Թրամփը կմասնակցի Աշխարհի առաջնության եզրափակիչին
Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի կմասնակցի Իսպանիայի և գործող աշխարհի չեմպիոն Արգենտինայի միջև կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ նախագահը ուրբաթ օրը կլինի Նյու Յորքում՝ Մանհեթենում գտնվող Trump Tower-ում կայանալիք ՖԻՖԱ-ի ընդունելությանը մասնակցելու համար, իսկ կիրակի կմասնակցի MetLife մարզադաշտում կայանալիք եզրափակիչ հանդիպմանը։
Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտնել էր, որ նախագահ Թրամփի հետ միասին կհանձնեն գավաթը հաղթող թիմին։
«Մենք նախագահի հետ միասին ներկա կլինենք եզրափակիչ հանդիպմանը, կվայելենք խաղը և, իհարկե, կհանձնենք գավաթը հաղթողին», – հունիսի 23-ին Fox & Friends հաղորդման ընթացքում ասել էր Ինֆանտինոն։
Ոչ Թրամփը, ոչ էլ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մինչ այժմ չեն մասնակցել այս աշխարհի առաջնության անցկացված 102 հանդիպումներից որևէ մեկին, որը համատեղ հյուրընկալում են Միացյալ Նահանգները, Կանադան և Մեքսիկան։
Կառավարության կաբինետի անդամները ներկա են եղել ԱՄՆ տղամարդկանց ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպումներին, որոնք անցկացվել են Կալիֆոռնիայում և Սիեթլում։
Սպիտակ տան խոսնակը նշել է, որ նախագահ Թրամփի մասնակցությամբ կեզրափակվի «Ամերիկայի պատմության մեջ ամենադիտված, ամենաապահով և ամենահաջողված Աշխարհի առաջնությունը»:
Առաջիկա կիրակի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի և Իսպանիայի հավքականների հանդիպումը կդառնա երկրորդը՝ մրցաշարի պատմության մեջ։

