Կոնյակ արտադրողները հույս ունեն, որ պետությունն իրենց կաջակցի` կրած վնասները կարգավորելու հարցում
Դեպի Ռուսաստան հայկական կոնյակի արտահանման հետ կապված խնդիրները քաղաքական ենթատեքստ չունեն, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց Հայկական կոնյակ արտադրողների համակարգող Մարինա Առաքելյանը։
Կոնյակ տեղափոխող բոլոր բեռնատարները Լարսում կանգնեցնում են, արտադրանքից լաբորատոր փորձաքննության ուղարկում, որը 28-60 օր է տևում։ Որևէ արտադրող երաշխիք չունի` իր արտադրանքը փորձաքննությունը կանցնի, թույլ կտան Ռուսաստան հասնել, թե ոչ։
Այս մասին նախազգուշացում եղել էր Ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայության (Ռոսալկոհոլկարգավորում) կողմից, որ խստացումներ են լինելու որակի, սերտիֆիկացման հարցում, բայց մենք` արտադրողներս, մի տեսակ մատների արանքով նայեցինք, նշեց Առաքելյանը։
Հայկական կոնյակի արտահանման մոտավորապես 95 տոկոսը հենց Ռուսաստանին է բաժին ընկնում, որտեղ հայկական կոնյակը ճանաչում ու խմում են 1902 թվականից սկսած։