«Մեկ հոգի է եղել, որ չի ցանկացել դուրս գալ՝ ապրել-մեռնելը նախընտրում էր իր հողում, բայց հանեցինք. հույս ունենք, որ կվերադառնանք Արցախ». Կիչանի գյուղապետ

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 100 հազարից ավելի բնակիչներ հիմա էլ շարունակում են Հայաստանում հաղթահարել տարբեր խնդիրներ, առաջին հերթին՝ ժամանակավոր կացարան գտնել։ Նրանցից շատերը բազմազավակ ընտանիքներ են, առանց աշխատանքի ու առաջին անհրաժեշտության իրերի՝ նրանք մազապուրծ փրկվել են Ադրբեջանի ցեղասպանությունից։

2020 թվականի պատերազմից հետո Մարտակերտի շրջանի Կիչան գյուղից տեղահանված  բնակիչները նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին հայտարարությունից հետո սկսեցին վերադառնալ հայրենի գյուղ, վերանորոգել թշնամու  ավերած տները, հող մշակել ու ապրել։ Բնակիչների համար գյուղում ապրելու ու հող մշակելու առաջին օրինակը դարձավ գյուղապետը՝ Արտո Հակոբյանը։ Հատկապես շրջափակման պայմաններում նա մի քանի հեկտար հող էր մշակում ու  կոչ էր անում բոլորին անմշակ չթողնել մեկ մետր հող։

Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ և էթնիկ զտում սկսեց, Արտո Հակոբյանը և գյուղի բնակիչները փորձեցին պայքարել ագրեսիայի դեմ, մեկ օր հետո եղավ հրադադար, և բնակիչներին ցեղասպանությունից փրկելու համար գյուղապետը բոլորին տեղափոխեց Ստեփանակերտ, բայց դրանից հետո էլ բռնեցին դեպի Հայաստան գաղթի ճանապարհը, որը հաղթահարեցին ու տեղ հասան  մի քանի օրերի ընթացքում։

168.am-ի հետ զրույցում Արտո Հակոբյանն ասաց, որ գյուղում գերեվարված կամ անհետ կորած անձինք չկան, զինվորականների շրջանում ունեցել են երկու զոհ՝ նրանց հողին կհանձնեն վաղը։

Կարդացեք նաև

«Իմ գյուղի բնակիչները սփռված են ամբողջ Հայաստանով մեկ՝ Գորիսից  մինչև Շիրակի մարզ։ Մեկը տեղավորվել է բարեկամի տանը, մյուսը՝ ծանոթի, մեկը՝ ժամանակավոր կացարանում։ Ինքս հիմա Արարատի մարզում եմ, 5 ընտանիքով մեկ տան մեջ ենք ապրում, հավանաբար ես իմ ընտանիքով կտեղափոխվեմ Երևան, այստեղ մի տան մեջ հնարավոր չէ 5 ընտանիքով ապրել։ Գյուղից ընդամենը երկու ընտանիք կա, որոնց հետ դեռևս չեմ կարողանում կապ հաստատել, բայց գիտեմ, որ Հայաստան են տեղափոխվել»,- նշեց Արտո Հակոբյանը։

Նրա փոխանցմամբ՝ իր մշակած հողից չի հասցրել որևէ բերք հավաքել, կարտոֆիլը հողի մեջ թողած՝ գյուղից դուրս է եկել։

«Մեկ հոգի է եղել, որ չի ուզեցել դուրս գալ, ապրել-մեռնելը նախընտրում էր իր հողում, սակայն փրկարարներ ուղարկեցինք, հանեցին, որպեսզի ադրբեջանցիները չմտնեին ու չսպանեին։

Ինքներս որևէ բան չենք հասցրել վերցնել, մեր վրայի շորերով գյուղից դուրս ենք եկել։

Հիմա մենք հույս ունենք, որ կվերադառնանք Արցախ, հասկանո՞ւմ եք, որովհետև մեկ-երկու հոգի չենք, որ մնանք՝ 120 հազար բնակիչ ենք»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Զրույցի վերջում Արտո Հակոբյանն ասաց, որ Հայաստանում չի կարող դեռևս իր հեռախոսահամարը փոխել, քանի որ գյուղի ամբողջ բնակչությունը միայն այդ հեռախոսահամարը գիտի, այն կպահի այնքան, մինչև վստահ չլինի, որ բոլորը տեղավորված են և իրենց գլխին տանիք ունեն։

Տեսանյութեր

Լրահոս