Քաղաքագետը դրական է գնահատում 3+3 հարթակի գործունեությունը Հայաստանի համար

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը դրական է գնահատում Հայաստանի մասնակցությունը 3+3 ֆորմատով հանդիպմանը Հայաստանի մասնակցությունը։ Նրա խոսքով՝ այս հարթակում ներգրավված են երկրներ, որոնց հետ հարաբերություններից է կախված Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծման հեռանկարը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գարիկ Քեռյանը նշում է՝ եթե նույնիսկ բացառվի Վրաստանի մասնակցության հանգամանքը դե-յուրե «3+3» կոչվող հարթակի աշխատանքներում և այն դե-ֆակտո գործի առանց Վրաստանի, միևնույնն է, տվյալ ձևաչափի գործունեությունը կարելի է շատ դրական գնահատել հատկապես Հայաստանի համար, որովհետև առաջին անգամ ձևավորվում է մի հարթակ, որում ընդգրկված ուժերի գործողություններից և վերաբերմունքից, ինչպես նաև հարաբերություններից կախված է հայկական պետականության ճակատագիրը։

Նրա գնահատմամբ՝ եթե կայանա «3+3» ձևաչափը, ապա այն կունենա տարածաշրջանային կարևոր նշանակություն, թեև այս պահին փաստացի գործ ունենք «3+2» տարբերակի հետ, քանի որ արևմտյան կողմնորոշում ունեցող Վրաստանն ի սկզբանե մերժում է հարթակի աշխատանքներին մասնակցելու հրավերը։

«Իսկ Հայաստանն իր հերթին առաջին անգամ մուտք է գործում մի ձևաչափ, որտեղ կան երկու հակառակորդ պետություններ՝ ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի, իսկ մյուս կողմից մեզ բարեկամաբար տրամադրված Իրանն ու համեմատաբար հայամետ Ռուսաստանը։ Ինչո՞ւ համեմատաբար, որովհետև այսօր Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա է բավականին խորը համագործակցություն։ Ինչևէ, այս ձևաչափը Հայաստանին կտանի բանակցությունների այն երկրների հետ, որոնց հետ հարաբերություններից կախված է մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծման հեռանկարը»,- նշեց քաղաքագետը։

Քեռյանի դիտարկմամբ՝ Հայաստանն այսօր իր քաղաքական հարցերի լուծումը մերթ փնտրում է Մերձբալթիկայում, մերթ բրյուսելյան կամ վաշինգտոնյան հարթակներում, մերթ եվրաատլանտյան տիրույթի այլ երկրներում, սակայն արևմտյան կիսագնդից բացի խոստումներից, որևէ իրական և շոշափելի քայլ դեռ չի արվում։ Նա հիշեցրեց, որ արևմտյան մայրաքաղաքներից հնչում էին խրոխտ հայտարարություններ առ այն, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելու դեպքում կենթարկվի ամենախիստ պատասխանատվության, բայց իրականում Բաքուն այդպես էլ որևէ պատասխան չտվեց իր սանձազերծած ագրեսիայի համար՝ արհամարհելով արևմտյան գերտերություններին։

«Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանը կամ պետք է իր հարցերի լուծումը փնտրի Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների միջոցով, կամ էլ մասնակցի տարածաշրջանային ուժային կենտրոնների մասնակցությամբ բանակցություններին, որոնց շնորհիվ հայկական պետականությունը կարող է ձեռք բերել անվտանգության երաշխիքներ»,- նշեց մեր զրուցակիցը։-

Քեռյանի կարծիքով՝ Արևմուտքն օգտագործելու է բոլոր հնարավոր լծակներն ու ամեն կերպ ձգտելու է խափանել «3+3» ձևաչափի գործունեությունը, որովհետև դրանում ընդգրկված են հստակ հակաարևմտյան դիրքորոշում ունեցող Ռուսաստանն ու Իրանը։ Ըստ նրա՝ կան նաև հակասություններ հենց հարթակի ներսում գտնվող պետությունների միջև, որովհետև Ռուսաստանն ու Իրանն Արևմուտքի համար հակոտնյա տերություններ են, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի ազդեցիկ անդամներից է։

«Բացի դրանից, մենք ապրում ենք կոնֆլիկտային տարածաշրջանում, որտեղ երկրների միջև բոլոր շահերը չէ, որ համընկնում են, և տակավին կան չհանգուցալուծված հիմնախնդիրներ Հայաստանի ու Ադրբեջանի, Ռուսաստանի ու Վրաստանի միջև։ Բայց նույնիսկ հակասությունների առկայությունը հաշվի առնելով՝ բանակցությունների չգնալն ու տվյալ հարթակի աշխատանքներին չմասնակցելը միանշանակ սխալ կլինի։ Այնպես որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի քաղաքական էլիտաներն ու ստրատեգները, եթե գտել են, որ պետք է նպաստեն նշված հարթակի կայացմանը, դա արդեն մեծ հաղթանակ է։ «3+3» հարթակի հեռանկարը շատ բանով կախված կլինի ուկրաինական և արաբաիսրայելական հակամարտություններից, ինչպես նաև Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածությունից, որոշ այլ խնդիրներից։ Չնայած այդ ամենին՝ միասնական հարթակ ստեղծելու ձգտումն ինքնին շատ բարձր է գնահատվում, մանավանդ որ թեհրանյան վերջին հանդիպման արդյունքում հարթակի մասնակիցներն ընդունել են իրենց փոխհարաբերություններին առնչվող սկզբունքները»,- ասաց քաղաքագետը։

Քեռյանի համոզմամբ՝ «3+3» ձևաչափը կարող է լինել նաև զսպաշապիկ Թուրքիայի և Ադրբեջանի համար, քանի որ այդ պետություններն ունենալով հավակնություններ՝ պահանջներ են ներկայացնում Հայաստանին, ուստի տվյալ հարթակը նրանց կարող է հետ պահել ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից։ Նրա պնդմամբ՝ սա այն ձևաչափն է, որտեղ Ռուսաստանն ու Իրանը կարող են հարթել սուր անկյունները և գտնել լուծումներ, քանի որ Հարավային Կովկասում նոր ռազմաճակատի բացումն ամենևին չի բխում Մոսկվայի ու Թեհրանի շահերից։ Նրանք գիտակցում են, որ հարավկովկասյան տարածաշրջանի ապակայունացումն անմիջապես հարվածելու է իրենց շահերին։

Քաղաքագետը շեշտեց նաև, որ ապակայունացման հեռանկարով առավելապես շահագրգռված չէ նաև Հայաստանը։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանական արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ Թեհրանում տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը, որից հետո մասնակից 5 երկրների արտգործնախարարները համատեղ հաղորդագրություն են տարածել՝ ընդգծելով վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա:

Մանվել Մարգարյան

Տեսանյութեր

Լրահոս