Ալիևն այլևս իր տրյապկա արժանապատվությունից ցածր է համարում հանդիպել Փաշինյանի հետ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Առկա իրավիճակում, ՀՀ ԱԺ նախկին պատգամավորն անընդունելի համարեց ընդդիմության անգործությունն ու տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ հասարակության անտարբերությունը՝ համոզված պնդելով, որ դրա հետևանքներն առաջիկայում մեր մաշկի վրա ենք զգալու:

«Եթե թուրքն այսօր հասնի Երևանի Կենտրոն, բայց չհասնի, օրինակ, Դավիթաշեն, ապա դավթաշենցին ապահով է զգալու: Սա կբերի նրան, որ մի օր էլ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կկարդա տեքստ՝ Հայաստանի Հանրապետության լուծարման մասին՝ այդ տեքստը ողջունող իր էլեկտորատի վայրի, կեղտոտ, փնթի ու տգետ վրնջյունների տակ»,- ցավով արձանագրեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս