Բաժիններ՝

Գերմանիան լրացուցիչ 150 զինվորականի կուղարկի՝ Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերին միանալու

Գերմանիայի կառավարությունը Սերբիայի և Կոսովոյի միջև աճող լարվածության պատճառով որոշում է կայացրել Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) լրացուցիչ զորակազմ ուղարկել՝ միանալու Կոսովոյի համար ՆԱՏՕ-ի ուժերին (KFOR)։ Der Spiegel պարբերականը, վկայակոչելով աղբյուրների, նշում է, որ Կոսովո կուղարկվի 150 զինվորական:

Ըստ պարբերականի տեղեկատվության՝ այս շաբաթ Գերմանիայի իշխանությունները հավանություն են տվել Բունդեսվերի լրացուցիչ զորակազմ Պրիշտինա ուղարկելու ծրագրերին։ Սպասվում է, որ 150 զինծառայողները այնտեղ կմեկնեն 2024 թվականի ապրիլին և կփոխարինեն ավստրիացի զինվորականներին։

Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հաստատել է այս տեղեկությունը Բեռլինում կայացած ճեպազրույցում։

Կոսովոյում Բունդեսվերի զորակազմի թվաքանակի ավելացումը, ինչպես նշում է Der Spiegel-ը, ծրագրված էր դեռ Բալկաններում էսկալացիայից առաջ։ Ներկայումս երկրամասում տեղակայված է Գերմանիայի զինված ուժերի ընդամենը 85 զինվորական։ Բունդեսվերը KFOR-ին մասնակցում է 1999 թվականից։

Ավելի վաղ  ՆԱՏՕ-ն թույլատրել է Կոսովոյում KFOR-ի լրացուցիչ ուժեր տեղակայել՝ իրավիճակը կայունացնելու նպատակով։ Սեպտեմբերի 24-ին շուրջ 30 էթնիկ սերբ զինյալներ բարիկադավորվել էին Սերբիայի սահմանի մոտ գտնվող Բանսկա գյուղի սերբական ուղղափառ եկեղեցում։ Կոսովոյի ոստիկանները պաշարել են եկեղեցին։ Փոխհրաձգության հետևանքով զոհվել է կոսովցի 1 ոստիկան և 3 սերբ զինյալ։

Կոսովոյի հյուսիսում իրադրությունը լարված է մայիսին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից ի վեր։ Հիմնականում սերբերով բնակեցված շրջաններում նշանակվել են կոսովցի ղեկավարներ այն բանից հետո, երբ սերբերը բոյկոտել էին ընտրությունները։ Լարվածությունը զսպելու համար ՆԱՏՕ-ն ընտրություններից հետո լրացուցիչ 700 զինվորի է տեղակայել Զվեչան քաղաքում։ Այժմ KFOR-ի թվաքանակը կազմում է շուրջ 5 հազար մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս