Հոկտեմբերի 27-ի բաց թողած արտաքին քաղաքական փամփուշտը սլանում է Սյունիքի ուղղությամբ. Արամ Սարգսյան
Հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը տեղեկացրեց՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով 2022 թվականին մեկ ամսվա մեջ 2 անգամ կանչվել է ԱԱԾ՝ հարցաքննության։
«Բավականին երկար ու հոգնեցուցիչ հարցաքննություն էր: Դրանից հետո այլևս ինձ չեն կանչել, որովհետև գործի հետ կապված որևէ նոր բան իմ ասելիքում չկար, առավել ևս, որ կային նաև հին ցուցմունքները,- մանրամասնեց նա, ապա անդրադառնալով գործի ամբողջական բացահայտման մասին հարցադրումներին՝ հավելեց,- Հոկտեմբերի 27-ի բացահայտման խնդիրը հիմնականում ԱԱԾ դաշտում է, և կարծում եմ՝ այդ մարմինն է, որ կարող է արտաքին քաղաքական հետքի մասով տեղեկություն տալ՝ հաստատել կամ հերքել՝ կա՞ արտաքին քաղաքական հետք, թե՞ ոչ։ Իսկ քանի դա ոչ հաստատված է, ոչ հերքված է, այդ վարկածը մնում է օդի մեջ, և Հոկտեմբերի 27-ը մնում է չբացահայտված»:
Արամ Սարգսյանի կարծիքով, յուրաքանչյուր մարդ ինքն իր մեջ, իր ներսում «Հոկտեմբերի 27»-ն ինչ-որ առումով բացահայտել է և ունի իր սեփական մոտեցումները։
«Կարծում եմ՝ արդարությունը, արդարադատությունը հենց այդ իմաստն էլ ունի, որ հանրությանը համոզի, որ քո մոտեցումները կամ ճիշտ էին, կամ սխալ։ Ցավոք, մեր արդարադատությունն առ այսօր դա չի արել։ Ես շատ կուզենամ՝ մենք դառնանք այնպիսի պետություն, որի արդարադատությունը կարողանա նման դժվար գործը, որը, իմ կարծիքով՝ միանշանակ արտաքին քաղաքական հետք ունի, և որի բաց թողած փամփուշտն առ այսօր սլանում է Սյունիքի ուղղությամբ, բացահայտվի»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում