Բաժիններ՝

Հ. Սանասարյանը՝ սպասվող ջրածածկումների մասին. եթե ջերմաստիճանի բարձրացումն ուղեկցվի տեղումներով, սելավների համար լուրջ նպաստավոր պայմաններ կստեղծվեն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԻՆ տվյալներով՝ մարտի 18-ին սպասվող տեղումները կարագացնեն բարձր ջերմաստիճանների արդյունքում կիսահալված վիճակում գտնվող ձյան հալոցքը։

Գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր է ափամերձ տարածքների և բնակավայրերի ջրածածկում:

«Կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ջերմաստիճանի արագ բարձրացման դեպքում հնարավոր են նման երևույթներ գրանցվել.

«Եթե գան առանձին հոսքեր, ջերմաստիճանի բարձրացումը շատ արագ չի լինի, ձյունը դանդաղ կհալվի: Պետք է իմանանք, որ կլիմայի փոփոխություններն աշխարհում հարյուրամյակների ցիկլով միշտ եղել են: Հասկանալի է, որ Հայաստանը լեռնային երկիր է՝ բարդ ռելիեֆային կտրվածքներով և ողջ թեքություններով, և այդ վարարումները կարող են վնասներ պատճառել տնտեսությանը՝ հաճախ ճանապարհներ են քանդվում, կամուրջներ են քանդվում, հողատարածքներ են ավերվում»:

Կարդացեք նաև

Հակոբ Սանասարյանի խոսքով՝ եթե ջերմաստիճանի բարձրացումն ուղեկցվի տեղումներով, այդ դեպքում սելավների համար լուրջ նպաստավոր պայմաններ կստեղծվեն:

Կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահը նշում է, որ նման երևույթներ առավել հաճախ նկատվում են Տավուշի մարզում. «Ամեն տեղ էլ կա, և, իմիջիայլոց, Հայաստանը բավական վնասներ է կրում դրանցից: Սովետական միության այն վայրերում, որտեղ սելավի հավանականություն կա, հատուկ միջոցներ էին հատկացվում, ամրացումներ էին կատարվում: Հիմա ինչպես այս, այնպես էլ սողանքների խնդրում համարյա ֆինանսներ չեն դրվում, միջոցառումներ չեն արվում, իսկ պետական ճանապարհների քանդվելու դեպքում ճարահատյալ վերականգում են դրանք: Իսկ եթե գյուղացիները մեծ վնասներ են կրում, ձևականորեն հաշվարկում են հասցված վնասը և դա հիմնականում մնում է թղթի վրա: Ուզում եմ ասել, որ, ցավոք, Հայաստանում սոցիալական պաշտպանվածությունը չի գործում, պետությունը իր դերը դժբախտաբար չի կարողանում կատարել»:

Հակոբ Սանասարյանի խոսքով՝ անհրաժեշտ միջոցառումների լուրջ պակաս կա. «Այսօր պետական կառավարման համակարգը լրիվ այլ, ինձ համար անհասկանալի խնդիրներով է զբաղված: Նախկինում նման դեպքերում գետերի խոցելի մասերում խոշոր զանգվածով բետոն կամ քար էին լցնում, կամուրջներն էին ամրացնում և կատարում էին այլ աշխատանքներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս