Հայաստանը «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս չէ, քանի որ մինչ այժմ վերջնական դիրքորոշում չի ձևավորել Մեղրիով ճանապարհի վերաբերյալ. Օվերչուկ
«Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ռուսական օպերատորը, որը պատկանում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան ճյուղին, սկսել է նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքները»,- այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով, նախագիծը քննարկվել է նախօրեին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերի հանդիպման ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Երեկ այս հարցը քննարկվել է, մենք արդեն ունենք ծրագրի օպերատոր մեր կողմից, նա կամաց-կամաց թեմայի մեջ է մտնում, աշխատանքները սկսվում են։ Հասկանալի է, որ այս աշխատանքը շատ բարդ է, այդ թվում՝ հողի հատկացումը։ Այսպիսով, գործընթացը սկսվել է»,- մեկնաբանել է Օվերչուկը՝ մեկնաբանելով Ռեշտ-Աստարա հատվածի շինարարության մասին հարցը։
Օվերչուկը մեկնաբանել է նաև Մեղրիով ճանապարհի կառուցման միջոցով Հյուսիս-Հարավ ծրագրին Հայաստանի մասնակցության հարցը։ Զանգեզուրի հատվածը՝ որպես նախագծի մաս, ըստ նրա, ներկայումս չի դիտարկվում՝ Հայաստանի կողմից հստակ դիրքորոշման բացակայության պատճառով։
«Հայաստանը Հյուսիս-Հարավ միջանցքի մաս չէ։ Մեղրիով ծրագրված ճանապարհի վերաբերյալ առայժմ վերջնական դիրքորոշում չեն ձևավորել»,- ասել է նա։
«Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավին, ապա այստեղ փոխգործակցությունը միանգամայն նորմալ է կազմակերպվում։ Բացի այդ, դուք գիտեք, որ Ադրբեջանն ու Իրանը փաստացի արդեն սկսել են ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը, որը կանցնի Արազ գետի հարավային ափով՝ շրջանցելով Հայաստանը, և փաստացի ստորագրել են հուշագիր Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին՝ Հայաստանը շրջանցելով, այն պարզապես գետի մյուս ափով կանցնի»,- ասել է Օվերչուկը։
Նա նշել է, որ Իրանի տարածքով դեպի Նախիջևան շրջանցող ճանապարհի կառուցման տարբերակը Թուրքիայի հետ սահմանից ելքով փոքր-ինչ տարբերվում է «Զանգեզուրով անցնող ճանապարհից»։ «Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կկազմի 42 կմ, որքան գիտեմ, Իրանի տարածքով երկաթուղին մոտավորապես 50 կմ է, ահա ամբողջ տարբերությունը՝ երկու կամուրջ և 8 կմ, 1520 երկուսն էլ՝ այստեղ-այնտեղ»,- նշել է Օվերչուկը։