Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին հեռուստաուղերձում պնդել է, որ Ռուսաստանն «ԱՄՆ-ի այն հակառակորդների» թվում է, որոնք, ենթադրաբար, հնարավորություն ունեն ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա: Հեռուստաուղերձի տեսանյութը տարածել է Fox 13-ը:
Թրամփը գաղտնազերծել է հետախուզական տվյալներ, որոնք, նրա խոսքով, վկայում են, որ երկրի ընտրական համակարգերը «ծայրահեղ աստիճանի ենթակա են հարձակումների ռիսկի»:
«Ինչպես ասվում է գնահատումներից մեկում, մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգների հակառակորդները, որոնց թվում են առնվազն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան, ինչպես նաև ոչ պետական խմբավորումներ, հնարավորություն ունեն ազդելու ամերիկյան ընտրական ենթակառուցվածքի վրա», – պնդել է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Իր ուղերձում Թրամփը նաև հայտարարել է, որ ըստ հետախուզական տվյալների՝ Չինաստանը փորձել է 2018 թվականին ազդել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների, իսկ 2020 թվականին՝ նախագահական ընտրությունների վրա։

