Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները

ԱՄՆ-ն արդեն վեցերորդ գիշերը շարունակ հարվածներ է հասցրել Իրանին։ Երկրում կան զոհեր։ Հարվածների տակ են հայտնվել քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան օբյեկտները։

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ հարվածների նպատակն էր «էլ ավելի նվազեցնել Իրանի ռազմական կարողությունները» և պատասխանատվության ենթարկել Իրանին «առևտրային նավագնացության վրա վերջին հարձակումների համար»։

Ըստ X-ում տարածված հաղորդագրության՝ հարվածի են ենթարկվել տասնյակ թիրախներ, այդ թվում՝ ափամերձ հսկողության և հակաօդային պաշտպանության կայանքներ, ռազմական լոգիստիկայի ենթակառուցվածքներ և ծովային կարողություններ։

CENTCOM-ը հիշեցրել է, որ Մերձավոր Արևելքում է գտնվում ամերիկացի ավելի քան 50 000 զինծառայող։

Միևնույն ժամանակ շարունակվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակումը։ Հրամանատարությունը հայտնել է, որ ԱՄՆ ուժերը վերաուղղորդել են 3 առևտրային նավ, որոնք փորձել են ճեղքել շրջափակումը, հարվածել են 1 նավի, որը չի հետևել հրահանգներին, և բարձրացել են 1 նավի տախտակամած։ CENTCOM-ը շեշտել է, որ Հորմուզի նեղուցը բաց է մյուս նավերի համար։

Իրանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ-ն հարվածել է քաղաքացիական ենթակառուցվածքների։ Նշվում է, որ թիրախավորվել է երկրի հարավ-արևելքում գտնվող Իրանշահրի օդանավակայանը, Բանդար Խամիրում գտնվող երկաթուղային մեկ կայարան, ինչպես նաև հինգ կամուրջ։ Ըստ IRNA գործակալության՝ երկրում ամերիկյան հարվածներից 7 մարդ է զոհվել։

Ամերիկյան հրթիռները նաև հարվածել են Ղեշմ կղզու մերձակայքին և Բանդար Աբբասին։

Իրանն իր հերթին հայտարարել է, որ թիրախավորել է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքները։ Օմանում հարվածի է ենթարկվել ամերիկյան ռադարային երկու կայանք։ Հորդանանն իր հերթին հայտնել է իրանական երեք հրթիռ խոցելու մասին։ Կատարը ևս նշել է, որ կանխել է հրթիռային հարձակումը։ Դոհայում AFP գործակալության թղթակիցները հայտնել են մի քանի պայթյուն լսելու մասին։ Ըստ Reuters գործակալության՝ Կատարի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մեկ երեխա բեկորային վնասվածք է ստացել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031