Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլն առաջարկել է ստեղծել ԵՄ առաքելություն՝ Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի դուրսբերումից հետո դրանք փոխարինելու համար։ Այս մասին նա ասել է RND խմբագրական միավորման հետ հարցազրույցում։
«Մենք ԵՄ-ում պետք է ուսումնասիրենք՝ արդյոք չենք կարող Ժամանակավոր ուժերի մանդատի ժամկետը լրանալուց հետո եվրոպական մանդատի շրջանակներում հոգ տանել, որ չառաջանա անվտանգության վակուում», – ասել է նախարարը:
Վադեֆուլը նշել է, որ ԵՄ առաքելությունն Իսրայելին թույլ կտա դուրս բերել իր ուժերը Լիբանանից՝ առանց վախենալու, որ «Հեզբոլլահ» շարժումը կվերադառնա։
Վադեֆուլը կարծում է, որ Լիբանանում ստեղծված իրադրությունը թույլ է տալիս իրադարձությունների դրական զարգացման հույս ունենալ։
«Մենք՝ եվրոպացիներս, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այդ գործընթացը շարունակվի դրական ուղղությամբ», – հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։
Լիբանանում խաղաղապահ առաքելությունն ստեղծվել է 1978 թվականին երկիր Իսրայելի ներխուժումից հետո՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին համապատասխան։ Դրա մանդատը երկարաձգվում է յուրաքանչյուր կես տարին մեկ։ 2025 թ. օգոստոսի վերջին Ժամանակավոր ուժերի մանդատի գործողության ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ՝ մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը. որոշվել է սկսել Լիբանանի հարավում այդ ուժերի թվաքանակի կանոնավոր և անվտանգ կրճատում և դուրսբերում մինչև 2027 թվականը։ Այժմ խաղաղապահ զորակազմի թվաքանակը գերազանցում է 8000-ը։ Դրա կազմում են զինծառայողներ 47 երկրից:

