Սա վերջը չէ, այլ ընդամենը Հայաստանի Հանրապետության կամավոր ինքնաոչնչացման շարունակությունը. Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է. «Կներեք տաֆտալոգիայի համար, բայց ես զարմանում եմ, որ դուք շարունակում եք զարմանալ Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության, անկախության, ինքնիշխանության հանձնմանը թուրք-ադրբեջանական շահերից բխող փաստաթղթային ամրագրման հերթական ակտից:

Այս անգամ Հայաստանի հերթական ստորացման գործընթացն ընթացավ Հայաստանի «եվրոպացի բարեկամների» ծափահարությունների ներքո։

Փաստորեն Հայաստանի Հանրապետությունն իր ստորագրությամբ հերթական անգամ ամրագրեց Թուրքիայի չորս հիմնական պահանջներից երկուսը բավարարելու իր պատրաստակամությունը, այն է․

1․ Հայկական իշխանությունը հերթական անգամ թքեց հայկական պետական ու ազգային շահերի վրա և փաստացի լեգիտիմացրեց Արցախի ոչնչացումը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից:

2․ Հայաստանը հերթական անգամ վերահաստատեց իր պատրաստակամությունը հանձնել Հայաստանի Հանրապետության ռազմավարական տարածքները (Տավուշի, Արարատի, Սյունիքի մարզերի մասերը) Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման քողի տակ՝ ըստ ԽՍՀՄ ժամանակների վարչատարածքային բաժանման: Սա փաստ է և բոլոր հակառակ պնդումներն անտրամաբանական են)։

Աբսո՞ւրդ

Դավաճանությո՞ւն

Անգրագիտությո՞ւն

Թուրքիայի և Ադրբեջանի շահերի գիտակցված սպասարկո՞ւմ

Չգիտեմ…Ամեն ինչ հնարավոր է։

Ամենազզվելին և գարշելին այն է, որ, ըստ էության, մենք ականատես եղանք Գրանադայում հակահայկական քաղաքական դիմակահանդեսի՝ եվրոպացի հումանիստների իբր հայամետ դիրքորոշման ներքո:

Զզվելի է, որ Հայաստանը քաղաքական առումով և որպես էթնո-քաղաքական միավոր, եվրոպացիների առջև հայտնվեց խղճուկ, տկար, նվաստացած աշխարհաքաղաքական «որբի» կերպարով։

Ի դեպ, մինչ հայկական իշխանությունը հերթական անգամ սպասարկում էր թուրքերի և ադրբեջանցիների շահերը, իբր հայասեր Եվրոպան հերթական անգամ պաշտոնապես հրաժարվեց պատժամիջոցներ կիրառել Ալիևի սադիստական ռեժիմի դեմ:

Դա իրական ցուցիչ է, թե իրականում ինչ է կատարվում, այլ ոչ թե այն, ինչով մեզ կերակրում են իշխանամետ լրատվամիջոցները։

Եվ ի դեպ, նույնիսկ սա վերջը չէ, այլ ընդամենը Հայաստանի Հանրապետության կամավոր ինքնաոչնչացման շարունակությունը»:

Տեսանյութեր

Լրահոս