Հայաստանի առողջապահական հաստատություններում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 345 անձ
ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 4-ի ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանի տարբեր առողջապահական հաստատություններում շարունակում է բուժում ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 345 բուժառու: Նրանք Հայաստան են տեղափոխվել օդային և ցամաքային ճանապարհներով:
Այս մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Նրանցից 102-ի վիճակը ծանր է, իսկ 37-ինը՝ ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում ինը երեխա կա»,-շեշտեց նա:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: